Պատերազմներ՝ երջանիկ կամ դժբախտ

Պարզւում է, որ պատերազմներն էլ են լինում երջանիկ կամ դժբախտ։ Զինուորը իր կեանքն է զոհաբերում յանուն հայրենիքի եւ զոհուելով՝ իր անունը փառքով պսակում եւ համալրում հերոսների շարքը։ Յամենայնդէպս այդպէս էր մինչեւ հիմա։ Այժմ պատերազմը պատերազմ էլ չի կոչւում. այն չի յայտարարւում, չկայ ռազմաճակատի գիծ, հրամանատարներ, զօրք չկայ իր տարբերիչ նշաններով, ուստի եւ զոհուածներն էլ հերոսներ չեն, իսկ նրանց շիրիմներն էլ անանուն են, միայն համարակալած։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Պարզւում է, որ պատերազմներն էլ են լինում երջանիկ կամ դժբախտ։ Զինուորը իր կեանքն է զոհաբերում յանուն հայրենիքի եւ զոհուելով՝ իր անունը փառքով պսակում եւ համալրում հերոսների շարքը։ Յամենայնդէպս այդպէս էր մինչեւ հիմա։ Այժմ պատերազմը պատերազմ էլ չի կոչւում. այն չի յայտարարւում, չկայ ռազմաճակատի գիծ, հրամանատարներ, զօրք չկայ իր տարբերիչ նշաններով, ուստի եւ զոհուածներն էլ հերոսներ չեն, իսկ նրանց շիրիմներն էլ անանուն են, միայն համարակալած։ Խօսքը գնում է ռուս-ուքրաինական պատերազմի մասին։ Պատճա՞ռը։ Մի օրինակ բերեմ իմ կեանքից, եթէ թոյլ տաք. 90-ականների ցուրտ ու մութ տարիներին, ձմեռուայ սառցակալած գետնին խանութից դուրս գալու պահին սայթակեցի ու ընկայ… Ինձ մօտեցան մի քանի անցորդներ եւ փոխանակ օգնութիւն ցուցաբերելու պայուսակս ու մթերքով լեցուն փոշէթը ձեռքիցս խլեցին-տարան… Հենց նման կերպով վարուեց Ռուսաստանը Ուքրաինայի հետ. Մայտանի յեղափոխութիւնից յետոյ զաւթեց Ղրիմն ու Սեւաստոպոլը եւ հիմա պատերազմում է, որպէսզի հարաւային քաղաքները կտրի Ուքրաինայից։ Սակայն Ռուսաստան ասուածը դա միայն Փութինը չէ եւ նրան փառաբանող քարոզչութիւնից զոմպիացած մեծամասնութիւնը։ Փառք Տիրոջը, որ կան մարդիկ, որոնք պատուի եւ խղճի կրողներն են եւ այս գրութեան նպատակն է լսելի դարձնել ընդվզողների ձայնը ընդդէն Փութինի գիշատիչ քաղաքականութեանը։ Ահա թէ ինչ է գրում մի ռուս մտաւորական.

«Կարծում եմ մենք հիմա ականատես ենք Ռուսաստանի համար 20-րդ եւ 21-րդ դարի ամենասարսափելի պատերազմի. խօսքը զոհուածների քանակութեան մասին չէ, այլ հասարակութեան հետ կատարուածի։ Դեռ ոչ մի ազգ չի հասել այն աստիճանի, որ կինը փողի, հատուցման դիմաց հրաժարուի զոհուած ամուսնու կամ եղբօր անունից, փողի կամ բնակարանի դիմաց կինը հանի իր ամուսնու անունը նրա շիրիմից եւ զոհուածին ողջի տեղ ներկայացնի։ Ինչպէ՞ս կարելի է ամէն օր անցնել «Պատիւ, խիզախութիւն, արիութիւն» պլակատի կողքով եւ ինչ-որ խենթի հրամանով գնալ-զոհուել իբր գոյութիւն չունեցող պատերազմում։ Չեչնիայում մենք պողպատեայ գդալների վրայ (ալիւմինէ գդալները կարող էին այրուել զրահասայլում) մեր անուններն էինք փորագրում, որպէսզի այդ մետալէօնների շնորհիւ հնարաւորութիւն ունենանք թաղուելու. անուան իրաւունք գոնէ ունենանք, եթէ կեանքի իրաւունքից զրկուէինք։ Իսկ այս պատերազմի յատկութիւնն է՝ մնալ անանուն, չճանաչուած։ Ես սարսափում եմ։ Սա լինելու է Ռուսաստանի վերջին պատերազմը, ոչ, նրա համար չէ, որ Ռուսաստանը ուժ չի ունենալու շարունակել, այլ այն պատճառով, որ էթնոսի կազմալուծման գործընթացը արդէն աւարտուած է, ազգի բարոյական անկումը կայացել է։ Ճիշդն ասած ոչ մի ազգ էլ գոյութիւն չունի։ Ոչ մի ընդհանրութիւններ չկան։ Սա մի տարածք է, բնակեցուած առանձին խումբիկներով՝ չարացած ու գազազած, պատահական միաւորուած միամեանց արտաքին հանգամանքների ներքոյ, ատելութեամբ լեցուած բոլոր նրանց հանդէպ, ովքեր նրանց վոհմակից չեն»։

«Հասարակութիւն չկայ, -ասում է ռեժիսոր Անտրէ Կոնչալովսկին-, ժողովորդը մնացել է հեթանոսական մակարդակի վրայ, պետութիւնն ու ժողովուրդը չեն միանում, այդպէս է Աֆրիկայում։ Ժողովուրդը միայն մտահոգուած է, որպէսզի թոշակները վճարուեն, ճանապարհին փոսեր չլինեն եւ վերելակները աշխատեն։ Մարդիկ ի սկզբանէ գիտեն, որ ղեկավարները գող են»։

13-15 դարերում ռուսական իշխանութիւնները թաթար-մոնղոլական հորդանների լծի տակ էին, եւ Կոնչալովսկին ասում է, որ ամէն ռուսի մէջ նստած է Բատիյի (Cengiz Han Batu) սինդրոմը, ախտանիշը. կայ մեծ Բատիյը Քրեմլում, նրա տակ հազարաւոր Բատիյներ կան, նոյնիսկ անձնագրային բաժնում եւ այլուր։ Կայսր Պետրոս Ա-ը (1672-1725) վիթխարի բարեփոխումներ ձեռնարկեց, որպէսզի եւրոպացնի ռուս ժողովուրդը, սակայն այսօր Ռուսաստանը ձերբազատւում է եւրոպական աւանդոյթներից, որոնք Պետրոս Ա-ը պարտադրել էր նրան եւ կրկին վերադառնում մոնղոլական սինդրոմին, որը հեռու է ժողովրդավարութիւնից։

Մի Ուքրաինացի ակադեմիկոս կանխատեսում է Ռուսաստանի քայքայումը, քանզի Ուքրաինան կարող է գերեզմանափոր դառնայ Ռուսաստանի համար. «Ռուս ազգ գոյութիւն չունի, դա հաւաքածու է ֆին-ուգոր (fin-uygur), թիւրք եւ այլոց ժողովուրդների։ Իսկ Վլատիմիր իշխանը հենց այստեղ է մկրտել Ռուս հողը, Ժ.-րդ դարում, իսկ ինչ է նշանակում ռո՞ւս, աշխարհում չկայ մի ազգ, որը ոչ թէ գոյականով, այլ ածականով կոչուի»։

Բացատրեմ, ինչ ի նկատի ունէր ակադեմիկոսը. Ռուսաստանը սկսուել է Քիեւից, ասում էին Քիեւեան Ռուսաստան, եւ այսօրուայ Ուքրաինայի մասին ասում են, որ դա Ռուսաստանն է, որը մնաց տանը, իսկ ժամանակակից Ռուսաստանը տարածուեց դէպի Մոսկուա, Նովգորոդ… Ուքրաինացիները ռուսներին ասում են մոսկալի, իսկ հայերէն ասում ենք «ռուս», սակայն եթէ բառացի ռուսերէնից թարգմանենք ազգի անունը, ապա կը լինի «ռուսական», այո, ռուսկիյ նշանակում է ռուսական, այսինքն գոյական չի, այլ՝ ածական։ Ռուսաստանը կազմուած է 22 հանրապետութիւններից, 4 ինքնավար հանրապետութիւններից, 46 շրջաններից եւ 9 երկրամասերից, այսինքն նման է նախկին Սովետական Միութեանը եւ նրա իրաւայաջորդ է, այդ է պատճառը, որ կարող է կազմալուծուել, ինչպէս իր իրաւանախորդը։

Ռուսաստանը իր յարձակողական քաղաքականութեամբ հետզհետէ վերածւում է զէնք-պետութեան, որը սպառնում է շրջակայ երկրներին. Լեթոնիան արդէն մտահոգութիւն ունի, որ Փութինը կարող է «փրկութեան» հասնի նաեւ իր երկրի ռուսներին եւ առաջարկում է ռուսներին լքել Լեթոնիան, իսկ վերջերս խենթութիւնը ուղղուեց նոյնիսկ դէպի Ղազախստանը, որի հետ Փութինը Եւրասիական Միութիւն է ուզում ստեղծել։ Ճիշդ է, նա յիշեցրեց, որ Եւրասիական Միութեան գաղափարը իրենը չէր, այլ հենց Ղազախստանի նախագահ Նազարպայեւի, քանզի ղազախները ըստ Փութինի ուզում են մնալ մեծ ռուսական աշխարհում, որը համաշխարհային քաղաքակրթութեան մաս է կազմում արդիւնաբերութեան եւ առաջադիմութեան տեսակէտից։ Եւ ասաց ի միջ այլոց. «Նազարպայեւը շատ գրագէտ ղեկավար է։ Նա ստեղծել է պետութիւն մի տարածքի վրայ, որտեղ երբեք պետութիւն չէր եղել։ Ղազախները չունէին պետականութիւն»։ Մնացածը Փութինը ասաց արդէն իր ծաղրածու Ժիրինովսկու շուրթերով. «Ղազախստանի դասագրքերում առկայ են հակառուսական տրամադրութիւններ եւ շուտով Ռուսաստանը տարածքային պահանջներ կը ներկայացնի Ղազախստանին։ Ռուսաստանը չի նուաճել Ղազախստանը, այլ օգնութեան է եկել, երբ ջունգարները կոտորում էին ղազախներին։ Ռուսական զօրքը քշեց ջունգարներին դէպի Չինաստան։ Ղազախստանում քաղաքներ կան ռուսական անուններով՝ Սեմիպալատինսկ, Սեմիրեչիէ, Ուստ-Կամենոգորսկ… Մենք այժմ կը սպասենք, որովհետեւ Ղազախստանը Մաքսային Միութեան անդամ է…»։ Սակայն Նազարպայեւը յայտարարեց, որ Ղազախստանը երբեք չի անդամակցի մի կառոյցին, որը կը սպառնայ իր անկախութեանը։ Ահա եւ Մաքսային Միութիւն, որին անդամակցելու համար Հայաստանը հրաժարուեց Եւրոպական ասոցացման հեռանկարից։ Ո՞վ մնաց։ Կարծես Պելառուսը։ Հայաստանի անունը երբեք չի նշւում, երբ խօսում են Եւրասիական Միութեան մասին, երեւի պատճառը մեր բացարձակ կախուածութիւնն է Ռուսաստանից եւ փոքրութիւնը. Հայաստանը տեղաւորւում է Ռուսաստանի կրծքագրպանում եւ մեզ արդէն վաղուց նուաճել-պրծել են։

Սակայն սարսափելի է ոչ թէ Ռուսաստանի արտաքին քաղաքականութիւնը, այլ՝ ներքին։ Հիմա Փութինը ուրախացնում է իր ժողովրդին ոչ թէ բարեկեցութեան եւ ժողովրդավարութեան հնարներով, այլ նրանով, որ ողջ աշխարհը սարսափում է Ռուսաստանի խենթ ուժից, բայց երբ դժգոհութիւն առաջանայ պատժամիջոցների հետեւանքներից, ապա իշխանութեան կու գան ազգայնական ուժերը, որոնց հողը արդէն նախապատրաստում է Փութինի անհաշտ քաղաքականութիւնը։ Եւ այս պայմաններում, երբ ի սպառ բացակայում է քաղաքացիական գիտակցութիւնը, տեսնել, թէ ինչպէս են անվախ անհատները դուրս գալիս փողոց եւ արտայայտում իրենց ընդդիմադիր կեցուածքը, հաւատք է ներշնչում դէպի մարդ արարածը։ Նրանց կարող են գազանաբար ծեծի ենթարկել, նսեմացնել, սակայն նրանց խիղճն ու պատիւը թոյլ չեն տալիս լուռ մնալ։