dzovinarlok@gmail.com
Սեպտեմբերի 8-ին Մոսկուայի Քրեմլում կայացաւ պատմական հանդիպում, որի մասին շատ կը խօսեն, կը գրեն, կը քննարկեն, վերծանելով ամէն արտասանած բառը… Չար ուժերը շատ կը նեղուեն, բայց աշխարհասփիւռ հայ ազգը կը ցնծուի։ Պատմութեան մէջ առաջին անգամ հայը խօսեց ռուսի հետ արժանապատուօրէն։ Յամենայդէպս ես, ով ծնուել է մի երկրում, որը մտնում էր Սովետական Միութեան կազմի մէջ, իսկ իրականում Ռուսաստանի կայսրութեան, երբեւէ չեմ տեսել հայ ղեկավարի, ով չի խոնարհուել Մեծ Եղբօր առջեւ։ Յատկապէս ամօթ ու զզուանք էի ապրում, իսկ ազգային արժանապատուութիւնս ոտնահարւում էր, երբ տեսնում էի վերջին երկու նախագահների՝ Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի վարքագիծը՝ Փութինի հետ հանդիպման ժամանակ։ Համացանցում բազմաթիւ լուսանկարներ յաւերժացրել են այդ խայտառակութիւնը. Փութինի արհամարհանքը եւ այդ երկու նախագահների (եւ ոչ միայն նրանց, այլ բոլոր բարձրաստիճան հայ պաշտօնեաների) քծնանքը եւ ներքեւից վերեւ նայելը, կարծես, Աստծոյ հետ են առընչւում։ Չեմ մոռանայ Քոչարեանի հրճուանքն ու ծիծաղը 1999-ի Հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում ահաբեկչութեան ութ զոհերի յուղարկաւորութեան ատեն. օփերային թատրոնի դահլիճում սգո արարողութիւն էր ընդանում, իսկ երկրի նախագահը չէր կարող զսպել իր հրճուանքը, որովհետեւ… նրա կողքին կանգնած էր Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինը, ով ժամանել էր ցաւակցութեան համար։
Ստորեւ ներկայացնում եմ Վլատիմիր Փութինի ողջոյնի խօսքից մի հատուած եւ Նիկոլ Փաշինեանի ամբողջական խօսքը.
Փութին.
«Յարգելի Նիկոլ Վլատիմիրովիչ, շատ ուրախ եմ ձեզ տեսնել։ Երեւի հարկ չկայ մանրանալ մեր յարաբերութիւնների բնոյթի վերաբերեալ։ Դրանք շատ իւրայատուկ են, սպեցիֆիկ, եւ դա արտայայտւում էր դարերի ընթացքում… Այժմ յարաբերութիւնները զարգանում են առաջընթաց կերպով, բոլոր ուղղութիւններով, եւ դա վերաբերւում է բոլոր ոլորտներին. տնտեսական համագործակցութեան, անվտանգութեան հարցերին։ Ռուսաստանը ամենամեծ ներդրողն է հայկական տնտեսութեան մէջ… Մի խօսքով, մենք շատ բան ունենք խօսելու միամեանց հետ։ Չափազանց գոհացնում է, որ ապրանքաշրջանառութիւնը անցեալ տարի աճեց 30%-ով»։
Այսպէս խօսում էր Փութինը, ինչպէս դասը հազիւ սովորած դպրոցական, չիմանալով ինչ անել ձեռքերի հետ, հայեացքը ուր ուղղել…Նրա առջեւ նստած էր փոքր երկրի նոր ղեկավարը, որը Փութինի քծնողներին գահընկէց էր արել ժողովրդի ընդվզման արդիւնքում եւ հիմա նստել էր իր առջեւ հպարտ եւ արժանապատիւ կեցուածքով, եւ եթէ Փութինը միայն շուրթերով էր ժպտում, ապա Փաշինեանի ժպիտը լիակատար էր։ Ներսից էր գալիս։ Դա արժանապատուութեան դրսեւորման բերկրանքն էր։
Նիկոլ Փաշինեանի խօսքն ամբողջովին.
«Յարգելի Վլատիմիր Վլատիմիրովիչ։ Նախ թոյլ տուէք շնորհաւորել Ձեզ Մոսկուայի օրուայ առթիւ։ Ես ուրախ եմ, որ յայտնուեցի Մոսկուայում այս մթնոլորտում։ Ես ուրախ եմ մեր հերթական հանդիպմանը, իմիջիայլոց՝ երրորդը այս չորս ամսուայ ընթացքում։ Կարծում եմ, որ նման կանոնաւորութիւնը ընդգծում է յարաբերութիւնների յատուկ բնոյթը մեր երկրների միջեւ։ Մեր անձնական յարաբերութիւնների յատուկ բնոյթը։ Ուզում եմ շեշտել, որ հակառակ որոշ յոռետեսութեան, որն առկայ է հայկական եւ ռուսական մամուլում, ինչպէս նաեւ համացանցում, կարծում եմ, որ մեր յարաբերութիւնները զարգանում են չափազանց դինամիկ, չափազանց բնական կերպով։ Գլխաւոր խնդիրը, որ մենք պիտի լուծենք դա բացել մեր յարաբերութիւնների զարգացման ողջ ներուժը։ Դա չի նշանակում, որ մեր յարաբերութիւններում չկան խնդիրներ, Աստուած չանի, որ ունենանք իրավիճակ, երբ յարաբերութիւններում խնդիր չլինի։ Դա կը նշանակէր, որ ընդհանրապէս չկան որեւէ յարաբերութիւններ։ Կարող եմ վստահաբար ասել, որ մեր յարաբերութիւններում չկան անլուծելի հարցեր, եւ մենք այսօր ի հարկէ կը քննարկենք հարցերի շատ լայն շրջանակ։ Եւ ես համոզուած եմ, որ այդ հարցերը լուծելու ենք, հենուելով մեր գործընկերային յարաբերութիւնների շահերի վրայ, յարգելով մեր երկրների շահերը, յարգելով մեր երկրների ինքնիշխանութիւնը եւ միմեանց ներքին գործերի մէջ չխառնուելու սկզբունքը։ Գոհ եմ, որ ամէն անգամ Ռուսաստանի ներկայացուցիչները՝ խօսելով մեր յարաբերութիւնների մասին, ընդգծում են այս սկզբունքային դրոյթները։ Ի հարկէ, մեր յարաբերութիւնները փայլուն են։ Սակայն կարծում եմ, որ պէտք չէ կանգ առնել դրա վրայ։ Մենք մեծ հնարաւորութիւններ ունենք եւ քաղաքական առումով, եւ տնտեսական, եւ ռազմա-տեխնիկական, մշակութային կապերի ամրապնդման։ Ի նկատի ունեմ ոչ միայն երկը կողմանի յարաբերութիւնները, այլ նաեւ Եւրասիական Տնտեսական Միութեան շրջանակներում, ինչպէս նաեւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւն)։ Այս տարի մեր ապրանքաշրջանառութիւնը աճել է 20%-ով եւ դա լաւ լուր է։ Այո, լաւ լուրեր կարող ենք արձանագրել մեր յարաբերութիւնների մէջ, բայց պէտք է աւելի դինամիկ կերպով առաջ գնանք։ Կրկնեմ, որ գոհ եմ մեր հանդիպումից եւ համոզուած եմ, որ մենք կը պահպանենք այս կանոնաւորութիւնը, որովհետեւ ինձ հաճելի է շփուել ոչ միայն միջպետական մակարդակով, այլ անձնական, որի ընթացքում մենք կ՚ ունենանք հաճելի զրոյց»։
Որպէս վերջաբան
Ազգը յարատեւում է ո՛չ քանակութեան շնորհիւ, ո՛չ բնական պաշարների, ո՛չ էլ միջուկային զէնքի, այլ արժանապատւութեան։ Ես յաճախ խորհել եմ, ինչո՞ւ Ռուսաստանում չկան (գուցէ եւ կան, բայց ճանաչուած չեն) Հրանդ Տինքի եւ Կարօ Փայլանի նման արժանապատիւ հայեր։ Գուցէ պատճառը նրանում է, որ մալաթիացի Հրանդն ու Կարօն միշտ ոտքի տակ ունեցել են իրենց հարազատ վեց հազար տարուայ հողը… Ահա մօտեցաւ Սեպտեմբերի 15-ը եւ ես չեմ կարող զրկել ինձ հաճոյքից ուղերձ յղել յաւերժութեանը. «Ծնունդդ շնորհաւոր, Հրանդ»։