Հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 14։30-ին։ Ստամբուլի փոխնահանգապետի հետ հանդիպման են գնացել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սահակ եպիսկոպոս Մաշայլանն ու հոգևոր հայր Տրդատ Ուզունյանը։ «Ակօս»-ի հետ զրույցում Մաշալյանը նշել է, որ փոխնահանգապետ Մերջանը հիշեցրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի և Պետրոս Շիրինօղլուի հանդիպումը՝ նշելով, որ հայոց պատրիարքական ընտրական գործընթացին անդրադարձ է կատարվելու ապրիլի 16-ի հանրաքվեից հետո։ Մերջանը նաև նշել է, որ Հայոց պատրիարք Մութաֆյանի անգործունակ ճանաչման և ընտրության անցկացման որոշման մասին նահանգապետարան որևէ գրություն չի ուղարկվել։ «Կարծեմ մոտակա 15 օրը նույն կերպ է շարունակվելու»,- «Ակօս»-ի հետ զրույցում նշել է Մաշալյանը։
Աթեշյանն ու Մաշալյանը հանդիպել են փոխնահանգապետին
Մարտի 15-ին՝ Պոլսո հայոց պատրիարքարանի տեղապահի ընտրությունների օրը, Ստամբուլի նահանգապետարանը միջամտել էր Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրությունների գործընթացին՝ գրություն ուղարկելով պատրիարքարան։ Այսօր հայ հոգևոր առաջնորդները հանդիպել են գրությունն ուղարկող փոխնահանգապետ Ազիզ Մերջանին։


