ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Չի ստացւում։ Չի ստացւում մտնել համացանց գոնէ մէկ վայրկեանով եւ չընկղմուել անժամկէտ ժամանակով։ Ժամանակն այստեղ չի տկտկում, այն մահացու կերպով կանգնեցուած է։
Ամենասարսափելին համացանցում դա անկեղծ, չքօղարկուած յիմարութիւնն է, որը պատառոտում է քեզ, ծուատում, հոգիդ ուզում է պատասխանել, բայց գիտակցութիւնդ զսպում է հոգու պոռթկումները։ Եւ հոգիդ դանդաղ, դանդաղ պայթում է…
Ի՛նչ ճիշդ է իմ այսօրուայ հերոս Յովհաննէս Մանուկեանը։ Նա չկայ դիմատետրում եւ նա իր թանկագին ժամանակի մէջ տեղաւորում է փիլիսոփայութիւնն ու երաժշտութիւնը։ Այն երաժշտութիւնը, որն ինքն է յօրինում, եւ այն, որը նա ընտրում է միւս յօրինողների գործերի մէջ։ Քանզի Յովհաննէսը անգերազանցելի դաշնակահար է, թէպէտ նրան ի զօրու է նաեւ ջութակն ու երգեհոնը։
Վաղուց, շատ վաղուց, երբ Յովհաննէսը ընդամէնը 11 տարեկան էր, իսկ ես այն տարիքին, որքան նա այսօր է, կայացաւ Amadeus պատանի կոմպոզիտորների մրցոյթը, եւ ես կատարեցի նրա վոքալ ստեղծագործութիւնը։ Հովհաննեսը արժանացաւ այդ մրցոյթում գլխաւոր մրցանակի։ Ես գրեցի նրա մասին պոլսահայ «Ժամանակ» օրաթերթում «Հայկական Ամադեուս» թէ «Մոցարթ» վերնագրով, արդէն չեմ յիշում Շատ տարիներ անցան այդ մրցոյթից ի վեր։ Ես զաւակներ էի մեծացնում, իսկ Յովհաննէսը հասակ առաւ ու դարձաւ փայլուն երաժիշտ, որին ես կրկին հանդիպեցի արդէն 20 տարի անց Գաֆեսչեան արուեստի կենտրոնի համերգասրահում։ Յովհաննէսը կատարում էր մի վրացի երգահանի դաշնամուրային ստեղծագործութիւնները։ Վերջինս անսահման երջանիկ էր Յովհաննիսեան կատարումով, որի մէջ նա ներդրում էր իր յախուռն խառնուածքը։ Յովհաննէսի տաղանդը ստեղծուած է կարծես յատուկ անտարբերների համար, որոնց նա ունակ է հանել անտարբերութիւնից։ Խորը քնից, ընկճուածութիւնից, թախծոտութիւնից, վերջապէս կարօտից։ Հանճար։ Սովորական թէ անսովոր՝ ոչ մի տարբերութիւն։ Ինչպիսի կողոպուտ է, գողութիւն՝ այն փաստը, որ Յովհաննէսի անունը ծանօթ չէ հանրութեան լայն շրջանակներին։ Եւ դա այն դէպքում, եւ հանրութիւնը կարիք զգում ճանաչուած անձի երկրպագութեան եւ ընտրում է մշակութային գործիչներից որեւէ մէկին, որը հեռու է ականաւոր լինելուց, եւ սկսում է նրան միֆոլոգիզացնել։ Այսինքն միֆ է դարձնում որեւէ մէկին. ես իմ աչքովս եմ տեսել, ինչպէս է դահլիճում յայտնւում հանդիսատեսների մէջ այդ միֆերից մէկը եւ համերգը փոխում է իր ուղին, իսկ մարդիկ հերթ են կանգնում, որպէսզի սելֆի անէն այդ միֆի հետ։ Ի՞նչ արած՝ դարի մոլագարութիւններից է սելֆին։ Միֆը ընդունում են որպէս առասպել, լեգենդ։ Մինչդեռ Յովհաննէս Մանուկեանը ինձ համար դարձաւ գտածոյ։ Բացայայտելով, որ նա մեր մէջ է, ես զարմացայ, որ նման երաժիշտ չի արտագաղթել, չի գտել իրէն որեւէ մի տեղ, որն աւելի համապատասխան կլինէր իր տաղանդին, թէպէտ Գերմանիայում, օրինակ, Յովհաննէսին գնահատել էին ըստ արժանւոյն։
Հոկտեմբերի 19-ին ՀԲԸՄ-ում, այսինքն Հայաստանի Բարեգործական Ընդհանուր Միութեան համերգասրահում, որը գտնւում է Մելիք-Ադամեան փողոցի վրայ, կայացաւ Հայ Ժամանակակից երաժշտութեան փառատօն, եւ Հովհաննեսը նուագեց սկզբից իր դաշնամուրային գործը, այնուհետեւ Էդուարդ Հայրապետեանի սոնաթը։ Ինչպէ՞ս նկարագրեմ այն, թէ ոնց հնչեց երաժշտութիւնը, քանզի երաժշտութիւնը արուեստի այն տեսակն է, որը կարիք չունի բառերի։ Կարող եմ ընդամէնը նկարագրել Յովհաննէսի կատարման ազդեցութիւնը։ Առաջին իսկ նոթայից, առաջին իսկ աքորդից- իսկ ականաւոր գործը սկսւում է առաջին իսկ հնչիւնից- դահլիճը լեցուեց կենդանի շնչով, եւ մեր առջեւ բացուեցին գոյութեան այնպիսի խորքերը, ուր ոչ ոք մինչ այդ աչք չէր նետել։ Լսւում էր համաշխարհային երաժշտութեան անցած ողջ ճանապարհը, եւ Հովհաննեսի նուագը փառատում էր ժամանակների սահմանները։ Թւում էր, թէ մէկ մարդ չի նուագում եւ մէկ գործիքի վրայ չի նուագում։ Լսւում էր ճազի ռիթմը եւ նոյնիսկ հետճազի։ Յովհաննէսի կատարումը հնչում էր որպէս ճղճիմութեան եւ տափակութեան հակադրութիւն եւ մարտահրաւէր։ Ճիշտն ասած ողջ համերգը, որի ատեն հնչեցին եօթ ժամանակակից երգահանների ստեղծագործութիւնները, հաւատ ներշնչեց, որ մարդկութեան հետ ոչ մի սարսափելի բան չի կատարուի։
Հա՛, իսկ Յովհաննէս Մանուկեանի դաշնամուրային գործը կոչւում էր «Մեր Տէր Յիսուս Քրիստոսը։ Նա գալիս է»։