Ոսկէ Ծիրանը թակում է մեր դուռը

Ոսկէ Ծիրանը թակում է մեր դուռը

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Յուլիսի 13-20-ը Երեւանում «Ոսկէ Ծիրան»-ի օրերն են, ուրեմն մայրաքաղաքը կ՚այցելեն բազմազան կինօգործիչներ, իսկ իւրաքանչիւր զբօսաշրջիկ հնարաւորութիւն կ՚ունենայ դառնալ նաեւ կինօհանդիսատես: Ինչպէ՞ս կողմնորոշուել կինօհոսքի մէջ, քանզի ամէն նախընտրած ժապաւէն կարող է խոչընդոտել աւելի լաւ կինոյի դիտմանը: Փառատօնին մասնակցելու համար 1500 յայտ էր եկել 95 երկրներից: Մրցութային ծրագրերի մէջ ընդգրկուեցին 70-ը` Խաղարկային, Վաւերագրական, Կորիզ (կարճամետրաժ) եւ Հայկական համայնապատկեր անուանակարգերում: Սակայն փորձը ցոյց է տալիս, որ մրցութային ծրագիրը պարտադիր է դատակազմի եւ լրագրողների համար, դատակազմի ընտրած մրցանակակիր ֆիլմերը կարելի է դիտել վերջին օրը, երբ արդէն ամփոփուեցին արդիւնքները, իսկ  հանդիսատեսի շահը թաքնուած է արտամրցութային ծրագրերում, որտեղ արդէն գլխապտոյտ առաջացնող ընտրութիւն կայ:

Արտամրցութային ծրագիրը առաջարկում է`

1. Երեւանեան պրեմիերա 6 ֆիլմերով,

2.Գերմանական նոր կինօ 3 ֆիլմերով, արտադրուած 2013, 2014-ին,

3. Ֆիլմեր Փարաճանովի մասին (5 վաւերագրական ֆիլմեր),

4. Ուքրաինական պոէտիկ կինօ, որն ընդգրկում է 8 ֆիլմեր,

5. Սոցիալական փոփոխութիւնների կինօն եւս 8 ֆիլմեր է ցուցադրելու,

6. Նշանակէտը` Կովկաս 6 ֆիլմերով է հանդէս գալու,

7. Հայեացք ներսից եւ դրսից 17 ֆիլմեր է նախատեսում։

Ինչպէս տեսնում ենք կեդրոնում Փարաճանովն է եւ ուքրաինական կինօն, քանզի Ուքրաինայում է սկսել իր կինօճանապարհը կինոյի մեծագոյն նորարարը, որն այս տարի դարձաւ 90 տարեկան, ուստի եւ 11-րդ Ոսկէ Ծիրանը բացուելու է Փարաճանովի «Նռան գոյն»ով: Իսկ փակման արարողութեանը կը ցուցադրեն Ժան-Լիւք Գոդարի «Հրաժեշտ լեզուին» (Jean-Luc Godard, “Adieu au langage” ) ֆիլմը, որը 2014-ի Քաննի փառատօնին արժանացել է ժիւրիի մրցանակին: Երեւանեան պրեմիերա ծրագրի շրջանակներում ընդգրկուած է իտալական ռեժիսոր Երուանդ Ճանիկեանի եւ նրա կողակից, համահեղինակ Անճելա Ռիչչի Լուկկիի «Բարբարոս երկիր» ֆիլմը (2013), ի դէպ Ճանիկեանը լինելու է վաւերագրական ֆիլմերի մրցոյթի ժիւրիի նախագահ: «Ոսկէ Ծիրանը» միշտ արձագանգում է Քաննի փառատօնի յաղթանակներին. այս տարուայ, այսինքն Քաննի 67-րդ փառատօնի «Ոսկէ Արմաւենու Ճիւղ»-ին արժանացաւ Նուրի Պիլկէ Ճեյլանի «Ձմեռային Քուն» ֆիլմը, որը նոյնպէս Երեւանեան պրեմիերայի կազմում է, ինչպէս նաեւ 2014-ին արտադրուած Վիտալի Մանսկու «Գիրք» ֆիլմը, նուիրուած է Գրիգոր Նարեկացուն:

ՈսկԷ Ծիրանը հետաքրքիր է ոչ միայն ֆիլմերով, այլ նաեւ ֆիլմերի հեղինակների ներկայութեամբ, որոնք հանդէս են գալիս որպէս պատուաւոր հիւրեր:

Այս տարուայ հիւրերից են` չինացի Ցզեա Չժանկեն (ծն. 1970-ին) իր յետահայեաց 7 ֆիլմերով, հարաւ-կորեացի Կիմ Կի Դուկը (ծն 1960-ին) իր «Կղզի» ֆիլմով եւ իսրայէլցի Ամոս Գիտայը (ծն.1950-ին) իր 4 ֆիլմերով: Յարգանքի տուրքի է արժանանալու իր 80-ամեակի առթիւ վրացի ռեժիսոր Օթար Իոլեսիանին, որը 1980-ից ֆրանսիական կինօ է ստեղծում:

Ի հարկէ, այսօր համացանցը բոլոր ֆիլմերը լաւագոյն թարգմանութեամբ տրամադրում է օգտատէրերին, սակայն այն ի վիճակի չէ փոխարինել շփումը ֆիլմի հեղինակի հետ, որը ներկայ կը գտնուի իր ֆիլմի ցուցադրմանը եւ կը ծանօթանայ հայաստանեան հանդիսատեսի հետ...։