ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
(Թուրքագէտ, պատմական գիտութիտունների թեկնածու)
Մայիսի 30-ին Երեւան իր մահկանացուն կնքեց հայ արձակագիր, ազգագրագէտ, բանահաւաք, համշէնագէտ, հրապարակախօս, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխաւոր խմբագիր, Հայաստանի Գրողներու Միութեան անդամ Սերկէյ Վարդանեանը։ Սա հիրաւի մեծ կորուստ է հայագիտութեան, յատկապէս համշէնագիտութեան ոլորտին։ Ս. Վարդանեանը համայն հայութեան առաւելապէս ծանօթ է Համշէնին եւ համշենահայութեանը նուիրուած իր անհամար ուսումնասիրութիւններով՝ գրքերով, յօդուածներով, զեկուցումներով եւ այլ նիւթերով…
Սակայն թերեւս քիչերին է յայտնի, որ այս մեծանուն գիտնականը եղել է նաեւ մանկագիր։ Նրա ժողոված բանահիւսական նիւթերով են լոյս տեսել «Հրեղէն ձին» (1981) եւ «Թագաւորի երազները» (2003) ժողովածուները, որոնցից ընտրուած հեքիաթները՝ «Փրկուած հեքիաթներ» վերնագրով, տպագրուել են Երեւանում անգլերէն («The salvaged tales», 2007) եւ գերմաներէն («Gerettete Marchen», 2009), իսկ 1989 թ. դարձեալ Հայաստանի մայրաքաղաքում հրատարակուած «Արեւածաղիկը» մանկական պատմուածքների ժողովածուն 1994 թ. արեւմտահայերէնով լոյս է ընծայուել նաեւ Կ. Պոլսում։
Իր այս ստեղծագործութիւնների շնորհիւ էլ կարելի է ենթադրել, որ նա առանձնակի սիրով եւ գորովով էր վերաբերւում մանուկներին։ Երեխաների հանդէպ նրա յատուկ վերաբերմունքի թեմայով իմ մտքում եւ սրտում վառ կը մնայ մի պայծառ յուշ։
Տարիներ առաջ, Յունուարեան մի ցուրտ օր, երբ ամանորեայ տոնակատարութիւնները դեռ նոր էին աւարտուել, պարոն Վարդանեանն ինձ էր զանգահարել։ Այդ ժամանակ եղբօրս աղջիկը հազիւ 3-4 տարեկան էր։ Քանի որ զարմուհիս չէր սիրում, երբ ուշադրութիւնս իրենից երկարատեւ էի շեղում, մօտեցաւ ու սկսեց հարցուփորձ անել, թէ ով է եւ նվնվալ, որ երկար չխօսեմ։
Երբ պարոն Վարդանեանին փոխանցեցի եղբօրս դստեր ասածները, նա առաջարկեց, որ զարմուհուս ասեմ, թե իբր Ձմեռ պապի հետ եմ խօսում։ Եղբօրս աղջիկը չհաւատաց ասածիս ու խլեց լսափողը, որպէսզի համոզուի, որ ճիշդ չեմ ասում։ Սակայն լսափողի միւս ծայրից լսելով տարեց տղամարդու ձայնը՝ փշաքաղուած ու վախեցած ինձ տուեց հեռախօսը եւ այլեւս չխանգարեց մեր խօսակցութիւնը...
Սերկէյ Վարդանեանը, մեծանուն գիտնական եւ լուրջ հետազօտող լինելու հետ մէկտեղ, նաեւ մանուկների հոգու քաջ գիտակներից էր, եւ նրա յիշատակը վառ կը մնայ ոչ միայն գիտնականներիս, այլ նաեւ՝ բոլոր երախաների սրտերում...