Հանրաքվեից հետո Թուրքիայում բողոքի ցույցերը շարունակվում են

Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում և Էսքիշեհիրում բողոքի ցույցերը շարունակվում են։

Թուրքիայի մի շարք քաղաքներում բռնկված բողոքի ցույցերի մասնակիցները պնդում են, որ անցկացված հանրաքվեի ընթացքում մի շարք խախտունմներ են տեղի ունեցել։ Բողոքի ցույցեր են իրականացվել Ստամբուլի Քադըքյոյ, Բեշիքթաշ, Քարթալ, Ավջըլար, Էսենյուրթ և Բաքըրքյոյ թաղամասերում։ Քադըքյոյ թաղամասում հավաքվածները «Ո՛չ, մենք ենք հաղթելու» պաստառներով քայլել են դեպի Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի շենք։

Բերման ենթարկվածներ՝ Անթալիայում և Իզմիրում

Անթալիայում իրականացված բողոքի ցույցերին ոստիկանական միջամտություն է տեղի ունեցել, ցույցի որոշ մասնակիցներ բերման են ենթարկվել։ «Երիտասարդական ընդդիմություն»-ը հայտնում է, որ 15 հոգի է բերման ենթարկվել։ Իզմիրի Բորնովայում տեղի ունեցած ցույցերի ընթացում մեծ թվով ուսանողներ են բերման ենթարկվել։ Անկարայում Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի՝ ODTÜ-ի ուսանողները «Բռնապետին չենք հանձնվելու» սլոգաններով բողոքի երթ են իրականացրել։