Ազատ արձակվեց Դիարբեքիրի իրավաբանների միության նախագահ Թահիր Էլչին
Թահիր Էլչիին ձերբակալելու որոշում
Օրեր առաջ Դիարբեքիրի իրավաբանների միության նախագահ Թահիր Էլչին ձերբակալվել էր՝ հոկտեմբերի 14-ին CNN թուրք-ի հաղորդումներից մեկի ժամանակ հնչեցրած հետևյալ խոսքերի պատճառով. «ՊԿԿ-ն (Քրդական աշխատավորական կուսակությունռ զինված քաղաքական շարժում է, որն ունի քաղաքական պահանջներ և շատ լուրջ աջակցություն, եթե անգամ նրա որոշ գործողություններ ահաբեկչական բնույթ են կրում»։ Էլչիի ձերբակալման որոշման մեջ նշված էր, որ Էլչին թաքնվում էր երկրում, որպեսզի «ահաբեկչական կազմակերպության քարոզչության» մեղադրանքով հարուցված հետաքննությունն անարդյունք մնա։ Որոշման մեջ նաև նշված էր, որ ձերբակալման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ հետախուզությունը իրականացնելը և Էլչիին գտնելը չի հաջողվում՝ չնայած բոլոր որոնումներին։
Սա օգնում է հասկանալ Թուրքիայում խոսքի ազատության և ժողովրդավարության մակարդակը
Որոշման ծանուցումից հետո իրավաբան Թահիր Էլչին, շենքում գտնվող իրավաբանների ծափահարությունների և «Ճնշումները մեզ չեն վախեցնի» վանկարկումների ուղեկցությամբ, մոտեցել էր ոստիկաններին։ Թահիր Էլչին հանդես էր եկել ելույթով՝ ասելով. «Մի արտահայտության, խոսքի պատճառով իրավաբանների միության նախագան է ձերբակալվում։ Սա շատ կարևոր է և օգնում է հասկանալ Թուրքիայում խոսքի ազատության և ժողովրդավարության մակարդակը։ Այս պահին իրավաբանների միության նախագահն է ձերբակալվում հենց միության շենքից»։
Թուրքիայի իրավաբանների միությունը իր հայտարարության մեջ ապօրինի էր անվանել Բաքըրքոյի դատախազության կողմից կայացված Թ. Էլչիի ձերբակալության որոշումը՝ նշելով նաև, որ Էլչիի բնակության և գտնվելու վայրը հայտնի էր։
Էլչին կոչ արեց զենքերը վայր դնել և երկխոսություն վերսկսել
Երեկ Թահիր Էլչին ազատ արձակվեց։ Ազատ արձակվելուց հետո՝ լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ, Էլչին հիշեցրեց, որ քրդական հարցը լուծում չի գտնի, քանի դեռ ազատորեն չենք խոսում։
Էլչին նշեց, որ ականատես եղանք, թե խոսքի ազատության ինչպիսի ճնշում կա, և թե ինչպես է անմիջապես հետաքննություն սկսում լրատվամիջոցներում հայտնված մի քանի նախադասության պատճառով։ Շնորհակալություն հայտնելով իրեն աջակցողներին՝ Էլչին կոչ արեց զենքերը վայր դնել և երկխոսություն վերսկսել։

