Աթեշյանն անտեսել է եկեղեցական գլխավոր խորհրդի կամքը

Ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հանրությանն է ներկայացրել ապրիլի 6-ին Արամ Աթեշյանի կողմից իրեն տրված նամակը։

Բեքչյանն անդրադարձել է նաև ապրիլի 5-ին իրեն ներկայացված արձանագրությանը, նշելով որ փորձել են իրեն ստիպել ստորագրել այդ արձանագրությունը, որն անտեսում է եկեղեցական գլխավոր խորհրդի կամքը։

Բեքչյանը զարգացումների մասին հայտարարությամբ է հանդես եկել․

Ստամբուլի հայկական լրատվամիջոցների և հայկական համայքնի ուշադրությանը՝

Ինչպես արդեն գիտեք՝ 2017թ․ ապրիլի 3-ին Պոլսո հայոց պատրիարքարանում խորհրդակցություն ենք ունեցել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգեբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի և մասամբ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի մասանակցությամբ։ 

Խորհրդակցության ժամանակ պատրիարքական տեղապահին առնչվող հարցեր են քննարկվել։ Արամ արքեպիսկոպոսը բանավոր կերպով ներկայացրել է իր տեսակետներն ու համոզմունքները։ Վերոնշյալ անձանց ներկայությամբ նրան խնդրել եմ իր տեսակետները ներկայացնել գրավոր տեսքով։ Նշված գրությունը պատրաստելու համար երկու օր է խնդրել։

Երկու օր անց ինձ զանգահարել են Սուրբ Փրկիչ հիվանդանոցից։ Արամ արքեպիսկոպոսն ինձ հրավիրում էր հիվանդանոց՝ անաշխատունակ ճանաչված Մեսրոպ Բ Մութաֆյանի համար միասին աղոթելու և մեր միասնությունը վկայող համատեղ լուսանկար անելու։ Սակայն տարատեսակ աղբյուրներից տեղեկություններ ստացա, որ Արամ արքեպիսկոպոսն արձանագրություն է կազմել, հրավիրել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որպեսզի ստորագրենք իր կողմից կազմված արձանագրությունները։ Այսինքն՝ ինձ հիվանդանոց հրավիրելու պատրվակն ու իրական նպատակը շատ տարբեր էին։ Թող ընթերցողները որոշե՛ն՝ ինչ բառերով պետք է նկարագրել այս քայլը։

Արամ արքեպիսկոպոսը, ստեղծված իրավիճակի մասին իր տեսակետներն ու մոտեցումներն ընդգրկող գրություն ներկայացնելու փոխարեն, ցանկանում էր ինձ ստիպել ստորագրել իր կողմից կազմված արձանագրությունը, որը անտեսում էր եկեղեցական գլխավոր խորհրդի կամքն ու որոշումները։ Այդ արձանագրությունը ճանաչում էր պատրիարքական տեղապահի ընտրությունների անցկացումը, սակայն ոտնահարում էր տեղապահի բոլոր իրավունքները և փորձ էր՝ օրինականացնելու պատրիարքական գլխավոր փոխանորդի պաշտոնից չհրաժարվելու իր ջանքերը։

Հարգանքներով, աղոթքներով՝

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան

Թուրքիայի հայոց պատրիարքական տեղապահ

Բեքչյանը հետևյալ հայտարարության հետ մեկտեղ հանրությանն է ներկայացրել վերոնշյալ արձանագրության տեքստը։