ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Լոռուայ մտորումներ

Երեւանում արթնանալուն պէս առաջին հերթին նայում եմ Արարատին։ Ո՞ւմ սարն է Արարատը։ Ով տես­նում է այն եւ սի­րում է։ Եւ ում օր ու գի­շեր տես­նում է ին­քը լե­ռը։ Վեր­ջերս սա­կայն վախ է մտել սրտնե­րիս՝ որ այս տե­սարանն էլ կա­րող է խլեն մե­զանից։

Դէ­պի Վա­նաձոր

Ապ­րի­լի 8-ն է։ Ավ­տո­կայա­նից պի­տի ու­ղե­ւորո­ւեմ իմ սրտիս քա­ղաք՝ Վա­նաձոր։ Սպա­սում ենք, որ մարշրուտկան լցո­ւի ու­ղե­ւոր­նե­րով։ Ձեռ­քին մի խուրձ պսպղան շղթա­ներով՝ մի­ջին տա­րիքի փե­րեզակ է մօ­տենում դրա­նը եւ առա­ջար­կում աս­տո­ւածա­շունչ՝ զար­դա­րուած դե­ղին պսպղան քա­րիկ­նե­րով, բայց չափ­սը...լուցկու տու­փից էլ փոքր.

- Ով առ­նի՝ յա­ջողու­թիւն կ՚ու­նե­նայ։ Այստեղ ամէն ինչ կայ։ Էժա­նով կը տամ...։

Մի ու­ղե­ւոր նրա­նից Քրիս­տոս է առ­նում, որի հա­կառակ կող­մում օրա­ցոյց է։

2 ժա­մուայ ճա­նապարհ է Երե­ւանից դէ­պի Վա­նաձոր, եւ ես հետս միշտ գիրք եմ վերցնում։ Այս ան­գամ Հրանդ Մա­թեւո­սեանի «Մենք ենք, մեր սա­րերը» վի­պակ­նե­րի ժո­ղոուա­ծուն է.

«...Գիւ­ղը հին է։ Գիւ­ղի վան­քը հա­զար հինգ հա­րիւր տա­րեկան է։ Վա­նահիմ­քի հե­թանո­սական կրա­կարա­նը ութ հա­զար հինգ հա­րիւր տա­րեկան է։ Վանքն է գիւ­ղում բոյն դրել, թէ գիւղն է փա­թաթո­ւել վան­քի շուրջ՝ չգի­տեն, գիւ­ղի տա­րիքը չգի­տեն։ Քա­ղաքից եկած­նե­րը վան­քը հարստու­թիւն են հա­մարում. «Ազ­գեր կան, որ չու­նեն գո­նէ երկդա­րեան շի­նու­թիւն»։ Այսպէս ասում են պատ­մա­բան­նե­րը։ Եթէ, ասում են նրանք, թուրքե­րը, Աս­տուծոյ եւ ցա­րի օրհնու­թեամբ, մին­չեւ վերջ ար­մա­տախիլ բնաջնջեին Հա­յաս­տա­նը, մե­զանից մնար այս գիւ­ղը այս վան­քով՝ դար­ձեալ իրա­ւունք կ՚ու­նե­նայինք կո­չուե­լու բարձր քա­ղաքա­կիրթ ազգ...»։

Վա­նաձո­րում տաք է, բայց տնե­րում երե­կոնե­րը վա­ռարան են վա­ռում, որով­հե­տեւ ներ­սը աւե­լի պաղ է, քան դուրսը։ Առա­ւօտեան ժա­մը 6-ից հաւ­քե­րի ռիթ­միկ սու­լոցն է լսւում։ Թռչիւննե­րը չեն երեւում, սա­կայն երբ ես նրանց տես­նում եմ, ապա նրանք լուռ են. կամ պի­տի տես­նես նրանց, կամ՝ լսես։

Վա­նաձո­րը նախ­կին Կի­րովա­կանն է եւ քա­ղաքը ար­դէն 30 տա­րի է սպա­սողա­կան վի­ճակում է։ Սպա­սում է, որ անուան հետ մէկ­տեղ փո­խուի նաեւ իր քան­դո­ւած վի­ճակը։ Գոր­ծա­րան­նե­րից միայն կմախքներն են մնա­ցել, նրանք այ­լեւս պի­տանի չեն, եւ հար­կա­ւոր է դրանք մաք­րել եւ դրանց փո­խարէն ժա­մանա­կակից շի­նու­թիւններ սար­քել։ «Կէս մի­լիառ է պէտք, որ­պէսզի քա­ղաքը կար­գի բե­րուի»,- եզ­րա­կաց­նում է մի սփիւռքա­հայ, նա­յելով Կի­րովա­կանի եր­բեմնի հզօր, իսկ այժմ լուռ վկա­ներին։ Երե­ւանում հե­ռատե­սիլ չեմ նա­յում, բայց այստեղ ըն­կե­րու­հիս միաց­րած է պա­հում իր հե­ռատե­սիլը։ «Մեզ բա­ցակայ չդնէք» հա­ղոր­դումը նո­ւիրուած է նա­հատա­կուած զի­նուոր­նե­րին։ Տես­նե­լով, թէ ինչպէս աչ­քերս խո­նաւա­ցան, նա իս­կոյն փո­խեց ալի­քը եւ կանգ առաւ ու­տեստնե­րի պատ­րաստման եղա­նակ­նե­րին։ Այո՛, շա­տերն են ինձ խոս­տո­վանել, որ կա­րող են ժա­մերով դի­տել այդ հա­ղոր­դումը, որով­հե­տեւ այն հնա­րաւո­րու­թիւն է տա­լիս ցրո­ւել եւ մի պահ չմտա­ծել երկրին սպառ­նա­ցող վտանգնե­րի մա­սին։ Իսկ վտան­գը ան­կեղծօ­րէն թա­կում է մեր դու­ռը։ Մենք ար­դէն չենք կա­րող ապ­րել մեր անձնա­կան խնդիր­նե­րով, աշ­խարհա­քաղա­քական գոր­ծընթաց­նե­րը մեր Սիւ­նի­քը դարձրել են շա­հերի բախ­ման կի­զակէտ եւ Մեղ­րիի մի­ջանցքի հա­մար կռիւ պի­տի տան տար­բեր ար­տա­քին ու­ժեր։ Իրա­նը՝ տես­նե­լով, որ մենք տէր չենք կանգնում մեր Սիւ­նի­քին, յայ­տա­րարում է, որ Հա­յաս­տա­նի ամ­բողջա­կանու­թիւնը իր հա­մար կար­միր գիծ է եւ դա նշա­նակում է, որ Իրա­նը թոյլ չի տայ, որ Զան­գե­զու­րը գրա­ւեն ատրպէյ­ճանցի­ները։ Սա­կայն հե­տախոյզ Վո­վա Վար­դա­նովը կան­խա­տեսում է, որ ներ­խուժում կա­րող է լի­նել ոչ թէ Սիւ­նի­քի կող­մից, այլ՝ Նա­խիջե­վանի։ Այնպէս որ վար­չա­պետի յայ­տա­րարած ար­տա­հերթ ընտրու­թիւննե­րը գու­ցէ կան­խո­ւեն ար­տա­հերթ պա­տերազ­մով։ Ար­դեօք գի­տակ­ցո՞ւմ է հա­յաս­տա­նեան հա­սարա­կու­թիւնը, որ 2020-ի աղէ­տը դեռ չա­ւար­տո­ւեց եւ գար­նա­նային շունչը, որը խա­ղաղու­թիւն է գու­ժում, խա­բու­սիկ է։

Չա­րին չա­րով չեն հա­կադար­ձում

Մի ռուս հո­գեւո­րական ասում է, որ եկե­ղեցին չի պայ­քա­րում չա­րի դէմ. դա չէ եկե­ղեցու նպա­տակը։ Եկե­ղեցին չա­րին հա­կադրւում է։ Չես կա­րող դի­մակա­յել ստին, օգ­տա­գոր­ծե­լով սու­տը, զրպար­տութեանը՝ օգ­տա­գոր­ծե­լով զրպար­տութիւ­նը։ Չա­րին դի­մակա­յելը չի կա­րող չա­րի տա­րած­քում արո­ւել։ Այ­սինքն չա­րի դէմ հնա­րաւոր չէ պայ­քա­րել չա­րի մի­ջոց­նե­րով։ Վեր­ջերս մի տե­սանիւթ հա­մացան­ցում յայտնո­ւեց Yolchyan Production-ի կող­մից՝ նո­ւիրո­ւած Գու­գա­րաց թե­մի առաջ­նորդ Բարձրաշ­նորհ Տէր արք. Չուլճեանի յի­շատա­կին (1959-2020)։ Կոչ­ւում էր «Սրբա­զանը մար­գա­րէանում է...»։ Տե­սանիւ­թը պատ­մում էր, թէ ինչ գանձ ու­նե­ցաւ Լո­ռուայ աշ­խարհը ի դէմս առաջ­նորդ Սե­պուհ սրբա­զանի, ինչ «նո­ւէր Աստծոյ կող­մից՝ հայ ժո­ղովրդին», ինչպէս ասաց Շի­րակի թե­մի առաջ­նորդ՝ Գե­րաշ­նորհ Տէր Մի­քայել արք. Աջա­պահեանը։ Ան­հա­ւատու­թեանը Սե­պուհ սրբա­զանը հա­կադ­րեց հա­ւատ­քի վե­րադար­ձով, նիւ­թա­կան աշ­խարհին հա­կադ­րեց հո­գեւոր աշ­խարհը, ան­գործու­թեանը հա­կադ­րեց՝ աշ­խա­տան­քը. նա աշ­խա­տում էր ժա­մացոյ­ցի նման, ինչպէս ասում էին սրբա­զանի մա­սին։ Մին­չեւ նրա ծա­ռայու­թեան անցնե­լը Լո­ռուայ մար­զում 5 եկե­ղեցի­ներ էին գոր­ծում, նրա­նից յե­տոյ՝ շուրջ 40 գոր­ծող եկե­ղեցի­ներ ու­նե­ցան։ Ամէն շի­նու­թիւն, որը նա նո­րոգում էր, լի­նէր «Ծի­ծեռ­նակ» ճամ­բա­րը, դպրո­ցը... սրբա­զանի հա­մար սուրբ մա­տուռ էր։ Ի դէպ Հրանդ Մա­թեւո­սեանի վի­պակը, որը ես կար­դում էի Վա­նաձո­րի ճամ­բին, ինձ հա­մար նոյնպէս մա­տուռ դար­ձաւ։ Պէտք էր լսել Սե­պուհ սրբա­զանի հզօր եւ յստակ խօս­քը. «Մայր Հա­յաս­տա­նը կա­րօտ է հա­յաս­տա­նասի­րու­թեան։ Ով չի սի­րում հայ­րե­նիքը, ոչինչ սի­րել չի կա­րող»։ Այն ինչ կա­տարո­ւեց Ար­ցա­խում, սրբա­զանը հա­տու­ցեց իր ֆի­զիկա­կան հե­ռացու­մով,- ասո­ւեց տե­սանիւ­թում։ Եւ յան­կարծ... յան­կարծ տե­սայ մի լու­սանկար՝ հե­ռաւոր 2002-ի թո­ւակա­նից, երբ ողջ էին եւ Հրանդ Տին­քը, եւ Սար­գիս Հաց­պա­նեանը, եւ Սե­պուհ Սրբա­զանը։ Ողջ էին եւ երի­տասարդ։ Նրանց հետ էին նաեւ ես, Ռա­քել Տին­քը եւ Երուանդ Տին­քը։ Հա­յաս­տան-Սփիւռք հա­մաժո­ղովի առ­թիւ էր Հրան­դը եկել Հա­յաս­տան, եւ Սար­գիս Հաց­պա­նեանը կազ­մա­կեր­պեց եր­կու մա­լաթիացի­ների հան­դի­պու­մը Վա­նաձո­րում։ Ահա այդ լու­սանկա­րը. մենք բո­լորս Գու­գա­րաց թե­մի առաջ­նորդա­րանի բա­կում։