ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
oksana.karapetian@gmail.com
«Խաչ, վերմակը առ, ներս փախիր», - այսպէս էին պատկերում քեսապցիները Սրբխեչը, որը ժողովրդի սրտերում աշնանամուտը ազդարարող տօն էր։ Մուշում արձագանգում էին. «Աստուածածնայ՝ բակը մտիր, Սըբ խաչին՝ ծակը մտիր»։
Սըբ խաչը, Սրբխեչը, Սուրբ խաչը կամ Խաչվերաց տօնը Հայ Եկեղեցու հինգ տաղաւար տօներէն է։ Ընդհանրապէս՝ մեր եկեղեցին ունի խաչին նուիրուած չորս տօն՝ Սուրբ Խաչի երեւման, Խաչվերաց, Վարագայ Ս. Խաչի, Ս. Խաչի գիւտ։ Սրանք բոլորն ալ նուիրուած են Քրիստոսի խաչափայտի «ապրած պատմութեանը»։ Չորս տօներէն երեքը նշում են քրիստոնեայ բոլոր եկեղեցիները, իսկ Վարագայ Ս. Խաչի տօնը՝ միայն Հայ Եկեղեցին։
Մենք արդէն առիթ ունեցած ենք նախորդ տարուայ մեր գրութիւններում խօսել եկեղեցական աւանդութեան մասին։ Ուստի այս անգամ միայն մի փոքր խօսենք բուն Խաչվերացի մասին, ապա՝ ժողովրդի կողմից այն նշելու պարագաների։
Եկեղեցին տօնը նշում է Սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատուածում հանդիպող կիրակի օրը, այսինքն՝ այս տարի գալ կիրակի՝ Սեպտեմբերի 16-ին։
Սուրբ Խաչի գիւտից յետոյ Հեղինէ թագուհին Գողգոթայի վրայ կառուցել է տալիս Ս. Յարութիւն տաճարը եւ խաչը պահ տալիս տաճարին։ Կարգ է սահմանւում՝ ամէն տարի Սեպտեմբերի 14-ին նշել Խաչի տօնը։ Քահանայապետը՝ Յակոբոս Տեառնեղբօր օրինակով վեր կը բարձրացնէր խաչափայտը՝ ժողովրդի պահպանութեան համար, այդու տօնը կոչւում է Խաչվերաց։
Այնուհետեւ 7-րդ դարի սկզբին Ս. Խաչը գերեվարւում է պարսիկների կողմից, ապա Հերակլ կայսրի օրօք այն «ազատագրուում» է եւ Հայաստանի միջով, հայոց Կարին քաղաքով, Կարնոյ դաշտով, ապա՝ Կ.Պոլսով վերադարձւում է Երուսաղէմ։ Ճանապարհին Ս. Խաչը ամենուր կանգնեցւում էր եւ ցնծութիւն առաջացնում։ Այդպէս վերջնականօրէն ամրագրուում է Խաչվերացի տօնը։
Ըստ ժողովրդական աւանդութեան՝ Խաչափայտը Հայաստանով անցնելու ժամանակ պարսիկները փորձում են այն նորէն խլել։ Սակայն հայերը խոչընդոտում են նրանց։ Թողնելով Ս. Խաչը Կարնոյ դաշտի հարաւարեւելեան լեռներում, նրանք կռիւ են տալիս պարսիկների հետ եւ ետ մղում նրանց։
Յետ գալով՝ հայերը տեսնում են որ Խաչի տեղը սառնորակ աղբիւր է բխում. այդ լեռը անուանում են Խաչափայտ, իսկ աղբիւրը մեծ ուխտատեղի է դառնում։ Լերան ստորոտին կառուցւում է Խաչկայ վանքը, որը նոյն պէս մեծ ուխտատեղի էր Խաչվերացի տօնին։
Ընդհանրապէս Խաչվերացի տօնին ուխտի գնալը պարտադիր բան էր։ Գնում էին ամէն ուխտատեղի, շէն վանք, Թուխ մանուկ, Խաչաղբիւր եւ Խաչաձոր, երգում գովաբանում էին ուխտատեղին։
Մուշում ուխտի էին գնում Հիւղի գիւղի մօտ գտնուող վանքը. վանքի մօտ մատուռ կար, որ ասում են՝ ամէն տարի Խաչվերացի տօնին կանաչում էր։
Յաջորդ օրը, իսկ որոշ վայրերում մինչ այդ, մեռելոց էր, բայց ի տարբերութիւն միւսների, սուգ ու վիշտ չկար։ Հէնց գերեզմանների կողքին բացում էին սուփրա-սեղանները եւ նշում տօնը։ Այստեղ բերուած մրգերը «նան ու տրի» էին կոչւում։
Սրբխեչի իւրայատուկ ուտեստներից էր ուլի միսն ու ձաւարեղէնը։ Ուլը մորթում էին, կախում թոնրից, թոնրի ներքեւը ձաւարով լի կաթսայ դնում եւ ողջ գիշեր փակ թոնիրի մէջ ուլը խորուում էր, ճարպը հոսում մարմանդ կրակի վրայ դրուած ձաւարի մէջ։ Սրան «խռով ընել» էին ասում, իսկ ստացուած ուտելիքը՝ «քաշկակ», որմէ անպայման մեռելափայ էին տանում իրենց ննջեցեալներին։
Այդ օրը այնքան ուլ էին մորթում, որ Խաչվերացը կոչւում էր Ուլնոց, իսկ Շիրակում՝ «ուլան ղռան (կոտորած)», նաեւ թուրքերէն՝ «օղլաղ ղռան», որը հնչիւնափոխւում էր «օղլան ղռան»-ի, այսինքն «տղաների կոտորած»։
Խաչվերացին մարդիկ սիրում էին խաչ պատրաստել եւ այն զարդարել երփներանգ ծաղիկներով եւ կանաչիներով, որոնց մէջ անպայման ներկայ էր ռեհանը, յատկապէս Մարաշի անուշահոտ կանաչ ռեհանը։ Կանայք այս արարողութիւնը «ըռահեն ուրշնիլ» (ռեհան օրհնել) էին անուանում։
Ապա խաչը տարւում էր եկեղեցի եւ տեառնագրում աշխարհի չորս կողմերը։ Հաւատում էին, որ խաչի չորս կողմերը աշխարհի վրայ ներգործելու շնորհ ունէին․խաչի ներքեւի պատուանդանը աւերում է դժոխքը, վերեւի գլուխը դրախտի դուռն է բացում, աջ թեւը մարդկային ցեղին շնորհներ է բաշխում, ձախ թեւը սաստում եւ պատուհասում է դեւերին։