Ջիզրեում պարետային ժամը մասամբ չեղարկվել է

2015թ․ դեկտեմբերի14-ից Ջիզրեում գործող պարետային ժամը վաղվանից ի վեր ցերեկային ժամերին չի կիրառվի։

Շըրնաքի Ջիզրե գավառում արդեն 79 օր է շարունակվող պարետային ժամը վաղվանից մասամբ դադարեցվելու է։ Շըրնաքի նահանգապետը հայտարարել է, որ պարետային ժամը ցերեկվա ժամերին չի կիրառվելու։ Պարետային ժամվա ընթացքում տեղի ունեցած բախումները 200 մարդու մահվան պատճառ էին դարձել։ Շըրնաքի նահանգապետարանի կայքում տեղ գտած հայտարարության համաձայն՝ Ջիզրեում պարետային ժամը գործելու է երեկոյան ժամը 19։30-ից մինչև առավոտյան ժամը 05։00-ն։ Կայքում տեղ գտած հայտարարության մեջ նաև նշվում է, որ 02․03․2016-ից սկսած Սիլոպիում պարետային ժամը սկսելու է ոչ թե երեկոյան 18։00-ին, այլ 19։30-ին։