Հրանտ Դինքի սպանության դատական գործում 35 կասկածյալ կա։ Այսօր Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է դատական նիստը, որի ընթացքում պաշտպանական ելույթ են ունանելու Էնգին Դինչը, Ահմեդ Իլհան Գյուլերը և Ֆարուք Սարըն։ Այս երեք կասկածյալներն էլ Հրանտ Դինքի սպանության ժամանակ կարևոր պաշտոններ են զբաղեցրել ոստիկանական ուժերում։ Սպանության ժամանակ Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի պետ Էնգին Դինչը շարունակում է պաշտոնավարել ոստիկանական համակարգում՝ որպես Ոստիկանության կենտրոնական հետախուզական բաժնի պետ։ Հրանտ Դինքի սպանության գործով շարունակվող հետաքննության և դատական գործի շրջանակներում ներառված մի շարք փաստաթղթերում կարող ենք տեսնել նրա ստորագրությունը։
Ահմեդ Իլհանը Դինքի սպանության ժամանակաշրջանում պաշտոնավարել է որպես Ստամբուլի հետախուզության պետ։ Այս պաշտոնը ստանձնել էր 2003 թվականին։
Հրանտ Դինքի սպանության ծրագրի մասին ամենակարևոր հետախուզական զեկույցներից մեկը 2006թ․ փետրվարի 17-ի զեկույցն է։ Այս զեկույցում նշվում է, որ Յասին Հայալը հայերի հանդեպ ատելություն է տածում և ամեն գնով սպանելու է Հրանտ Դինքին։ Զեկույցը Ստամբուլի հետախուզական բաժանմունք է ուղարկվել Տրապիզոնի հետախուզական բաժանմունքից և Ահմեդ Իլհան Գյուլերի ստորագրությունն է կրում։


