40 ասորի ազատվել է ԻՊ-ի գերությունից

Շվեդիայում գտնվող Ասորական ասոցիացիաների ֆեդերացիայի հայտարարության համաձայն՝ ԻՊ-ի (իսլամական պետություն) գերության մեջ գտնվող 40 ասորի ազատ է արձակվել։

Սիրիայում մարդու իրավունքների մոնիտորինգի հանձնաժողովը, որը գործում է Լոնդոնում, հաստատել է պատանդների ազատ արձակման լուրը։ Սակայն Ասորական միջազգային լրատվական գործակալության (AINA) համաձայն՝ ազատ արձակված ասորիները 43-ն են։

2015թ․ փետրվարի 23-ին Սիրիայի հյուսիս-արևելքից և Իրաքի հյուսիսում գտնվող Խաբուր գետի շրջակայքի 35 գյուղերից ԻՊ-ը մոտ 300 ասորի էր առևանգել։ Առևանգվածներից 3-ը սպանվել էին, իսկ մյուսները խմբերով ազատ էին արձակվել։

Շվեդիայում գտնվող Ասորական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Աֆրամ Յակուփը նշել է, որ ազատ արձակման մասին հայտարարությունը տարածել է Ասորի ուղղափառ եկեղեցին, որը տարածաշրջանում իր գործունեությունը դեռ շարունակում է։ Հայտարարության մեջ ասվում է․ «Առևանգումների հենց սկզբից եկեղեցին առևանգվածների ազատ արձակման շուրջ բանակցություններ է վարել ԻՊ-ի հետ։ ԻՊ-ը երբեմն 10, երբեմն 20 հոգանոց խմբեր էր ազատ արձակում»։

179 ասորի դեռ պատանդ է

Ինչպես հաղորդում է Ասորի ուղղափառ եկեղեցին՝ Խաբուրի շրջանից առևանգվածները ազատ են արձակվել։ Սակայն Ասորական միջազգային լրատվական գործակալության (AINA) համաձայն՝ մոտ 179 ասորի, ովքեր առևանգվել են 2015թ․ օգոստոսի 6-ին, դեռ ԻՊ-ի ձեռքում են գտնվում։