dzovinarlok@gmail.com
Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցաւ յեղափոխութիւնից յետոյ ամենակարեւոր հայաստանեան իրադարձութիւնը, որն էր Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնները։ Երբ Ապրիլի 23-ին Սերժ Սարգսեանը հրաժարական տուեց, պատճառաբանելով, որ նա սխալ էր, իսկ Նիկոլ Փաշինեանը՝ ճիշդ, ապա ժողովրդի ուսերին դեռեւս ծանրացած մնաց Ազգային Ժողուում մեծամասնութիւն կազմող ապազգային հանրապետական կուսակցութիւնը եւ քաղաքապետարանում մեծամասնութիւն կազմող հանրապետականները իրենց գլխաւորող քաղաքապետ Տարօն Մարգարեանի հետ հանդերձ։ Նա ոչ մի կերպ չէր ուզում հեռանալ, բայց երբ համացանցում յայտնուեց նրա ունեցուածքի մասին պատրաստած չափազանց տպաւորիչ նիւթը, նա յանձնուեց եւ Յուլիսի 9-ին տուեց հրաժարական։ Եւ ահա մինչեւ Սեպտեմբերի 23-ը ձեւաւորուեցին նոր դաշինքներ, որոնք հին եւ նոր կուսակցութիւնների հետ մէկտեղ մասնակցեցին արտահերթ ընտրութիւններին։ 848,343 ընտրողներից մասնակցեց 370,323 մարդ, այսինքն երեւանցիների 43,65%-ը։ Թեկնածուների թիւը կազմում էր 979 (երեք անգամ աւել նախորդ՝ 2017 թիւի ընտրութիւնների համեմատ), որոնք յաւակնում էին Երեւանի աւագանու 65 տեղի համար։ Ահա ընտրութիւնների արդիւնքները.
1.«Բարգավաճ Հայաստան» կուսակցութիւն 25,219 – 6,95%
2. «Երեւանի հանրութիւն» կուսակցութիւնների դաշինք 2,502 - 0,69%
3. «Երեւանցիներ» կուսակցութիւնների դաշինք 2,985 – 0,82%
4. «Երկիր ծիրանի» կուսակցութիւն 5,059 - 1,39%
5. «Ժառանգութիւն» կուսակցութիւն 2,709 - 0,75%
6. «Ժողովրդավարական ուղի» կուսակցութիւն 799 - 0,22%
7. «Իմ քայլը» կուսակցութիւնների դաշինք 294,109 - 81,06%
8. «Լոյս» կուսակցութիւնների դաշինք 18,112 - 4,99%
9.«Հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցութիւն 799 – 0,22%
10.«Հայք» (Հայկազուններ) կուսակցութիւն 692 - 0,19%
11. «Ռեֆորմիստներ» կուսակցութիւն 792 - 0,22%
12. «Օրինաց երկիր» կուսակցութիւն 3,948- 1,09 %
Երեք քաղաքական ուժեր կը մտնեն աւագանի. «Իմ քայլը» դաշինքը, «Բարգաւաճ Հայաստան»-ը եւ «Լոյս» դաշինքը։ Նախկին աւագանու կազմում ձայներ ունեցող «Երկիր ծիրանի» կուսակցութիւնը՝ Զարուհի Փոստանջեանի գլխաւորութեամբ դուրս մնաց այս անգամ աւագանու կազմից։ Ժառանգութիւն կուսակցութիւնը ընտրել էր ժպիտը. Ընտրէք ժպիտով։ Ընտրէք սրտանց։ Երեւանի ապագան եւ բարեկեցութիւնը ձեր ձեռքերում է։
«Լոյս» դաշինքում միաւորուել էին «Լուսաւոր Հայաստան» եւ «Հանրապետութիւն» կուսակցութիւնները։ Դաշինքի ցուցակը գլխաւորեց Արտակ Զէյնալեանը։ Լինելով արդարադատութեան նախարար, նա այնուամենայնիւ յաւակնում էր քաղաքապետի պաշտօնին, ասելով, որ քաղաքապետի պաշտօնը նոյնքան, եթէ ոչ աւել պատասխանատու պաշտօն է։
Այսպիսով առաջին անգամն է այս երկար-երկար տարիների ընթացքում, որ մենք ունեցանք արդար, ոչ կեղծ ընտրութիւններ։ Սեպտեմբերի 23-ին մօտենալով մեր ընտրատարածք ես զարմացայ, որ ոչ մի տարօրինակ մարդկային կուտակումներ չտեսայ (այսպէս կոչուած թաղային հեղինակութիւնների)։ Միայն ճերմակ շապիկով ոստիկաններ էին ծառի տակ նստած կարծես հանգստեան վայրում։ Ընտրատարածքի պատին փակցուած էր մի պաստառ «Ո՛չ ընտրակաշառքին» վերտառութեամբ։ Փոքր աղջիկը աղերսում էր «Մ՛ի գողացէք իմ ապագան»։ Վերջ ընտրակեղծիքներին. այլեւս երբեք ընտրողների ցուցակում չեն ներգրաւուի բացակաները եւ մահացածները…որովհետեւ հանրապետական կուսակցութիւնը ինքը մահացաւ։
Ինչպէս երեւում է արդիւնքներից յաղթեց «Իմ քայլը դաշինքը» ձայների 81,06%-ով։ Եւ մեր նոր քաղաքապետը դառնում է Հայկ Մարութեանը։ Տարիներով մենք դիտել ենք հեռատեսիլով դերասաններ Հայկօ եւ Մկօ զոյգի զաւեշտալի մանրապատումները, «Կարգին սերիալը»։ Նոյնիսկ ազգանունը չգիտէինք, նրան ասում էինք Կարգին Հայկօ։ Սակայն քաղաքի խնդիրների հետ կապուած պայքարի ամենաթէժ դրուագներին Հայկօն իրէն դրսեւորում էր որպէս սրտացաւ երեւանցի։
Երբ որոշ մարդիկ առարկում էին, թէ դերասանը չի կարող լինել քաղաքապետ, ապա միւսները օրինակ էին բերում ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանին։ Բացի այդ Հայկօն ոչ միայն դերասան էր, նա նաեւ սցենարիտ, ռեժիսոր եւ պրոդիւսեր էր, այսինքն նա օժտուած էր ոչ միայն դերասանական տաղանդով, այլ նաեւ կազմակերպչական եւ ստեղծագործական։ Եւ շնորհիւ իր բացարձակ աշխատասիրութեան նա հասաւ այնպիսի բարեկեցութեան, որ այդ հանգամանքը մրցակիցները քարոզարշաւին օգտագործեցին նրա դէմ. »Նա ունի 5 բնակարան, 1 առանձնատուն եւ 2 հողամաս Պրահայում, թող գնա այնտեղ ապրի»։ Բայց Հայկ Մարութեանն ունի տուն նաեւ Հիւսիսային պողոտայում եւ տարիներ է ապրում իր ընտանիքով Երեւանում, թէեւ իր կինը՝ Իվան, Չեխիայից է։ Ունեն չորս զաւակներ։ Մենք վարժուած ենք տեսնել Հայաստանում կամ թալանով հարստացած բարձրաստիճան պաշտօնեաների կամ ծայրայեղ աղքատների, սակայն Հայկ Մարութեանի օրինակը խօսում է այն մասին, որ մարդ շնորհիւ տաղանդի եւ աշխատասիրութեան ընդունակ է զերոյից բրենդ ստեղծել եւ հարստանալ։ Նիկոլ Փաշինեանը ինքը սատարեց Հայկին եւ նա յաղթեց։ Ժողովուրդը ընդունեց դա որպէս իր անձնական յաղթանակը։
Առաջին անգամն էր, որ մենք իմացանք մեր իրական, այլ ոչ կեղծուած քուէների թիւերը։ Եւ ես հաւատացի, որ 2013-ի նախագահական ընտրութիւններին իրականում յաղթեց Ռաֆֆի Յովհաննիսեանը որպէս Սերժ Սարգսեանի այլընտրանք, բայց հանրապետականները գողացան ժողովրդի յաղթանակը։ Զուր չէր Ռաֆֆին օգոստոսին ասում, որ ամէն մի յաղթանակ ունի իր ժառանգութիւնը։ Ափսոս, որ իր գլխաւորած «Ժառանգութիւն» կուսակցութիւնը չմտաւ աւագանու կազմ։