2018-ի Ապրիլի 23-ին Սերժ Սարգսեանը յայտարարեց.
«Նիկոլ Փաշինեանը ճիշդ էր։ Ես սխալուեցի։ Ստեղծուած իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մէկին ես չեմ գնայ։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի՝ Հայաստանի վարչապետի պաշտօնը։ Փողոցի շարժումն իմ պաշտօնավարման դէմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ Խաղաղութիւն, ներդաշնակութիւն եւ տրամաբանութիւն մեր երկրին։ Շնորհակալ ե»։ Բովանդակ աշխարհի հայութիւնն այնպէս հրճուանք ապրեց, որ հետեւեալ օրը՝ 24 Ապրիլը վերածուեց համահայկական ուրախութեան տօնի։ Նրանք, ովքեր 2008-ի Մարտի 1-ի ականատեսն էին, գիտակցում էին, որ Մարտի 1-ի իրական խառնակիչը հէնց Նիկոլ Փաշինեանն էր։ Նրանք, ովքեր ծանօթ էին նրա լրագրողական գործունէութեանը, յայտնում էին, որ նա մեծ վարձատրութեան դիմաց սուտ մատնութիւններով էր զբաղւում, ինչպէս, օրինակ, հիմա ԱԱԾ-ն սուտ մատնութեան է ենթարկում ատրպէյճանագէտ Անժելա Էլիբեգովային, առգրաւելով իր համակարգիչը, որովհետեւ նա... ուշադիր լսէք, որովհետեւ այդ համակարգիչում գտել են Ատրպէյճանի կողմից իրականացուած յանցագործութիւնների վերաբերեալ ամբողջական զեկոյցը, որը Էլիբեգովան պիտի յանձնէր ՄԻՊ (մարդու իրաւունքների պաշտպան), բայց յանձնել է Ատրպէյճանին եւ դրա դիմաց ստացել գումար։ Հասկանո՞ւմ էք, այդ զեկոյցը Ատրպէյճանի յանցագործութիւնների մասին իբր յանձնել է հէնց Ատրպէյճանին։ Իսկ ԱԱԾ նախկին դարձած ղեկավարները խոստովանում են, որ այս կամ այն քաղաքական գործչի հանդէպ վարչապետի աթոռ զբաղեցնողը շարունակ պահանջում էր ինչ-որ գործ հարուցել եւ ձերբակալել նրան։ Նրա իշխանութեան օրով շրջանառութեան մէջ դրուեցին ահաւոր հասկացութիւններ. դիակի արտաշիրիմում եւ բանաւոր պայմանաւորուածութիւն, այսինքն 1. ծնողները ստանում են իրենց երեխաների մարմինները, պարզւում է, որ սխալ մարմին են ստացել կամ մարմնի մասն են ստանում եւ թաղում, յետոյ միւս մարմնի մասն են ստանում, եւ այդպէս երեք անգամ, 2. Բանաւոր պայմանաւորուածութեան արդիւնքում Սիւնիքի գիւղերն ու ճանապարհներն են յանձնւում, իսկ դա չունի ոչ մի քաղաքակիրթ, այսինքն իրաւական հիմնաւորում։
Այսօր մենք կարող ենք Սերժ Սարգսեանի նման ասել. «Նիկոլ Փաշինեանը ճիշդ էր։ Մենք սխալուեցինք»։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինեանը ճիշդ։ Նա ճիշդ է այն տրամաբանութեան մէջ, որի համար եւ իրականացուել է յեղաշրջումը։ Բացի այդ յեղաշրջումից նա ոչ մի ուրիշ բան չարեց, այլ արեց եւ անում է այն ամէնը, ինչ տեղաւորւում է հակահայկական տրամաբանութեան մէջ եւ մօտեցնում է Հայաստանը օր օրի եւ ժամ ժամի 1915-ի կրկնութեանը։ Սակայն այսօր ես ուզում եմ խօսել ոչ թէ նրա մասին, այլ՝ մեր, քանզի ամէն կատարուած յանցանքի մէջ մարդիկ պէտք է առաջին հերթին թափանցեն ինքզինքի ներսը։ Մեր ապրած այս վերջին 3 տարիները մեծ դաս տուեցին մեզ, եւ վա՛յ նրան, ով դասեր չքաղեց պատմութեան վերջին էջերից, որը գրեցինք մենք մեր զգացմունքներով, որոնք պատճառ եղան մեծագոյն խաբկանքի եւ աղէտի...։
Դաս 1. Մենք պիտի ընդունենք, որ ՛«Մերժիր Սերժի» այդքան, ես կ՚ասէի, տառահունչ բառերը մեզ հասցրին գլխապտոյտի եւ մենք Սերժի ռեժիմը տապալելու հեռանկարից իրօք կորցրեցինք մեր գլուխը։ Մենք չտեսանք, թէ ում բերեցինք իշխանութեան եւ ովքեր եկան վարչապետի հետ ու զբաղեցրին բոլոր գործադիր եւ օրէնսդիր աթոռները... Ներկայիս իշխանութիւնը, որը յատուկ տեխնոլոգիայով ներմուծուեց մեր երկրում, իրականում տրոյանական ձի էր։
Դաս 2. Սորոսի տեխնոլոգիայով 30 երկրներում յեղափոխութիւններ են իրականացուել։ Տեխնիկայի խնդիր է։ Մեր յեղափոխութիւնը կատարուեց տրոյական ձիու միջոցով, եւ հիմա Ատրպէյճանն է Հայաստանում տիրում եւ շեղում մեր ճակատագիրը։
Դաս 3. Եկել է պահը, երբ մի անձ չի կարող փրկել իրավիճակը։ Սա արդէն վերաբերւում է բոլորին անխտիր, ով չի ուզում, որ Հայաստան անունը փոխուի Ատրպէյճանի։ Իսկ գործընթացը տանում է դէպի այդ փոփոխութեան, եթէ մենք այն չկասեցնենք մեր իսկ ձեռքերով։ Քանի մեզ սնում են, թէ նախկինները ինչ ունեցուածք են դիզել, մենք չենք արթնանայ։ Հարց. իսկ ինչո՞ւ է այս իշխանութիւնը անվախ շարունակում իր գործունէութիւնը։ Նրա նպատակն է՝ հասցնել երկիրը այն վիճակի, որ այն վերջնականապէս կորցնի իր ինքնիշխանութիւնը, եւ նրանց արդէն ոչ ոք չի կանչի պատասխանատուութեան։ Նոր Հայաստան ասածը, որը դրուեց շրջանառութեան մէջ, իրականում Ատրպէյճան է։ Ալիեւը միշտ ասում էր, ինչո՞ւ հայերը պիտի ունենան երկու երկիր։ Հիմա ատրպէյճանցիք կ՚ունենան երկու երկիր։ Նոյնիսկ երեք։
Երկիրը դիակի է վերածուել։ Իշխանութիւնը դիակ է։ Հասարակութիւնը «դիակ» է։
Միակ բանը, որ աշխուժացնում է դիակ-հասարակութեանը դա բամբասանքն է ուրիշի ունեցուածքի մասին։ Հենց այդ նիւթապաշտութեան վրայ էին կառուցել մեր պառակտումը յեղաշրջութիւն իրականացնողները։ Հասարակութեան մէջ տարածեցին «նախկինների թալան» բառակապակցութիւնը եւ նոր ցեղասպանութիւնը յայտնուեց մեր երկրի շեմին եւ մտաւ մեր երկրից ներս։ Միակ ուրախութիւնը, որ կ՚ապրեն նիւթապաշտները, դա այն է, որ թալանիչիները չեն կարողանայ դղեակները տանել իրենց հետ։ Մի՛ դիզէք հարստութիւն աւազի վրայ։
Աստուած միշտ խլում է այն, ինչին հոգով եւ մարմնով կպչում են, իսկ հայի ամենասիրած բանը տունն է, յատկապէս ուրիշինը...։
Նրանք, ովքեր զոհուեցին կամ անհետ կորան մեր փրկութեան համար, այլեւս չկան։ Եկել է պահը, երբ ամենքը պիտի ինքը միջոց ձեռնարկի իր սեփական փրկութեան համար, այլ ոչ թէ սպասի կամ հուսայ, որ մէկը պիտի անի դա իր փոխարէն։