Ա~խ, Իլհան ապի

Վերին աստիճանի ողբալի է այն փաստը, որ Թուրքիայի ճանաչված երկու գրող-մրողներ իրենց մայրերի հայ լինելը թաքցնելու անհրաժեշտությունն են զգացել:

2012/09/19

Օրալ Չալըշլար

Իլհան Սելչուքն ասաց. «Վերև` սենյակս արի` խոսենք»: 2003 թ. մայիսի 12-ին էր: Այդ օրը «Ջումհուրիյեթ» օրաթերթում տպագրված հոդվածիս վերնագիրն էր` «Այսպես կոչված, Հայոց ցեղասպանության պնդումները»: Այն ժամանակաշրջանն էր, երբ կրթության նախարարի աթոռն էր զբաղեցնում Հյուսեին Չելիքը: Հայկական դպրոցները ներառյալ` բոլոր նախակրթարաններ մի շրջաբերական էր ուղարկվել, թե «Հայոց ցեղասպանության մասին պնդումը սուտ է. իրականում հայերն էին կոտորած արել»: Եվ պահանջվել էր, որ այդպես գրեն նաև հայ երեխաները:

Հոդվածիցս որոշ տողեր մեջբերեմ. «Ի՞նչ անի հայկական դպրոցը… տեսուչները կգան և նրանց հերը կանիծեն: Այնժամ… «չհիմնավորված Հայոց ցեղասպանությունը» կբացատրվի մանուկներին… Այդ քարոզչությունը մոլորեցնող է անգամ թուրք երեխաների դեպքում: Հայ մանուկն իր ընտանիքից, մերձավորներից և «վերապրածներից» ինչ-որ կերպ կտեղեկանա, թե այս երկրում ապրած 2 միլիոն հայերից ինչու՞ են 60 հազարը մնացել: Նա կիմանա նաև, թե ինչու է անհրաժեշտ, որ դպրոցում ասի լրիվ հակառակը այն ամենի, ինչ իրեն տանն է ասվել: Իսկ ի՞նչ կանի թուրք երեխան. մի՞թե որպես «այսպես կոչված ճշմարտություն, որպես «սուտ» կընդունի 88 տարի առաջ Օսմանյան կայսրությունում կատարված բռնությունը, մի հսկայական հավաքականության` տնից-տեղից զրկվելու փաստը»:

«1915-ը օսմանյան պատմության ցավալի էջերից մեկն է: Այն ժամանակ Միություն և առաջադիմությունը մարդկության դեմ ոճիր է գործել: Ինչու՞ ես այդ հանցագործությունը հանձն առնեմ և դեմ դուրս գամ պատմական փաստերին` ասելով, թե դրանցից ոչ մեկը չի կատարվել, դրանք «այսպես կոչված» են: Ինչու՞ ստերով լցնեմ պատանի ուղեղները»:

Ալև Ջոշքունը, որին առավոտյան հանդիպեցի միջանցքում, նախազգուշացնող-քննադատող տոնով մրթմրթաց. «Ինչպե՞ս ես նման բան գրում: Այդպիսի հոդված Ամերիկայում անգամ չես կարող գրել»: Սիրտս նեղվել էր. Ալև Ջոշքունը գնացել և այդ մասին հաղորդել էր Իլհան Սելչուքին:

«Եթե հավատամ, որ ցեղասպանություն է եղել»

Մտա Իլհան Սելչուքի սենյակ: «Օրա’լ ջան, եթե հավատամ, որ Հայոց ցեղասպանություն է եղել, առաջին հերթին ես կգրեմ»,-ասաց նա:  Ուշադրություն էր գրավում այն հանգստությունը, որով նա արտահայտվում էր: «Եթե հավատամ, որ ցեղասպանություն է եղել»-ը գամվեց իմ ուղեղում: Մի տեղից լսել էի, որ Իլհան Սելչուքի մայրը հայ է եղել: Եղան նաև մարդիկ, ովքեր, երբ տեղափոխվեցինք Շիշլիում գտնվող շենքը (թերևս «Ջումհուրիյեթ» օրաթերթի խմբագրության-Ակունքի խմբ.), ասացին, թե «Իլհան Սելչուքի սենյակի պատուհանը բացվում է դեպի իր մորաքրոջ` Ռոզի գերեզմանը»:

Մտածեցի, թե ինչպես է ազդել Սելչուք եղբայրների կյանքի վրա նրանց «հայ մայրը», ով օրակարգ բերվեց Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհիվ:

Ռազմական դպրոցի խոչընդոտը

Պետք է որ 1940-ականների սկիզբը լիներ… Իլհան Սելչուքի հայրը` Միլաս գավառի զինվորական մասնաճյուղի ղեկավար Քասըմ Սելչուքը, օգնություն պահանջեց Միլասի գավառապետ Վասֆի Գերգերից (Հալուք Գերգերի հայրն է): Նրա որդիները` Թուրհանը և Իլհանը, ռազմական դպրոց չէին ընդունվել` իրենց մոր հայ լինելու պատճառաբանությամբ: Հայրը Անկարայում կապեր ունեցող Վասֆի բեյից խնդրեց ապահովել, որ իր որդիներին ընդունեն դպրոց: Չստացվեց:  

Հայազգի մայրը, ինչպես մի ստվեր, հետևեց նրանց` ողջ կյանքի ընթացքում: Դատարան տվեցին մի հեղինակի, ով գրել էր, թե «նրանց մայրը հայ է»: Երկու եղբայրների պահանջով փաստաբանները գնացին և աչքի անցկարցրին Միլասի գրանցումները: Նրանց մոր անցյալի մասին ոչ մի գրանցում չկար: Սակայն ուներ հայ եղբայր ու քույր, որոնք կրում էին Ռոզ և Սիմոն անուններն ու նախընտրել էին այդպես ապրել:

Մորաքույր Ռոզը և քեռի Սիմոնը միշտ արհամարհվեցին նրանց կողմից: Երբ Իլհան Սելչուքը մի օր իմացել էր, որ մորաքույրն էլ է իր գնացած տանը գտնվում, փակվել էր մի սենյակում և չէր ցանկացել մորաքրոջը տեսնել: Կարելի է ասել, որ Իլհան Սելչուքի կյանքն անցել է իր հայ մորը թաքցնելով:

Մեր երկրում բազմաթիվ մարդկանց մայրերը, մորական կամ հորական տատերը հայ են… Երբ հայ տղամարդիկ սպանվեցին, կանանց ու աղջիկների մի մասը ողջ մնալու համար դարձան կամ հարկադրված եղան մահմեդական ձևանալ:

Վերին աստիճանի ողբալի է այն փաստը, որ Թուրքիայի ճանաչված երկու գրող-մրողներ իրենց մայրերի հայ լինելը թաքցնելու անհրաժեշտությունն են զգացել: Ավելին, նրանք այն անձանցից էին, ովքեր ի սրտե հավատում էին «հանրապետական հեղաշրջմանը»: Օրինակ, միշտ «դրական ազդակ» են համարել բանակի` քաղաքականությանը միջամտելը, մի բանակի, որը ղեկավարում էին այն ռազմական դպրոցի շրջանավարտ սպաները, ուր նրանք չընդունվեցին` իրենց մոր հայ լինելու պատճառով:

Սելչուք եղբայրների ապրած դրաման իրապես «մեր երկրի ողբերգությունն է»: «Ուրիշ» լինելու իմաստը բացահայտող մի արտակարգ օրինակ և պատմություն:

Ա~խ, Իլհան ապի

Երանի թե քո հայազգի մորը կարողանայիր հարստություն համարել և հպարտանալով պաշտպանել նրան:

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net