Թուրքական կառավարությունը հայտարարել է, որ սեռական չարաշահում իրականացնողների նկատմամբ անպատժելիություն նախատեսող օրինագիծը նորից քննարկվելու է խորհրդարանական հանձնաժողովի կողմից։
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում իրականացված մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նշել է, որ օրինագիծը նորից քննարկման է առնվելու և հաշվի են առնվելու ընդդիմության ու հասարակական կազմակերպությունների առաջարկները։
«Վաղ տարիքում զույգերի ամուսնությունը՝ իրենց կամ իրենց ընտանիքների կամքով, արգելված է, հանցանք է, եթե անգամ իր կամքով է։ «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ իշխանության գալուց առաջ սա հանցանք չէր համարվում։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն էր, որ երիտասարդների և նրանց ընտանիքների պաշտպանության համար վաղ հասակում ամուսնությունն արգելեց քրեական օրենսգրքով՝ անգամ ինքնակամ ամուսնության դեպքում»,- նշել է Յըլդրըըմը։
Թուրքիայի վարչապետն ավելացրել է․ «Հանձնաժողովը քննարկելու է այս հարցերը, եթե նրանցից (ընդդիմություն) առաջարկ լինի, այդ առաջարկն ընդունվելու և զարգացվելու է։ Եթե առաջարկ չլինի, ապա հասարակական կազմակերպություններից, քաղաքացիներից, մասնագետներից ստացված առաջարկություններն են քննարկվելու և հարցին լուծում ենք գտնելու, քանի որ խնդիրները քաղաքականությամբ են լուծվում։ Եթե քաղաքականությունը ի վիճակի չէ երկրի խնդիրները լուծելու, ապա հասարակության վրա բեռ է դառնում»։
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը սեռական բռնություն իրականացնողներին անպատիժ թողնելու օրինագիծը Թուրքիայի մեջլիսի Գլխավոր խորհրդին էր ներկայացրել նոյեմբերի 17-ին։
Նախագիծն ընդունվել էր և ակնկալվում էր, որ Մեջլիսի Գլխավոր խորհուրդն այն քննարկելու է այսօր։
Օրինագիծը, որ նախատեսում է պատժի չենթարկել կամ արդեն սահմանված պատիժը հանել սեռական բռնություն իրականացնողների նկատմամբ, եթե նրանաք համաձայնեն ամուսնանալ սեռական բռնության զոհի հետ, կրում է «Արդարություն և զարգացում» կուսակցության մի շարք պատգամավորների ստորգրությունը․ ԱԶԿ Ստամբուլի պատգամավորներ Մեհմեդ Մուշ և Հալիս Դալքըլըչ, Քոջաելիի պատգամավոր Իլյաս Շեքեր, Քըրըքքալեի պատգամավոր Ռամազան Ջան, Հաթայի պատգամավոր Հաջը Բայրամ Թյուրքօղլու և Օսմանիյեի պատգամավոր Մյուջահիթ Դուրմուշօղլու։


