Բենժամին Բրիտտենը Դիլիջանի Կոմպոզիտորների Միութեան Տանը

Դիլիջանում 26 քոթեջներ կան, որոնք պատկանում են Կոմպոզիտորների եւ երաժշտագէտների Միութեանը թերեւս պատմութեան գիրկը անցած սովետական ժամանակներից։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarl@rambler.ru

Դիլիջանում 26 քոթեջներ կան, որոնք պատկանում են Կոմպոզիտորների եւ երաժշտագէտների Միութեանը թերեւս պատմութեան գիրկը անցած սովետական ժամանակներից։ Քոթեջներից մէկի պատի վրայ յուշաքար է տեղադրած, որ այս տանը ապրել եւ ստեղծագործել է Առնօ Պապաճանեանը. եթէ մտնես, ապա կը տեսնես ռոյալ-դաշնամուր, սեղան եւ աթոռներ, սառնարան եւ վառարան, երկու ննջասենեակներ եւ կարեւորը պատշգամբն է, որը ուղղակի ներքաշում է քեզ անտառի թաւուտի մէջ տարաբնոյթ թռչունների ձայներանգների ներքոյ։ Այս Տան ամէն մի քարը դրուել է Էդուարդ Միրզոյեանի (1921-2012) հսկողութեան ներքոյ եւ բազմաքանակ ծառեր են տնկուել այն ծառերի փոխարէն, որոնք հատել էին շինարարութեան պատճառով, եւ այսօր զուր չէ որ Կոմպոզիտորների Տունը կրում է Էդուարդ Միրզոյեանի անունը։

Հայեացքդ սահում է անտառներով ծածկած լեռների լանջերին, որոնց գագաթները ողողուած են ամպերով։ Սովետական Միութեան շատ կոմպոզիտորներ հանգստացել են Դիլիջանի այս Տանը, որոնցից մէկը Տմիթրի Շոստակովիչն էր։ Հենց Շոստակովիչի միջամտութեամբ 1965-ին քոթեջներից մէկում յայտնուեց բրիտանացի կոմպոզիտոր Բենժամին Բրիտտենը (1913-1976) եւ անցկացրեց այստեղ 2 անմոռանալի շաբաթ իր ընկերոջ՝ թենոր Փիթեր Փիրսի հետ։ Յուլիսի 3-ին այդ քոթեջի ներսի պատերին կարելի էր տեսնել 49 տարուայ վաղեմութեան լուսանկարներ, որտեղ Բենժամին Բրիտտենը պատկերուած է Ռոստրոպովիչ- Վիշնեվսկայա զոյգի, ինչպէս նաեւ Առնօ Պապաճանեանի, Էդուարդ Միրզոյեանի եւ Ալեքսանդր Յարութիւնեանի հետ։ Իսկ քոթեջի դրսի պատի վրայ երաժշտական հանրութեան ներկայութեամբ, որը ժամանել էր Երեւանից, Մեծ Բրիտանիայի դեսպան՝ Քեթի Լինչը, Կոմպոզիտորների Միութեան նախագահ Արամ Սաթեանի հետ մէկտեղ բացեցին բրիտանացի մեծն կոմպոզիտորի յուշատախտակը, որի վրայ արձանագրուած էր.

ԱՅՍՏԵՂ ԱՊՐԵԼ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ Է ԲԵՆԺԱՄԻՆ ԲՐԻՏՏԵՆԸ
1965 BENJAIN BRITTEN LIVED AND WORKED HERE

Հանդիսութեան պահին քոթեջի ներսից լսւում էր Վիշնեվսկայայի ձայնը. նրա համար էր գրել Բրիտտենը վոքալ շարքը Պուշկինի բանաստեղծութիւնների հիման վրայ։ Քոթեջի մուտքին կարելի էր կարդալ Վիշնեվսկայայի (1926-2012) յուշերը, որոնք լոյս էին սփռում, թէ ինչ հանգամանքների ներքոյ Բրիտտենը ժամանեց Դիլիջան։ Այդ յուշերը չափազանց զաւեշտալի են եւ ապացոյց են, թէ կեանքի ի՜նչ տարբեր կողմերում են գտնւում կինն ու տղամարդը, յատկապէս երբ համատեղ են անցնում կեանքի ուղին։

Վիշնեվսկայան պատմում է, որ յաճախ հարկադրուած է եղել հիւրասիրութիւններ անել արտասահմանցի երաժիշտների համար, որոնք պատկերացում անգամ չունէին, թէ սովետական պայմաններում ինչ հերոսական հնարամտութիւն էր դա պահանջում. նա պատրաստում էր ընդունելութիւնների համար ռուսական բլիթեր, որոնց վրայ առատօրէն ածում էր թթուասեր եւ իւղ, որպէսզի կշտացնող լինի, քովն էլ դնում էր 2 քիլօկրամ սեւ խաւիար, մէջը տնկած ապուրի գդալով։ Սակայն երբ Ռոստրոպովիչը հրաւիրեց Բենժամին Բրիտտենին Փիթեր Փիրսի հետ 1 ամսով իր մօտ, Վիշնեվսկայան խուճապի մատնուեց. ի՞նչպէս պիտի սովետական կինը ապահովէր երկու եւրոպացու սնունդը, երբ ամէն ինչ ձեռք էր բերւում երկարատեւ հերթերի մէջ կամ էլ «տակից», ինչպէս ասում էինք սովետական տարիներին...։

Եւ ահա Շոստակովիչը խորհուրդ է տալիս բերել հիւրերին Դիլիջանի սքանչելի Տունը, եւ այսպիսով բրիտանացիները Ռոստրոպովիչի եւ Վիշնեվսկայայի հետ մէկտեղ դառնում են հայ կոմպոզիտորների, հայ ժողովրդի եւ ողջ Սովետական Հայաստանի հիւրերը։ Կարելի՞ է արդեօք երեւակայել, թէ ինչ հիւրասիրութեան եւ հոգատարութեան են արժանանում նման տաղանդաւոր եւ համբաւաւոր մարդիկ Դիլիջանում։ Խորովածներին յաջորդում էին իշխան ձուկն ու հաւի ճուտերը, թէպէտ տողերը չեն բաւեր՝ նկարագրելու համար ճաշատեսակների ցանկը։

Միայն թէ մի անգամ Բրիտտենը ցանկացաւ նոր կօշիկ առնել իր մաշուած կօշիկի փոխարէն։ Որտեղի՞ց իմանար մեծն բրիտանացին, որ մեր խանութներում իր ուզած կօշիկը առնել անհնար էր. այստեղ էլ Էդուարդ Միրզոյեանը խառնուեց իրար եւ գտաւ այնպիսի վարպետ, որը նորոգեց անգլիացու կօշիկը պատշաճ ձեւով։

Այդ օրերի յուշերը թողեց ոչ միայն Վիշնեվսկայան։ Դեսպան Քեթի Լինչը բացման հանդիսութեանը պատմեց. «Հայրս Լոնտոնի գրախանութներից մէկում գտել էր Բրիտտենի ընկերոջ՝ Փիրսի յուշագիրը, որն էլ այսօր յանձնեցինք այստեղի գրադարանին։ Գրքում նշուած է, որ Բրիտտենը շատ էր տպաւորուել հայկական հիւրընկալութեամբ եւ հիւրասիրութեամբ, ինչպէս նաեւ ոգեշնչուել է հայ  երաժիշտներով եւ բնութեամբ...»։

Ի՜նչ խօսք, միայն սովետական մարդիկ կարող են հասկանալ, թէ ինչպիսի ջանքեր էին գործադրւում Սովետական Միութիւնում, որպէսզի աշխարհին ապացուցուէին սոցիալիստական առաւելութիւնները քապիտալիստական արեւմուտքի առաջ, սակայն հայաստանեան հիւրասիրութիւնը բոլոր քաղաքական համակարգերից եւ հնարաւորութիւններից վեր էր եւ անհասանելի բարձունքին է մնում մինչ օրս...։