Մեկուսի Ռուսաստանը

Պատերազմ ապրած եւ ահռելի զոհերի գնով յաղթած սովետական ժողովուրդը միայն մի բանից էր վախենում՝ պատերազմի կրկնութիւնից եւ մի բանով էր ուրախանում՝ պատերազմի բացակայութիւնից։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Աշխարհ անցիր՝ ամէն տեղ հայու կը հանդիպես։ Ի՞նչ է ուզում հայը։ Լաւ ապրել։ Բարեկեցիկ ապրել։ Զաւակներին տուն-տեղ թողնել եւ ապահով պիզնես։ Եթէ այս երկրում չի՛ յաջողուի, ապա միւս երկրում կը փորձի։ Հետաքրքիր մի ֆիլմ էր նկարահանել Վիտալի Մանսկին եւ անունը դրել «Գիրքը», նկատի ունենալով Նարեկացու «Մատեան Ողբերգութեան»-ը։ Սցենարը գրել էր ինքը  Մանսկին Մեսրոպ քհն. Արամեանի հետ մէկտեղ։ Հային մենք տեսնում ենք ամենուրէք. ԱՄՆ-ում , Թուրքիայում, Աւստրալիայում, Իսրայէլում, սակայն երբ հերթը հասնում է Ռուսաստանին, ապա խօսում է  նաւատորմի կապիտանը եւ ասում է հետեւեալը. «Ռուսաստանը երբեք Զուիցերիա չի դառնայ»։ Նա ի նկատի ունէր փոքր մարդուն, որն իրեն լիարժէք մարդ է զգում Եւրոպայում, իսկ Ռուսաստանո՞ւմ… «Ռուսաստանը միշտ պիտի ուժեղ լինի»։ Ահա թէ ինչ. եթէ Ռուսաստանը մարդու երկիր չէ, այլ՝ ուժի, ուրեմն այդ ուժը փոքր մարդու հաշուին է ձեռք բերւում։

Մենք առաջինն էինք տիեզերքում

1961-ի ապրիլի 12-ին Կակարինը թռաւ տիեզերք եւ մտաւ պատմութեան մէջ որպէս առաջին մարդ, յայտնուած երկրագնդից դուրս։ Սա նշանակում էր, որ Սովետական Միութիւնը միւս բոլոր երկրներից առաջ անցաւ տիեզերագնացութեան մէջ եւ այսույետ Ապրիլի 12-ը նշւում է որպէս տիեզերագնացութեան միջազգային օր, սակայն այդ յաջողութեանը Սովետական Միութիւնը հասաւ փոքր մարդու հաշուին։ Մի ռուս գրող պատմում է, որ 1961-ին նա եկել էր Կրասնոեարսկ քաղաք (Արեւելեան Սիբիր)  եւ մտել էր մթերային խանութ, որտեղ ոչ մի ուտելու բան չկար, նոյնիսկ պահածոյ։

«Ամենուրէք կնանիք կանգնած ծախում էին տոպրակների մէջ ղանձիլ, հաւաքած տայգայում (անտառերկիր)։ Քիչ  անդին ծխախոտի քիլոմեթրանոց  հերթ էր։ Եւ այս ամէնի հետ մէկտեղ անատամ կնանիք բացականչում էին «Կակարին»։ Ինչի՞ն էին ուրախանում։ Երկիրը սոված էր, բացի ղանձիլից բան չկար ուտելու։ Կնանիք չէին հասկանում, որ սոված ու անատամ են նրանք այն պատճառով, որ երկիրը տիեզերք է թռցրել Կակարինին, իսկ դա միլիառներ արժէր…»։

Պատերազմ ապրած եւ ահռելի զոհերի գնով յաղթած սովետական ժողովուրդը միայն մի բանից էր վախենում՝ պատերազմի կրկնութիւնից  եւ մի բանով էր ուրախանում՝ պատերազմի բացակայութիւնից։ Յիշում եմ, մանկութեանս մենք ընտանիքով հիւրընկալուել էինք մի ռուսական գիւղում՝ նոր կթած կաթ, բալենիներ, անտառում հաւաքած ֆունդուկ, կոկորդային երգեցողութիւն պարով, որի ատեն կրունկներով ուժգին դոփում էինք գետինը, արեւածագ, գետ, որի մէջ ջուրը չգիտես ինչի գոլ էր… Հրաժեշտին ծնողներս երկար համոզում էին, որ ռուս ընտանիքն էլ Հայաստան այցելի, սակայն նրանք կտրուկ հրաժարուեցին.- «Եթէ այդ միջոցին պատերազմ սկսուի, ինչպէ՞ս պիտի մեր տուն վերադառնանք»-, պատճառաբանեցին։ Անհաւատալի է, չէ՞։ Բայց այս ժողովրդին ցածր աշխատավարձով էին աշխատացնում, իսկ ապրանքի համար ողջ Սովետ միութիւնը Մոսկուա էր գնում եւ օր ու գիշեր հերթերի մէջ անշարժանում, ինքզինքը հանգստացնելով «միայն թէ պատերազմ չլինի»։ Ահա թէ ինչ գրառում ունի ռուսաց  Նիկոլայ Ա. կայսրը (1796-1855).

«Ռուսաստանը երկրագործական, արդիւնաբերական կամ առեւտրական տէրութիւն չէ։ Ռուսաստանը ռազմական տէրութիւն է եւ իր կոչումն է սպառնալիք լինել մնացեալ աշխարհին»։

Մնացեալ աշխարհի մէջ մտնում են բացարձակ բոլորը, սկսած հարեւաններից,  ընկերներից (գործընկերներ), եւ նոյնիսկ եղբայրներից...

Քարոզչութիւնը որպէս սուտի արուեստ

Երեւակայէք, որ 2008-ին ռուս-վրացական ընդհարման ժամանակ ռուսները լուրջ հաւատում էին, որ վրացիները սպառնում են ռուսներին, առանց հաշուի առնելով, որ Վրաստանը 4 միլիոնանոց երկիր է, իսկ Ռուսաստանը՝ 143 միլիոն, իսկ որքան դիւրին է այսօր համոզել Ռուսաստանի բնակչութեանը, որ ուքրաինացիները ֆաշիստներ են եւ պէտք է փրկել ֆաշիստներից  Ուքրաինայի  ռուս բնակչութիւնը։ Ռուսաստանում Սովետական ժամանակներից բնազդ էր դարձել «Վրեմեա» դիտելը (վրեմեա ռուսերէնով նշանակում է ժամանակ)։ Լուրերի անունը չփոխուեց, եւ սուտն էլ չփոխուեց, դեռ աւելին, այն աւելի սոսկալի բնոյթի վերածուեց։ Գիտէ՞ք, թէ ինչու։ Այժմ հնարաւոր է համացանցում այլընտրանք գտնել, օրինակ  Փութինը հաւաքել էր հրեաներին եւ կոչ անում, որ ֆաշիստների (ուքրաինացիների) դէմ դուրս գան եւ յիշեցրեց նացիստական Գերմանիայի Լուսաւորչութեան եւ քարոզչութեան նախարար Paul Jozeph Goebbels-ի միտքը այն մասին, թէ «որքան աւելի հրէշաւոր է սուտը, այնքան աւելի դիւրին դրան կը հաւատան», աւելացնելով, որ Գէօբելսը շատ տաղանդաւոր մարդ էր։ Այո, իր գործի վարպետն էր, սակայն Փութինը մէջբերեց  ոչ թէ Գէօբելսի, այլ Հիթլերի խօսքերը, որը սովորաբար վերագրում են Գէօբելսին. «Շարքային մարդիկ հաւատում են աւելի շատ մեծ սուտին, քան փոքր։ Դա համապատասխանում է նրանց գռեհիկ հոգուն։ Նրանք գիտեն, որ փոքր սուտ իրենք էլ կարող են յօրինել, բայց մեծ՝ կ՚ամաչեն։ Մեծ սուտը նրանց ի զօրու չէ, այդ է պատճառը, որ նրանք չեն կարող երեւակայել, որ միւսներն էլ ունակ են չափազանց մեծ, հրէշաւոր սուտի, փաստերի չափազանց անխիղճ խեղաթիւրման» (“Mein Kampf”, «Իմ Պայքարը»)

Իսկ Գէօբելսը 1933-ին ձայնասփիւռի ընկերութիւններին յայտնեց . «Ես համաձայն չեմ, որ քարոզչութիւնը ինչ-որ ցածրորակ բան է. մենք այսօր նստած չէինք լինի նախարարական աթոռներին, եթէ չլինէինք քարոզչութեան մեծ ճարտարապետներ։ Ինչո՞ւմն է քարոզչութեան գաղտնիքը. նրան, ում ենթարկում ես քարոզչութեան, պիտի ամբողջովին ներծծուած լինի քարոզչութեան գաղափարով, սակայն այնպէս, որ նոյնիսկ չնկատի, որ ներծծուած է»։

Ահա քարոզչութեան մի քանի դասեր Գէօբելսից . 1. քարոզչութիւնը ընդամէնը միջոց է, այլ ոչ նպատակ; 2. քարոզչութիւնը ուղղուած է միայն ժողովրդի զանգուածներին, այլ ոչ մտաւորականութեանը, ուստի դրա մակարդակը պիտի լինի սահմանափակ մտահորիզոն ունեցողների համար; 3. քարոզչութիւնը պիտի ազդեցութիւն գործի աւելի շատ զգացմունքի, քան գիտակցութեան վրայ, քանզի զանգուածները իրականում կանացի բնաւորութիւն ունեն, ուրեմն զգացմունքները նրանց աւելի հասանելի են, քան մտորումները; 4. քարոզչութիւնը պիտի սահմանափակուի մինիմումով եւ շարունակ կրկնուի, յամառութիւնը յաջողութեան կարեւոր նախադրեալն է։

Այսպիսով Փութինի առաջնորդները Գերմանիայի ֆաշիստական գաղափարախօսներն են։ Նա գրաքննութիւն է մտցրել համացանցում, 5 տարի դատապարտում հանրահաւաքին մասնակցելու համար, մասնաւոր հեռուստաալիքները գոցւում են, նրանց արգիլուած է գովազդ տեղադրելը։

Մի անգամ հրէշաւոր սուտը նոյնիսկ իր հրէշային չափը անցաւ. Առաջին Հանրային ալիքով մի կին պատմեց, թէ Լուգանսքում (Ուքրաինայի արեւելեան մասերի Լուգանսքը եւ Դոնեցքը ինքնահռչակուեցին որպէս ժողովրդական հանրապետութիւններ) 3 տարեկան տղային հրապարակում խաչել են, իսկ մօրը թանքից կապել եւ տանջամահ արել։ Մինչ մտաւոր կարողութիւն ունեցողները սարսափում էին սուտի չափերից, հասարակ մարդիկ սոսկում էին ուքրաինացի ֆաշիստներից, որոնք կոտորում են ռուսներին։ Մի ողջամիտ լրագրող հարց ուղղեց Տեղեկատուական նախարարի տեղակալին, արդեօ՞ք չպէտք է այդ նիւթը պատրաստողները ներողութիւն խնդրէին իրենց հեռուստադիտողներից, սակայն վերջինս պատասխանեց. «Ամէն ինչ նորմալ է, լրագրողը հարցնում է, քաղաքացին պատասխանում է»։

Ապաշխարում, ապաֆաշիզացում, ապակոմունիզացում

Տեղեկատուական պատերազմում նորընտիր ուքրաինական կառավարութեանը ռուսները անուանում են խունթա (cunta), իսկ Քիեւը ինքնահռչակուած հանրապետութիւնները անուանում է ահաբեկչական կազմակերպութիւններ, որի դէմ իրականացուող հակաահաբեկչական գործողութիւնները Քրեմլը անուանում է պատժիչ գործողութիւններ։ Հետաքրքիր բաներ կարելի է պարզել մեր ընդհանուր պատմութեան մասին. փաստօրէն մենք պատմութիւնը որպէս գիտութիւն չենք անցել բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում, մենք անցել ենք կոմունիստական կուսակցութեան քարոզչութիւն։ Երկիրը, որ ստեղծել էին պոլշեւիկները, հակաիրաւական էր, յանցաւոր, հիմնուած մասնաւոր սեփականութեան կողոպուտի վրայ։ Գերմանիայում, Աւստրիայում եւ Իտալիայում ֆաշիզմն ու նացիզմը դատապարտուեցին, Մերձպալթեան երկրներում, Լեհաստանում, Չեխիայում, Սերպիայում, Պուլղարիայում դատապարտուեց կոմունիզմը, այն ճանաչուեց որպէս յանցաւոր շրջան եւ կատարուեցին գործընթացներ, որոնք լատիներէն ասում են restitutio  եւ  lustratio, այսինքն՝ իրաւունքների վերականգնում, մասնաւորապէս սեփականութեան իրաւունքի, իսկ երկրորդ լատիներէն բառը նշանակում է մաքրազտում...Ռուսաստանը ոչ միայն մեղքերի թողութիւն չանցաւ, այլ ամենաբարձր մակարդակով վեր է յիշում Սթալինին եւ նոյնիսկ հարց է դնում Վոլգոգրադը վերանուանել նախկին Սթալինգրադի։ Սովետական Միութեան փլուզումից յետոյ բոլոր հանրապետութիւնները անկախութիւն ձեռք բերեցին, անկախութիւն Ռուսաստանից, ռուսական կայսերապաշտութիւնից, եւ միայն Ռուսաստանի համար ռուսաց աշխարհի վերականգնումը դարձաւ անբուժելի հիւանդութեան նման մի բան։

Ուքրաինայում ծիծաղում են այս առթիւ.

- Դուք չէ՞ք վախենում ուքրաինացի ֆաշիսթներից, որոնք կարող են յարձակուեն ձեր վրայ ու սպաննեն ձեզ։

            - Վախենում ենք, բայց աւելի շատ վախենում ենք ռուսներից, որոնք կու գան մեզ փրկելու։

- Եթէ Ղրիմը պատկանում է Ռուսաստանին, որովհետեւ այնտեղ շատ ռուսներ կան, ուրեմն Մոսկուան պէտք է յանձնել տաճիկներին։

- …