Ինչ է այսօր կատարւում մեր Հայաստան աշխարհու՞մ։ Ես լռեմ, թող բանաստեղծը խօսայ.
Հայրենի՛ք, էլ արալեզ չեմ,
Սովորական շուն եմ հիմա.
Որ կողմից էլ վերքդ լիզեմ
աւելի պիտի մրմռայ։
Որ վերքիդ կողքով էլ անցնեմ,
Ճակատիդ վէրքին եմ նայում,
Այնքան լայն ու խորն է բացուել -
Ճակատիդ գիրն է երեւում։
Եւ ուզում եմ գիրն այդ փշոտ
Միայն իմ աչքերը ծակի.
Հայրենի՛ք, սարերիդ փէշով
Կարմիր արցունքներս ծածկիր...
Ռուզան Հովասափեանն է գրել։ Ապրում է Վանաձորում։ Եւ ինչպէս կարող է Լոռու մարզի այդ հիասքանչ քաղաքում, որտեղ ամպերը փառւում են լեռներին եւ ստիպում քեզ անվերջ ու անթարթ նայել արեւի կամ ամպերի երթին սարերի շուրջ, եւ շատ յաճախ արեւը բոլորովին ուշադրութիւն չի դարձնում անձրեւին եւ կիսում է երկինքը անձրեւի հետ, ուրեմն ինչպէս կարող են չծնուել այս պոէտիկ վայրում պոէտներ եւ երգիչներ, արուեստագէտներ եւ արուեստասէրներ։

Կոտրենք կարծրատիպերը
Մայիսին Վանաձորի կերպարուեստի թանգարանում բացուեց Լոռուայ նկարիչների ցուցահանդէսը։ Նախքան անդրադառնալը այդ ցուցահանէսին, ուզում եմ կոտրել մի կարծրատիպ։ Երբ նախորդ թիւի մէջ գրեցի 13 տարեկան տաղանդաւոր երգիչ Արամէ Ղուկասեանի մասին, Վանաձորում շատերը սկսեցին նրան մաղթել մեծ բեմեր։ Սա շատ հետաքրքիր է։ Մարդիկ առաջնորդւում են բացարձակ թիւր պատկերացումներով։ Օրինակ, ինչ է նշանակում, երբ աշակերտին մաղթում են մեծ բեմեր։ Հայաստանում սովետական ժամանակներից մնացել են երաժշտական դպրոցներ, որոնք զարմանք են յարուցում արտասահմանից եկածներին։ Նրանք չգիտեն դա ինչ բան է, այնտեղ մասնաւոր դասեր են առնում մասնագէտներից մինչեւ երաժշտանոց ընդունուելը։ Իսկ Հայաստանում երախան ամէն կիսամեակ՝ սկսած 1-ին դասարանից դպրոցական շքեղ դահլիճում հաշուետու համերգի է մասնակցում։ Դահլիճը լեփ-լեցուն է լինում՝ ծնողներ-հարազատներ-ընկերական շրջապատ։ Ծաղիկներ, ծափահարութիւններ, անսահման յուզմունք եւ ոգեշնչում։ Սիրում եմ լսել երախաների կատարումները, դրանք առաջին տպաւորութիւններն են, որոնք այլեւս երբեք չեն կրկնուի հասուն վարպետների մօտ... Ինձ համար սա է մեծ բեմ հասկացութիւնը։ Մեծ, որովհետեւ դահլիճի ունկնդիրը անունի համար չի եկել, ինչպէս լինում են թիւր պատկերացումների ատեն, երբ մարդիկ յաճախում են անուանի արթիստների համերգները, յաճախ ոչինչ չհասկանալով երաժշտութեան մէջ։ Բայց գնում են, որովհետեւ մարդը միայն հացով չի ապրում։ Ուրեմն ո՞վ ասեց, որ Երեւանի, Վանաձորի կամ Ստեփանակերտի համերգներին դահլիճի ունկնդիրը պակաս ունկնդիր է, քան Փարիզի կամ Նիւ-Եորքի։ Լրագրողի սիրած հարցն է, ուղղուած հիւրախաղերի եկած երաժշտին, թէ ինչպիսի՞ն է հայ ունկնդրողը։ Աւելորդ հարց, երաժշտասէրը պատկանում է առանձին ազգութեան եւ վերջ։ Յիշում եմ Գոհար Գասպարեանը պատմում էր, որ առաջին մրցոյթին նա մասնակցել էր կարծեմ 15 տարեկան հասակում, Գահիրէյում, եւ մրցոյթը անցնում էր վարագոյրի հետեւում։ Դա արւում էր անաչառութեան համար։ Իսկ լաւ ունկնդրելու համար իմիջայլոց յաճախ փակում են աչքերը։ Նոյնը անում են երգիչները՝ հոգեւոր երգը կատարելիս։ Երեւի աչքերը փակելով տեսնում են երգը իրենց մէջ...
«Բազմաշաւիշ» ցուցահանդէսը
Այդպէս էր ցուցահանդէսի անունը, որտեղ շուրջ 50 նկարիչներ ներկայացան իրենց գեղանկարչական գործերով եւ քանդակով։ Սիրտը լեցւում էր ցնծութեամբ, որովհետեւ եթէ արուեստագէտը շարունակում է մտածել գեղարուեստական քաթեկորիաներով, ուրեմն կեանքը յաղթանակում է մահուան հանդէպ։ Այն որ ասում են, թէ գեղեցիկը կը փրկի աշխարհը, ո՛չ, գեղեցիկը, ընդհանրապէս արուեստը փորձում է իմաստաւորել անիմաստ թուացող գործընթացները, որոնք միշտ եւ ընդմիշտ խեղաթիւրուած են լինում անձերով, որոնք չեն դիմանում իշխանութեան գայթակղութեանը, եւ դա ամենուր է։ Այնպէս չպէտք է լինի, որ երկրի կամ մոլորակի ճակատագիրը պայմանաւորուած լինի ինչ-որ մէկի կամայականութեամբ...
Ինձ վերաբերւում է իմ նախասիրութիւններին, ապա ինձ հետաքրքրում են քաղաքային պատկերները։ Տներ, տներ... տներ որպէս բնակարաններ, սակայն նաեւ քաղաքակրթութեան կացարան, թատերականացուած, բեմադրուած տուեալ ժամանակաշրջանի կողմից, որի մէջ մենք բանտուած ենք եւ չենք կարող դուրս գալ։ Նման տներ ես տեսայ նկարիչ Սամուէլ Զոհրապեանի պատկերներում։ Սովորական մարդուն չեն յաճախում երեւակայութեան մէջ նման քաղաքային տեսիլներ։ Յետոյ երբ ես քայլեցի Տիգրան Մեծ պողոտայով, շէնքի պատին տեսայ Սամուէլ Զոհրապեանի կողմից պատկերած 44 օրուայ պատերազմում իր կեանքը յանուն հայրենիքի նուիրաբերած ռազմական բժիշկ Վաչէ Մելիքսեթեանի դիմանկարը։ Եւ նրա վերջին խօսքերը՝ «Չպիտի կոտրուենք»։

