Associated Press (AP) լրատվական գործակալությունն ուսումնասիրել է 49 մլն 611 հազար 709 Թուրքիայի քաղաքացու անձնագրային տվյալներ պարունակող այս բազան․ «10 նույնականացման քարտի համարներ ենք փորձել։ 8-ի դեպքում ցանկում ճիշտ տեղեկություններ էին ընդգրկված»։
Լրատվական գործակալությունը համացանցում հայտնված տեղեկությունների բազան անվանել է մինչև այժմ եղած նմանատիպ ամենամեծ տեղեկատվական արտահոսք։
Փոխանցվում է, որ նույնականացման քարտերի տվյալները համացանցում տեղադրող համակարգիչը գտնվում է Ռումինիայում, իսկ տվյալների բազան հրապարակող կայքը իսլանդական մի խմբի է պատկանում։
Թուրքիան հայտարարությամբ հանդես չի եկել
Այս բազան պարունակող կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է․ «Ո՞վ կարող էր մտածել, որ Թուրքիայի հետամնաց գաղափարախոսությունը, նեպոտիզմի (ԽԾԲ) հասկացությունը և գնալով աճող ծայրահեղ կրոնականությունը թույլ և հնացած տեխնոլոգիական ենթակառուցվածքի է հանգեցնելու»։
Մինչ այժմ այս թեմայի շուրջ Թուրքիան հայտարարությամբ հանդես չի եկել։
Տեղեկատվական բազան Թուրքիայի գրեթե 50 միլիոն քաղաքացու նույնականացման քարտի համարը, անունը, ազգանունը, մոր և հոր անունը, սեռը, ծննդյան տարեթիվը, ծննդավայրը, գրանցված բնակավայրը և հասցեն է պարունակում։
Այս արտահոսքը մինչ այժմ տեղի ունեցած նմանատիպ ամենամեծ տեղեկատվական արտահոսքն է համարվում։ 2015թ․ հաքերները համացանցում տեղադրել էին ԱՄՆ պաշտոնական գրասենյակների ներկա և նախկին 22մլն պաշտոնյայի անձնագրային ու գաղտնի տվյալները։


