dzovinarlok@gmail.com
Աշխարհը այլեւս փոխուել է։ Յամենայնդէպս մեր աշխարհը, որտեղ գլխաւոր զբաղմունքը ընթերցանութիւնն էր։ Այսօր մենք կարդում ենք ու կարդում, Աստուած գիտի, թէ ի՛նչ ենք կարդում եւ ժամանակ չենք ունենում ընթերցանութեան համար։ Գրքերն էլ տանը աւելանում ու աւելանում են…եւ օրերից մի օր ես որոշեցի վերանայել գրադարանս, խոստանալով տնեցիներին, որ եթէ գտնեմ ժամանակավրէպ մի գիրք, ապա դարակները կը թեթեւացնեմ։ Վճռականօրէն յայտարարեցի, որ ձերբազատուելու եմ այսինչ եւ այսինչ հեղինակների բազմաքանակ հատորներից, բայց երբ հասայ այդ հատորներին, ապա ձեռքս չբարձրացաւ նրանց գլխատել. ընդհակառակը, գլուխս խոնարհեցի նրանց առջեւ։ Եւ…մոռանալով ամէն ինչ՝ սկսեցի աննպատակ հանել շարքից մէկը միւսի հետեւից գրքերը եւ բացել առաջին պատահած էջը.
«-Չե՞ս սիրեր գեղեցիկ կնոջ մը երեսը նայիլ երբոր փողոցը հանդիպիս,-հարցուց ինծի։
-Երբե՛ք,- ըսի իրեն խստութեամբ»։
Գրիգոր Զոհրապի նովելներից էր։
«Կանոնադրութիւնը կազմելուց յետոյ, Կ.Պոլսի նախկին պատրիարքը, ազգի կողմից «Սահմանադրութիւն» անունը տուեց նրան, անուն, որ կազմուած է հայերէն «սահման» եւ «դրութիւն» բառերից։ Հետագայում առաջացած հայկական հարցի շնորհիւ, եւրոպական պարբերականները, հայոց լեցուին անտեղեակ, «Կոնստիտուցիա» կոչեցին այդ Կանոնադրութիւնը, մի անուն, որ անիմաստ է թէ հայ ազգի, թէ այս Կանոնադրութեան իսկ վերաբերմամբ»։
Սա էլ Միքայէլ Նալբանդեանի «Պոլսահայ լուսաւորչական համայնքը» յօդուածից էր, գրուած 1861-ին։
Գրքեր կային, որոնք ունէին ընծայագիր եւ այդ պատճառով առաւել թանկ էին ինձ համար։ Որովհետեւ տպագիր գիրքը ունի տպաքանակ, իսկ հեղինակի ձեռագիր մակագրութիւնը հասցէագրուած է միայն մի ընթերցողին եւ այդ ընթերցողը տուեալ դէպքում ես եմ։ Սա ինքնագիր չէ, որ գրողը շռայլում է իր երկրպագուներին աջ ու ձախ։ Սա ընտրութիւն է, որովհետեւ նոր ժամանակներում տպաքանակը խիստ նուազել է եւ հեղինակը արդէն ինքն է ընտրում իր ընթերցողին եւ սիրով մակագրում իր գիրքը։ Յիշում եմ, մի գրող նուիրեց ինձ իր գիրքը եւ ասաց, որ չի սիրում մակագրել, որովհետեւ ընծայագիրը սպանում է գիրքը։ Հիմա ես ափսոսում եմ, որ համաձայնուեցի նրա հետ, որովհետեւ նա կեանքից հեռացաւ եւ այս համատարած անշունչ տառերի դարում նրա ձեռագիրը հանդէս կու գար որպէս կենդանութեան վկայութիւն։ Կը կենդանացնէր գիրքը…
Վերջերս մի միջոցառման ժամանակ Սպիտակ քաղաքի «Լուսարձակ» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Ֆահրադ Ափուջանեանը նուիրեց ինձ «Ընծայագիր» անունով իր գիրքը։ Ի՛նչ հոյակապ մտայղացում՝ հաւաքել մի գրքի մէջ մտքերը, որոնք արտայայտուել են ընթերցողի հանդէպ նուիրատուութեան պահին։ Լինելով նաեւ մանկավարժ, Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր լրագրող (այդ պատուաւոր կոչումը Ափուջանեանը ստացել է 2013-ին), գրքի նախաբանում նա գրել է. «Այդ մակագրութիւնները իրենց մէջ պարունակում են գնահատանք, բնութագրում, արժեւորում, խոհափիլիսոփայական դատողութիւններ, հումոր, նուրբ երգիծանք, ընկերական շարժ եւ այլ իրավիճակներ, որոնք գոյութիւն ունեն ընծայողի եւ նուէր ստացողի միջեւ։ Այս առումով անհրաժեշտ է, որ դրանք դառնան հանրութեան սեփականութիւնը, որովհետեւ դրանք յաճախ ունենում են ուսուցողական եւ դաստիարակչական նշանակութիւն, միաժամանակ որպէս հեղինակների մտքերի կարեւոր դրսեւորումներ՝ կը փրկուեն կորստից»։ Հրատարակելով շուրջ 100-ի հասնող ընծայագրեր, Ափուջանեանը ցաւով նշում է, որ 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետեւանքով կորան Յովհաննէս Շիրազի, Համօ Սահեանի, Սիլվա Կապուտիկեանի, Վահագն Դաւթեանի եւ այլոց ընծայագրերը…
Այսպիսով թերթում եմ Ափուջանեանի գիրքը եւ մի հարուստ աշխարհ է բացւում իմ առջեւ. մեր գրողների, նրանց գրական եւ մարդկային դիմանկարների…Գիրք գրքերի եւ հեղինակների մասին՝ դիտուած բանասէրի արդար տեսանկիւնից։ Ահա ընծայագրի մի քանի օրինակ.
Լենա Անթառանեան Սիրով՝ «Ֆահրադ Ափուջանեանին Լոռուայ մաքուր աշխարհի զրնգացող արշալոյսներով…Քոյրդ՝ Լ.Անթառանեան։ 28.08.2003»
Ռաֆիկ Նահապետեան. «Սիրով նուիրում եմ հայ լրագրութեան, պետական եւ հասարակական գործունէութեան 60-ամեայ արգասաբեր ուղի անցած, հմայիչ հոգու տէր ընկերոջս, հայրենակցիս՝ Ֆահրադ Ափուջանեանին, խորին յարգանքով, հարազատական զգացումներով։15.08.2010»
Վարսիկ Բադիկեան. «Լուսարձակ» թերթի գլխաւոր խմբագիր, իսկական հային՝ Ֆահրադ Ափուջանեանին, Վարսիկ Բադիկեանից՝ մաղթանքով, որ մեր ազգի նուիրեալ զաւակների մասին գրելիս, գրէք նրանց փառաւոր գործերի մասին, բայց…ներկայով…17.06.2014»։
Անահիտ Պոստանճեան. «Ծանր ու թեթեւ եմ անում կեանքն այս, վերուդիր անում քայլերս բոլոր, այլոց քայլերն եմ յաճախ վերլուծում, ու միայն բարու, միայն լաւի, սիրոյ, հաւատի ու կամրջումի հետքերն եմ ուզում տեսնել ամէնուր։ Լաւ եղիր, Ֆահրադ ճան, մեծ է սիրտը քո ու հոգիդ շռայլ, Աստուած քեզ օգնական։ Բարեկամդ՝ Անահիտ։ 09.07.2015թ.Թիֆլիս –Սպիտակ «Ճեպընթաց»ով»։
Ուզում էի գրքերի իմ հաւաքածուն վերանայել, բայց մտայ Ֆահրադ Ափուջանեանի գրքերի աշխարհ։ Չեմ սիրում «հայրենասէր» բառը։ Ինչպէ՞ս կարող է մարդ չսիրել իր ծնած հողը, իր ծնողներին, ուրեմն անինքնասէր լինել։ Հայրենիքը սիրելու համար պարտադիր պէտք է ճանաչել այն, ճանաչել նաեւ հայրենակիցներին։ Եւ որքա՛ն եմ ուրախանում, երբ ճանաչում եմ իմ ապրած հողի միւս հայրենակիցներին, որոնք գտնւում են Երեւանից ընդամէնը 97 քմ անդին։ Հայրենաճանաչում է սա՝ նոյնը, ինչ ինքնաճանաչում։ Բացայայտեցի նաեւ, որ Սպիտակը մինչեւ 1949 թուական կոչւում էր Համամլու։ Պոլսահայերը կը հասկանան։