Կարմիր Թեռոր, Սպիտակ Թեռոր

Աշտարակցիները մինչեւ հիմա յիշում են, թէ ինչպէս Իրանից ներգաղթած հողագործներին բնակեցրել էին Աշտարակի խրուշչովականներում. այդպէս էին անուանում շէնքերը, որտեղ բնակարանները շատ փոքր էին. Խրուշչովն ասում էր, թող փոքր լինեն, բայց՝ շատ։ Հողին վարժուած իրանահայերը դրսում ծալապատիկ նստում էին գետնի վրայ։ Իսկ հիմա Սփիւռքի նախարարութիւնը առաջարկում է Նոր Հալէպ կառուցել Աշտարակում։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Վատիկան կատարած այցի ատեն Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը մասնաւորապէս ասաց. «Ճշմարտութիւնն այն է, որ առանց անցեալի յանցանքների դատապարտման չի կարող լինել խաղաղութիւն եւ չի կարող լինել անվտանգ ապագայ»… Խօսքն անշուշտ հայերի ցեղասպանութեան մասին էր։

Սակայն պիտի բարձրաձայնեմ, որ անցեալի յանցանքներ ունէր նաեւ Սովետական Միութիւնը, որն այժմ՝ բաժանուելով յետսովետական հանրապետութիւնների, այդպէս էլ մնաց անպատիժ, չդատապարտուած։ Այսօր անցեալի ժամանակաշրջանը բնորոշում են որպէս կոմունիստների (համայնավարների) շրջան։ Չի'եղել, պարոնայք, այդպիսի ժամանակ։ Իսկական համայնավարներին ոչնչացրեց Ստալինի ռեժիմը տարբեր միջոցներով. նրանց թունաւորեցին, գնդակահարեցին եւ նրանց աճիւնը այսօր Քրեմլի պատում է ամփոփուած, իսկ Սովետական կազմում ընդգրկուած բազմազգ ժողովուրդների սերուծքը. ազնուական, զինուորական, մտաւորական, հոգեւորական, գործարար, ողջ գենոֆոնդը արմատախիլ եղաւ, սառեցուեց Սիպիրի համակեդրոնացուած ճամբարներում...

Ստալինի մահից (1953) յետոյ երկրի ղեկավար դարձաւ Նիկիտա Խրուշչովը։ Սովետական Միութեան ղեկավարը կոչւում էր ոչ թէ նախագահ, այլ Սովետական Միութեան Կոմունիստական Կուսակցութեան Կենտրոնական Կոմիտէի գլխաւոր քարտուղար, կարճ ասած ՍՄԿԿ ԿԿ-ի քարտուղար։ 1956-ին նա փակ նիստում զեկոյց կարդաց «Անհատի պաշտամունքի եւ դրա հետեւանքների մասին»։ Նիստերի մասնակիցները լսում էին շունչները պահած, քարէ լռութեան մթնոլորտում։ Նախքան Խրուշչովի զեկոյցի ելոյթ ունեցաւ Անաստաս Միկոյեանը, որը Մինիստրների Խորհրդի նախագահի տեղակալն էր, այսինքն Խրուշչովի տեղակալը, քանզի Խրուշչովը նաեւ Մինիստրների Խորհրդի նախագահն էր։ Միկոյեանը քննադատեց Հոկտեմբերեան յեղափոխութեան եւ քաղաքացիական պատերազմի պատմութեանը վերաբերող գրականութիւնը, այսպիսով հող նախապատրաստելով Խրուշչովի զեկոյցին։ Զեկոյցն էլ գաղտնի էր, դրա մեղմացած տարբերակը հրապարակուեց միայն 1989-ին։ Այս կերպ դատապարտուեց 30 տարուայ Կարմիր Թեռորը, որին զոհ գնացին տասնեակ միլիոնաւոր սովետական մարդիկ, նաեւ ժողովուրդներ, որոնց տեղահանեցին իրենց բնօրրանից եւ ուղարկեցին Սիպիր եւ Ղազախստան, յատուկ առիթով ի հարկէ արժի ծանօթանալ սարսափազդու մանրամասների հետ, սակայն այժմ ես ուզում եմ ասել, որ դատ-դատաստան չեղաւ, միայն քննադատութիւն, քանի որ գլխաւոր հրէշը մահացել էր, բայց հրէշաւոր համակարգը շարունակում էր իր գոյութիւնը որպէս Չարի Կայսրութիւն մինչեւ 1991-ը։ Կորպաչօվը, որը հռչակեց պերեստրոյկա եւ գլասնոստ, այսինքն վերակառուցում եւ ազատախօսութիւն, ի զօրու չեղաւ որեւէ բան փոխել համակարգում, քանզի իրական բարեփոխումների մտադրութիւն չունէր, նրա օրով (1985-1991) միայն արտաքին քաղաքականութեան մէջ ձեռքբերումներ եղան. սովետական զօրքերը դուրս եկան Աֆղանստանից, Պեռլինի պատը քանդեցին, սառը պատերազմն աւարտուեց, որի համար նրան Նոպէլեան մրցանակ շնորհեցին։ Սակայն երկիրը այնուամենայնիւ փլուզուեց՝  բաժանուելով մանր-մունր ազգային հանրապետութիւնների։ Այս անգամ պատերազմներ բռնկուեցին հարեւան ժողովուրդների միջեւ։ Իսկ Չա՞րը։ Չարը ոչ մի տեղ էլ չգնաց, քանզի Չարի սպասաւորները, որոնց ասում էին պարտիականներ (կուսակցականներ), հարթ ու խաղաղ անցան անկախացած Հայաստանի կառավարութեան շարքերը եւ երկիրը ծառայեցրեցին իրենց շահերին (ինչպէս երիտթուրքերը Թուրքիայում)։ Այսօր նրանց ասում են նախկին կոմունիստներ, երանի՛ նրանք իրական համայնավարներ լինէին, գաղափարակիրներ, բայց ո՛չ, նրանք մտնում էին Կոմունիստական կուսակցութեան շարքերը բարձր պաշտօններ ստանալու համար, ի հարկէ նաեւ կաշառք տալով, քանզի յետոյ նրանք կաշառք էին ստանալու այդ պաշտօններում։

Առաջին Հայաստան-Սփիւռք համագումարին (2002-ին) արտասահմանից եկած հայերը աննկարագրելի յուզմունք էին ապրում յատկապէս հայ ոստիկան տեսնելուց։ 5-րդ համագումարի մեծագոյն ապրումն առաջացնում էին հայ մուրացկանները. «Ամբողջ աշխարհում չես տեսնի հայ, որը մուրացկանութեամբ զբաղուի. հայը միշտ իր աշխատանքով բարեկեցութեան է հասել, իսկ այս երկրից ստիպուած արտագաղթում են։ Սա սպիտակ ջարդ է, եւ յանցանքը կառավարութեանն է»։

Բոլորովին տարբեր կարծիք ունի սուրիահայ մտաւորական Հրայր Ակիլեանը. «Ժողովուրդը յանձնուած է։ Այդ է պատճառը, որ Չարենցներ այլեւս չեն ծնւում։ Մարդիկ եոլա են գնում, կոյրի պէս են ապրում»…։ Ըստ Ակիլեանի թուրքերը ի զուր ցեղասպանութիւն արեցին, եւ նա օրինակ բերեց, թէ 1964-ին, երբ Հալէպում բնակչութիւնը 450.000 էր, դրանցից 100.000-ը հայեր էին, իսկ երբ բնակչութեան թիւը հասաւ 4 միլիոնի, հայերի թիւը նուազեց մինչեւ 15.000-ի։ Հայը չի շատանում, բայց նա որակ է ապահւում։

Մինչեւ 2012-ը Հրայր Ակիլեանը ապրել է սփիւռքահային բնորոշ կեանքով։ Ծնուել է Հալէպում, հայեցի կրթութիւն ստացել 12-ամեայ հայկական դպրոցում, երգել առաքելական եկեղեցում, պիզնէս ուսանել Լոնտոնում, 4 տարի զինուորութիւն արել սուրիական բանակում, այնույետեւ տարիներ գործի բերումով ապրել Պելկիայում եւ Նորվեժում։

Հ.Ա.-1975-ին կարդացի ԱՄՆ-ի պետքարտուղար Հենրի Քիսինճըրի գիրքը, որտեղ նա գրում էր, թէ Petrol-ի զօրաւոր կեդրոնները չպէտք է մնան արաբների ձեռքը եւ դրանց երկրները հարկաւոր է մասնատել։ Չհաւատացի… Ի՛նչ լաւ էին ապրում հայերը Սուրիայում, չենթադրելով, թէ ինչ ծայրայեղական կարող են լինել արաբները։

Ծ.Լ.- Որտե՞ղ է հայերի տեղը այս աշխարհում։

Հ.Ա.- Միայն Հայաստանում։

60-ականներին սովետական քարոզչութեան արդիւնքում բաւականին սուրիահայեր էին ներգաղթել Հայաստան։ Քաղաքաբնակ մարդկանց տեղաւորել էին Հոկտեմբերեանում։ Նրանց թւում էր նաեւ Հրայրի հօրեղբայրը, որին անմիջապէս ուղարկեցին Սիպիր 7 տարով։

Աշտարակցիները մինչեւ հիմա յիշում են, թէ ինչպէս Իրանից ներգաղթած հողագործներին բնակեցրել էին Աշտարակի խրուշչովականներում. այդպէս էին անուանում շէնքերը, որտեղ բնակարանները շատ փոքր էին. Խրուշչովն ասում էր, թող փոքր լինեն, բայց՝ շատ։ Հողին վարժուած իրանահայերը դրսում ծալապատիկ նստում էին գետնի վրայ։ Իսկ հիմա Սփիւռքի նախարարութիւնը առաջարկում է Նոր Հալէպ կառուցել Աշտարակում։

Հ.Ա.- Սուրիահայերու համար, որոնք երբեք քաղաքի կեդրոնից 2 քմ. անդին չեն ապրել, Աշտարակը աքսորավայրի կը նմանի։

Փոխարէնը Հրայր Ակիլեանը իր անձնական ճիգերով, թէ բարոյական եւ թէ ֆինանսական նախաձեռնել է Երեւանի Դաւթաշեն թաղամասում «Երազ» անունով 14 յարկանի շէնք, որի 69 բնակարանները արդէն վաճառուել են։ Գինը 23-ից 70.000 տոլար։ Երեւանում Ակիլեանը բացել է փայտամշակութային գործակալութիւն։

Ծ.Լ.- Եթէ այդ շէնքը չբաւականացնի՞։

Հ.Ա.- Երկրորդը կը կառուցենք, անունն էլ «Երազ-2» կը դնենք։

Երանի՜ սփիւռքահայերը երկրորդ սփիւռքի նախարարութիւն ստեղծէին Հայաստանի Հանրապետութիւնում, որը երբեք ՀՀ չէին անուանի, ինչպէս շարունակ լսում ենք հեռատեսիլով ՍՄԿԿ-ի օրինակով։

Քանի՜-քանի՜ սփիւռքահայեր հայաստանցիների եւ ղարաբաղցիների հետ հաւասար պայքարեցին Արցախի անկախութեան համար։ Այդ հերոսների թւում էր նաեւ Հրայր Ակիլեանի եղբօրորդին՝ Կարօ Քահբեչեանը, որին ասում էին Սպիտակ Արջ։ Ծնուած ԱՄՆ-ի Ֆրեզնօ քաղաքում, Կարօն նահատակուեց Արցախի Մաղաւուզ գիւղի ճանապարհին։