Մալեան թատրոնի «Սիրելի Փամելա»-ն

Ամէն անգամ, երբ ինչ-որ մէկը համացանցում լուր է տեղադրում, թէ այլազգի երաժիշտը Կոմիտաս է կատարում ու հայերը զարմանում եւ հպարտանում են այդ լուրի առթիւ, ես հիասթափութիւն եմ զգում իմ հայրենակիցների հանդէպ։ Որքա՛ն փոքր ենք մենք մեր մեծերի առջեւ։ Այդ է պատճառը, որ Ա. Տէրտէրեանի, Տ. Մանսուրեանի, Է. Միրզոյեանի, Ա. Յարութիւնեանի գործերը աւելի շատ կատարում են արտասահմանում, քան՝ այդ յօրինողների հայրենիքում։

Ամէն անգամ, երբ ինչ-որ մէկը համացանցում լուր է տեղադրում, թէ այլազգի երաժիշտը Կոմիտաս է կատարում ու հայերը զարմանում եւ հպարտանում են այդ լուրի առթիւ, ես հիասթափութիւն եմ զգում իմ հայրենակիցների հանդէպ։ Որքա՛ն փոքր ենք մենք մեր մեծերի առջեւ։ Այդ է պատճառը, որ Ա. Տէրտէրեանի, Տ. Մանսուրեանի, Է. Միրզոյեանի, Ա. Յարութիւնեանի գործերը աւելի շատ կատարում են արտասահմանում, քան՝ այդ յօրինողների հայրենիքում։ Մենք միշտ էլ գոռում ենք մեր մեծութեան մասին, փնտռում ենք հայկական ծագում աշխարհահռչակ անձանց մէջ, բայց չենք հաւատում, որ Կոմիտասը կամ Տէրտէրեանը, ունենալով հայկական ծագում, ստեղծել են համաշխարհային արժէքներ, որից կարող է օգտուել համաշխարհային ընտանիքի ցանկացած անդամ։ Ինչո՞ւ է ամէն տեղ հնչում ճազ, չնայած այն ստեղծուել է ԱՄՆ-ի սեւամորթների կողմից, որովհետեւ այն արթնացնում է ամէն մարդու մէջ կապանքներից ձերբազատուած դէպի ազատութիւն ճախրող ռիթմեր։ Ամէն մարդու մէջ արձագանգում է, օրինակ, չարտաշը, որը հունգարական ժողովրդական պար է, կամ ֆլամենքոն, որը հարաւսպանական պար է, քրդական պարերը, վրացական, հայկական, ուքրաինական, այսինքն բովանդակ աշխարհի էթնիկ դրսեւորումները մեծագոյն հետաքրքրութիւն են առաջացնում ամէն մարդու մէջ, ուրեմն չկան փոքր կամ մեծ ազգեր, պարզապէս կան ազգի ներկայացուցիչներ, որոնք ընդունակ են կրել իրենց մէջ ազգի ծածկագիրը եւ ներկայացնել այն համայն մարդկութեան։

Հայերի ծածկագիրը

Հենրիկ Մալեանի կինօդերասանի թատրոնը այն թատրոնն է Հայաստանում, որն ունի իր ուրոյն ոճը։ Այս թատրոնում է թագնուած հայերի ծածկագիրը։ Այստեղ ոչինչ յատուկ չի արւում, այսինքն յատուկ հայկականացուած զգեստներ, երաժշտութիւն, պատմութիւններ, որոնք պիտի ցուցադրեն, թէ ինչպիսին ենք մենք՝ հայերս…։ Այսօրուայ էքրան բարձրացող ֆիլմերը արուած են առանց ծածկագրի, այդ ֆիլմերը ստեղծողները կորցրել են մեր ինքնութեան բանալին, 2015-ի կապակցութեամբ ստեղծում են ֆիլմեր, որտեղ ցեղասպանութեան նիւթը փորձում են ուղիղ ճանապարհով արծարծել կինոյում եւ ստանում են հակառակ արդիւնք. մենք չենք հաւատում, որ դա իսկական է, քանզի ֆէսը, դրած դերասանի գլխին, դեռ չի դարձնում նրան թուրք ցեղասպան…։

Մալեանի թատրոնում ճշգրիտ արդիւնքը ստացւում է անուղղակի կերպով, աւելի շատ չասածով, քան ասածով, իսկ աւելի յաճախ ծիծաղով, որը կարծես ներարկւում է տխրութեան մէջ՝ թոյլ չտալով, որպէսզի ողբերգութիւնը մեզ կործանի։ Դիտէք Մալեան թատրոնի «Ցեղի ֆիզիոլոգիան» (ըստ Ա. Այվազեանի պատմուածքների), այնուհետեւ «Պատմութիւններ գնացքում» (ըստ Ու. Սարոյեանի պատմուածքների), որոնք բեմադրել է թատրոնի գեղարուեստական ղեկավար Նարինէ Մալեանը, «Թումանեանի հեքեաթները»՝ թատրոնի հիմնադիր Հենրիկ Մալեանի բեմադրութեամբ, իսկ բոլորովին վերջերս, Նոյեմբերին, կայացաւ Ճոն Պատրիկի «Սիրելի Փամելա» պիեսի պրեմիերան։ Հետաքրքիր է, որ թատրոնը երբեք չի գովազդում, որ հանդիսատեսին սպասում է կատակերգութիւն, բայց սա միակ թատրոնն է, որտեղ կարելի է լիաթոք ծիծաղալ, միաժամանակ տխրել այնպէս, որ դժուար լինի զսպել արցունքները, սակայն եւ ծիծաղի մէջ, եւ տխրութեան, առկայ է բառերով չարտայայտուող մի վեհութիւն, որը մարդուն բարձրացնում է առօրեայից…

Եկէք ողբերգութեան չվերածենք այս պատմութիւնը

Այսպիսով, պիեսը պատմում է նկուղում ապրող մի ծեր կնոջ մասին, որ հասել է կեանքի յատակին. այն ամէնը, ինչ մարդիկ աղբն են նետում, նրա համար ապրուստի գտածոներ են։ (Չմոռանանք, որ աղբը ամերիկեան է, եւ աղքատներն այնտեղ այդ աստիճանի աղքատ չեն, ինչպէս, օրինակ, Հայաստանում)։ Նա միայնակ է, եւ երբ իր նկուղում յայտնւում են երեք անբաններ, որոնք իրենց ապրուստը հոգում են անազնիւ միջոցներով, նա չափազանց երախտապարտ է լինում նրանց. անբա՞ն են, խաբեբա՞յ են, ինչ հոգ, նրանք մարդ են, որոնց կարելի է կարգի բերել, ինչպէս նա կարգի էր բերում աղբում գտած իրերը, եւ նրա կիսաւեր կեանքը իմաստ է ձեռք բերում։ Փամելան այնքան է փափաքում օգտակար լինել, որ մի այսպիսի բան է ասում. «Գոնէ իմ մահը մէկին օգուտ բերէր», որից յետոյ այդ երեք խարդախամիտների գլխում մի «փայլուն» միտք է ծագում. կնոջ կեանքն ապահովագրել, դժբախտ պատահար կազմակերպել եւ ստանալով ապահովագրավճարը նոր կեանք սկսել… Պիեսի գերխնդիրը նրանում է, որ այդ խաբեբաների համար Փամելայի կեանքը աւելի մեծ շահ ներկայացնի, քան մահը։ Հասկացա՞ք։ Ուրեմն լուծէք այդ խնդիրը դերասանական եւ ռեժիսորական միջոցներով։ Գուցէ ինքը թատերագի՞րը օգնի։

Պիեսի ընթացքում իրօք Փամելայի անհաւատալի բարութիւնն ու հմայքը այդ երեքին ստիպում է յետ կանգնել իրենց դաժան ծրագրից, բայց վերջի վերջոյ դիւրին հարստանալու հեռանկարը վեր է խոյանում մարդուն թուլացնող զգացմունքներից։ Սակայն երբ Փամելան իմանում է ճշմարտութիւնը, նա ընդամէնը մի պահ է սարսափ զգում, երկրորդ պահին նա արդէն գիտի, թէ ինչ պէտք է անել։ Նա մեծ քանակով քնաբեր է ընդունում եւ կրակի տալիս տունը, զգուշացնելով՝ որ պատմութիւնը ողբերգութեան չվերածենք, քանզի դեղահատեր խմելը շատ պարզ բան է, իսկ դրա փոխարէն երեք-չորս հոգի, որոնք Փամելայից աւելի երիտասարդ են, իրենց կեանքը կը դասաւորեն…։

Ահա եւ գերխնդրի լուծման ձեւ թատերագրի կողմից. Բարութիւնը կարող է իր նպատակին հասնել միայն այն ժամանակ, երբ բարութեան համար բարի մարդը զոհողութեան գնայ, իսկ ամենամեծ գինը՝ դա կեանքի գինն է։ Երբ երեք խաբեբաները յանգցնում են կրակը, նրանք կրակի են տալիս ապահովագրման վկայականը, ասելով «Ո՛չ, Փամելայի կեանքն աւելին արժէ, քան 50.000-ը»։ Եւ երկնքից լսւում է Փամելայի ձայնը «ես ինչպէս միշտ շփոթեցի տուփերը եւ քնաբերի փոխարէն խմեցի գլխացաւի դեղ, այժմ գլուխս չի ցաւում»։

Այսպիսով պիեսի հեղինակ Ճոն Պատրիկը ազատւում է գլխացաւանքից, իսկ ինչպէ՞ս է բեմադրութեան հեղինակը համոզում, որ մենք հեքեաթ չենք դիտում, այլ իրականութիւն։

«Լինո՞ւմ է, թէ չի լինում», ինչպէ՞ս է գրուած կեանքի գրքում

Երբ մենք թատրոնից դուրս եկանք, իմ ընկերուհին խոստովանեց, որ աչքերը լցուել էին, բայց յետոյ մտածեց, որ այսպէս կեանքում չի լինում եւ չլացեց։ Իսկ ես երրորդ անգամ նայելուց յետոյ կրկին արտասուեցի, երեւի, ես աւելի մեծ էի տարիքով եւ արդէն ընդունակ էի հաւատալ, մի՞թէ հայկական հեքեաթների «Լինում է-չի լինում» սկիզբը չի տրամադրում մեզ անցնել լինելու կողմը եւ… վա՛յ այն երախային, որը հեքեաթներին չի հաւատում, իսկ այս ներկայացումը Նարինէ Մալեանը բեմադրեց որպէս «Ամանորեայ հեքեաթ մեծահասակների համար»։ Պիեսում կայ մի գործող անձ, որը յետեւում է, որպէսզի ամէն ինչ կատարուի գրուածի պէս, բայց Փամելան ասում է, որ նա պիտի վարուի այդ գրուածից դուրս։ Մարդկանց մէջ կան բացառութիւններ, անհաւատալի մարդիկ, որոնց մասին եւ գրւում են երգեր, վէպեր եւ թատերախաղեր…

Այս ներկայացումը յաճախ են բեմադրում Ռուսաստանում, սակայն ռուսական թատրոններում կոմիկականը, զաւեշտալին թագնուած է լինում սովորաբար պիեսի տեքստում եւ դերասանութիւնը խօսքի մէջ է ներդրւում։

Բոլորովին ուրիշ ճանապարհով է գնում ռեժիսոր Նարինէ Մալեանը։ Նրա համար խօսքը նպատակ չէ, այլ առիթ, որպէսզի նա ցուցադրի կոմիկականը արդէն խօսքից դուրս։ Բեմադրութիւնը արուած է յատուկ պլաստիկայի մէջ եւ անհաւատալի է, որ ոչ մի խորեոկրաֆ, պարուսոյց չի մասնակցել ներկայացման զաւեշտալի խորեոկրաֆիային, որն ընթանում է ամէն երկվայրկեանին, կոմիկական շունչ հաղորդելով բեմում տիրող գործողութեանը։ Առաջին իսկ վայրկեանից բեմում ծիծաղ է յայտնւում եւ այլեւս չի լքում ներկայացումը։ Թւում է, թէ մի առարկայ չկայ բեմի վրայ, որեւէ մի մանրուք, որը չծիծաղայ եւ դա, անշուշտ, բեմանկարիչ Անդրանիկ Յարութիւնեանի շնորհքն է, իսկ պլաստիկան ռեժիսորի մտայղացմամբ ի զօրու եղան իրականացնել չքնաղ մի եռեակ՝ Սամուէլ Թոփալեան, Աստղիկ Աբաջեան եւ Հայկ Սարգսեան։ Բժշկի եւ ոստիկանի դերերում նոյն զաւեշտալի եղանակով հանդէս եկան Արա Սարգսեանն ու Լեւոն Ղազարեանը։ Բայց զաւեշտը ամբողջացրեց եւ ուղղակի փայլատակման հասցրեց ամենակարեւոր գործող անձը, որն էր Թատրոնի մարդը եւ որին մարմնաւորեց Կարեն Խաչատրեանը։

Մեր եւ նրանց Փամելան

Վերջապէս հասանք գլխաւոր անձին, որն է Փամելան եւ որն իր բարութեամբ կանխեց չարագործների նպատակները։ Խոստովանենք, որ եթէ թատրոնը չունենար այդ կերպարը մարմնաւորող դերասանուհի, ապա բեմադրութիւնը չէր դառնայ իրականութիւն, ինչպէս օրինակ, չէր լուծի իր խնդիրները Ֆելինին առանց Ճուլիեթա Մազինայի։ Փամելայի դերում հանդէս եկաւ Քրիսթինա Յովակիմեանը։ Երբ նրա հերոսուհին խօսում էր Աստծու հետ, երբ պատրաստւում էր կեանքին վերջ տալ, որպէսզի միւսները յաջողեն, նա համոզում էր հանդիսատեսին, նա տիրապետում էր հոգու անհրաժեշտ պլաստիկային։ Ի տարբերութիւն միւս բոլոր Փամելաների, մեր Փամելան ծեր կին չէր, այլ՝ երիտասարդ։ Ոմանք կ՚ասեն, թէ ծերերը չեն կարող լինել երիտասարդ, բայց մենք ի սկզբանէ լինել թէ չլինելու ընտրութեան մէջ կանգ առանք լինելու վրայ, պարոնայք։