Կան զոհուածներ, որոնց յուղարկաւորել են։ Կան անհետ կորածներ։ Կան անհետ կորած աճիւններ։ Արցախում անհետ կորածների խնդրով 2392 մարդ է դիմել ռուս խաղաղապահներին։ Ինչու ռուսների՞ն, որովհետեւ մեր պետական համակարգը նոյնպէս անհետ կորած է։ Պաշտպանութեան Նախարարութիւնը ոչ մի օգնութիւն չի առաջարկում անհետ կորածների հարազատներին եւ զարմանալի է, որ վերջիններս չեն կորցնում իրենց ինքնատիրապետումը։
Ո՞ւր էք, տղաներ
Ամիսներ շարունակ Արցախում եղբօրն ու եղբօրորդուն փնտռող Արսէն Ղուկասեանը յաճախ ուղիղ եթերում նկարագրում է անյոյս եւ անելանելի իրավիճակը, իսկ երեկ յայտնեց, որ վերջին հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինեանն ասաց «Նայէ՛ք, կարմիր գծերը մի՛ անցէք, թէ չէ կենթարկուէք քրէական պատասխանատուութեան»։ Ի պատասխան Արսէն Ղուկասեանը յայտարարեց, որ դա սադրանք է եւ ստիպում է անհետ կորածների հարազատներին հունից դուրս գալ եւ դիմել անօրինական քայլերի, լուրջ վնասներ հասցնել։
Մէկը հոյակապ երգում էր, միւսը նուագում դաշնամուրի վրայ, երրորդը՝ կիթառի, չորրորդը՝ հետաքրքիր գրառումներ էր անում կեանքի մասին, բոլորը գեղեցիկ էին, որովհետեւ երիտասարդ էին։ Պատանի։ Եւ բոլորը արդէն չկան։ Եւ երկիրը, որի համար նրանք չապրեցին, նոյնպէս հարցականի տակ է։
«Երբ մի քանի օր առաջ եղայ համադասարանցուս վերջապէս յայտնաբերուած որդու հոգեհանգստին ու զգացի, որ մի քանի ամսում սպիտակած ընկերոջս կեանքում այդքան երջանիկ չէի տեսել, սարսափեցի, թէ ինչ ահաւոր աբսուրդ իրավիճակ է մեզանում»,- կիսուեց ինձ հետ իմ ծանօթներից մէկը...
Թէ ինչ անամոքելի է անհետ կորածների հարազատների վիշտը, դժուար է նոյնիսկ երեւակայել։
Ահա թէ ինչ է պատմում մի կին իր կորած եղբօրորդու մասին, որին չեն կարող գտնել, միայն նրա հեռախօսն են գտել.
«Տղես եկաւ երազիս, ուրախ էր շատ, խնդրեց գնանք ձկնորսութեան ու գնացինք։ Կատակեցինք, ուրախացանք, բայց երբ մութն ընկաւ, խնդրեցի տուն գնանք ու նա ասաց.
-Հաքու, դու գնայ, ես մի քիչ գործ ունեմ՝ կու գամ...
Արթնացայ, տեսայ՝ երազ էր։ Գժուել կարելի է, իմ լոյս տղայ, սպասում եմ քեզ, դէ արի՛։ Չենք դիմանում, յանուն երեխեքի ուղղակի անիմաստ շնչում ենք խեղդուելով, ցաւը կոկորդներիս մէջ զսպելով։ Ցաւը աւելի խորն է, երբ մի բուռ հող չունի տղես, որ գրկես ու հեկեկաս... Չկայ, չեն գտնում Յարութիս»։
Իսկ Փետրուարի 3-ին Եռաբլուրում յուղարկաւորեցինք «Թեւանիկ» ֆիլմի մէջ գլխաւոր դերակատար Յովհաննէս Խոդերեանին (1998-2020)։ Ֆիլմը 2013-ին էր նկարահանուել՝ առաջին արցախեան պատերազմի մասին էր եւ Թեւանիկը ֆիլմում զոհւում է դիպուկահարի գնդակից։ Անցաւ 7 տարի եւ ֆիլմի դերակատար, շուշեցի Յովիկը Հոկտեմբերի 12-ին գնաց պաշտպանել իր հողը։ Հոկտեմբերի 16-ին նրա եղբայրը՝ Կարէն Խոդերեանը խօսում էր նրա հետ հեռախօսով եւ այդ պահին մահը ընդհատեց նրանց խօսակցութիւնը։ Քանի որ դին չէին գտնում, ինչ-որ յոյսի նշոյլ կար, բայց Յունուարի 31-ին նրա աճիւնը գտնուեց եւ «Թեւանիկ» ֆիլմի ռեժիսոր Ճիվան Աւետիսեանը գրեց.
«Ցաւը մեծ է, խօսքերը՝ դատարկ... Մեր զրոյցները, նկարահանումները, քո անմեղ պատանեկան խօսքերը, հումորները... Եւ այսօր՝ քո տղամարդկային, հերոսական պայքարը... Յաւերժ փա՛ռք քեզ, մեր Յովիկ... ժպիտդ, խօսքերդ, դու՝ յաւերժ մեր սրտերում... Իրաւունք չունենք նահանջելու... ես եւ իմ թիմը, իմ ընտանիքը, ամէն Աստուծոյ օր անում ենք ամէն հնարաւորն ու անհնարինը, որ արժանի լինենք բոլորիդ եւ իրապէս յաղթենք...»։
Անհետք կորսուելու հեռանկար
Այսօր մենք շատ հեռու ենք իրական յաղթանակից, քանզի երկրի ղեկը գտնւում է պարտուած իշխանութեան ձեռքում, եւ մեր երկրին սպառնում է անհետք կորսուելու ճակատագիրը։ Իսկ ի՞նչ կը լինի հայրենիք կորցրած ազգի հետ, գիտէ՞ք։ Լսենք պատմաբան Գուրգէն Կարապետեանին.
«2 տարի առաջ ասում էի, մենք մտնում ենք քաօսի շրջան, գոյութիւն ունեն համաշխարհային զարգացումներ, որի անբաժան մասն ենք մենք եւ խանգարում ենք համաշխարհային ուժերին իրենց բացարձակ իշխանութիւնը հաստատելու։ Հայաստանում անհրաժեշտ է հաստատել ռազմաքաղաքական անցումային կառավարութիւն։ Կարսում սկսուել են թուրք-ատրպէյճանական զօրավարժութիւններ, Փաքիսթանի լեռնային շրջաններում Փաքիսթան-Ատրպէյճան-Թուրքիա զօրավարժութիւններ, այսինքն բացարձակ պատրաստութիւններ են տեսնում Հայաստանի դաշտային եւ լեռնային շրջաններում ռազմական գործողութիւններ իրականացնելու համար։ Ով սա չի տեսնում, կամ կոյր է կամ այդպիսին է ձեւանում։ Սակայն թող ոչ ոք չկարծի, որ Հայաստանի կործանուելուց յետոյ իրենք պէտք է ապրեն, որովհետեւ պատմութեան մէջ գոյութիւն ունի ասորական ախտանիշ. երբ կտրւում է արմատը, ճիւղերը չորանում են, երբ Հայաստանը այլեւս չլինի, աշխարհով մէկ հայերի մօտ կը սկսուեն բազմաթիւ հիւանդութիւններ, դժբախտ պատահարներ, եւ նրանք կը վերանան, ինչպէս ասորիները վերացան...»։