Նախագահ Սարգսյանը գնահատել է Հայաստան-սփյուռք հարաբերությունները

Հայաստանում վերջին շրջանում լայնորեն քննարկվում են Հայաստան-սփյուռք հարաբերությունները, արդի սփյուռքի դերը Հայստանում։ Վիգեն Չեթերյանը Հայաստան-սփյուռք հարաբերությունների ձևաչափի շուրջ հարցերն է ուղղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Սարգսյանը նշել է ներկա ժամանակին և մարտահրավերներին համապատասխան մոտեցումներ ձևավորելու անհրաժեշտության մասին։

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո սփյուռքի կազմակերպությունների դերի շուրջ քննադատություններ են հնչում։ Ինչպե՞ս եք գնահատում սփյուռքի այս դերը, և Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերանայման պահանջարկ կա՞։

Պատմական յուրաքանչյուր էտապում այս հարցը հնչում է յուրովի: Եթե չխորանանք խորհրդային անցյալի մեջ, երբ պաշտոնականացվեց Հայաստան- Սփյուռք հարաբերությունները, անշուշտ,- ժամանակի պահանջների ներքո եւ գունավորմամբ,- Հայաստանի անկախությունից ի վեր այս հարաբերությունների մասին շատ է խոսվել, երկուստեք բարձրացվել են հարցեր եւ միմյանցից սպասելիքներ: Թեեւ վերջին երեք տասնամյակների ընթացքում համազգային կառույցների, Սփյուռքի քաղաքական-հասարակական շրջանակների եւ խոշոր անհատների բավականին լայն ներգրավվածությանը Հայաստանի կյանքում, կարծեմ, հարցերը դեռեւս սպառիչ պատասխան չեն ստացել: Մտահոգությունները հատկապես վերաբերում են այդ համագործակցության արդյունավետությանը, Սփյուռքի իրական  ներուժի  վերհանմանը եւ լիարժեք օգտագործմանը, Հայաստանի դերին Սփյուռքի ազգապահպանման գործում: Այս իմաստով, իրոք, հասարակական պահանջարկ կա վերանայելու գործերի վիճակը եւ ձեւակերպելու ներկա ժամանակի պահանջներին եւ մարտահրավերներին համապատասխան մոտեցումներ:

Սփյուռքը ի՞նչ քաղաքական ազդեցություն, հետևաբար ինստիտուցիոնալ ներկայություն պետք է ունենք Հայաստանում։ 

Այս պահին դժվար է ճշգրիտ պատասխան տալ այդ հարցին: Սակայն սկզբունքորեն Սփյուռքի այդպիսի ներկայության անհրաժեշտություն կա, քանի որ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության որոշ ասպեկտներ ուղղակիորեն վերաբերում են նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցներին: Եթե ուշադիր նայենք, իրականում Սփյուռքն այդ երկու տեսակետներից արդեն իսկ որոշ ներկայություն ունի Հայաստանում, հարցը վերաբերում է թերեւս այդ ներկայության ընդլայնմանը եւ արդյունավետության բարձրացմանը: 

Դուք լավ ծանոթ եք սփյուռքի դժվարին ու խրթին իրավիճակին։ Ձեր կարծիքով ի՞նչ դերակատարություն ունի Հայաստանը սփյուռքի մարտահրավերներում։ 

Այո, Սփյուռքը միատարր եւ հաստատուն մարմին չէ, այն մշտական կերպափոխության մեջ է, հատկապես վերջին տասնամյակներին՝ կապված մասնավորապես Ռուսաստանի անծայրածիր տարածքներում, ինչպես նաեւ Եվրոպական որոշ երկրներում նոր համայնքների գոյացման՝ հաճախ ի հաշիվ Հայաստանից արտագաղթի, ինչպես նաեւ Իրաքի եւ Սիրիայի պատերազմների հետեւանքով տեղի ավանդական ուժեղ համայնքների արտահոսքի հետ: Որոշ տեղերում կան նաեւ ինքնության փնտրտուքի հարցեր: Այս երեւույթները նոր հարցեր են դնում Հայաստանի եւ հայության առջեւ. արդյոք մենք կարողանո՞ւմ ենք համարժեք արձագանքել այս մարտահրավերներին: Այո, խորհելու եւ գործելու շատ բան կա: Կարծում եմ, առաջին հերթին դա վերաբերում է Հայաստանին, որպես համաշխարհային հայության միակ հաստատուն կենտրոնի: Հուսով եմ, ոչ շատ հեռու ապագայում ձեւաչափեր կգտնվեն այս հարցերը խորը քննարկման առարկա դարձնելու նպատակով, որտեղ պատրաստ եմ իմ փորձառությունը կիսելու եւ կոնկրետ առաջարկներ անելու:



Yazar Hakkında

Վիգեն Չեթերյան