Նրանք հինգ հոգի են։ Նրանց անուններն են՝ Ջաղացպանեան Յակոբ (կիթառ), Խաչումեան Վարազդատ (ջութակ), Եգանեան Մերուժան (ակորդեոն), Միքայէլեան Սոֆի (դաշնամուր), Ամիրեան Գուրգէն (կոնտրապաս)։ «Կադանս» համոյթն է, որի մասին ուզում էի գրել դեռեւս ապրիլին, բայց երկրում յեղափոխութիւն կատարուեց եւ ես հետեւեցի նոր իրադարձութիւններին։ «Կադանսի» համերգը կայացաւ Ապրիլի 22-ին Գաֆեսճեան արուեստի կեդրոնում, իսկ 23-ին Սերժ Սարգսեանը հրաժարական տուեց եւ ստիպեց ազգովի ցնծութիւն ապրել. այո, ո՛չ մի ուրիշ ղեկավար հայոց պատմութեան մէջ չպարգեւեց ժողովրդին նման ուրախութիւն, ինչպէս Սերժ Սարգսեանը իր հրաժարականով։ Բայց «Կադանսը» ի վիճակի է մոռացութեան տալ նոյնիսկ յեղափոխութեան ոգեւորութիւնը։ Լսելով «Կադանսը»՝ ինքդ քեզ հարց ես տալիս. «Արդեօք որտե՞ղ եմ գտնւում»։ «Կադանսը» շատ երկրներ է ճամբորդել, բայց կարծում եմ, համոյթի համերգին հանդիսատեսը ինքն է ճամբորդում մի երկիր, որտեղ տիրում է բնութեան տարրերի պէս երաժշտութեան տարերք։ Դու չես հաւատում, որ այդ երաժշտութիւնը ունի հեղինակ կամ կատարող. տարերքը ամբողջովին տիրանում է քո զգայական աշխարհին եւ կեանքի կոչում բոլոր կուտակուած (ապրած, չապրած կամ թերապրած) կրքերը։
Սեպտեմբերի 17-ին «Կադանսը» Արամ Խաչատրեան համերգասրահում կրկին հաւաքեց իր երկրպագուներին։ Երջանիկ էին. եկել էին, որպէսզի լիասիրտ տրուեն հեքիաթային սքանչութեանը։ Համոյթի ստեղծագործման 14 տարին էր լրացել։ Հնչեց ի հարկէ արկենթինացի կոմպոզիտոր Ասթոր Փեացոլլան (Astor Piazzolla 1921-1992), հէնց Փեացոլլան էր 2004-ին պատճառ հանդիսացել հինգ երաժիշտներին միաւորուել «Կադանս» համոյթում, որպէսզի տանգոն կատարեն իրենց երաժշտական ոճին համահունչ։ Հետաքրքիրն այն է, որ արդէն այդ զարմանահրաշ կադանսական ոճի մէջ են մեկնաբանւում միւս բոլոր կամպոզիտորների երկերը, լինի դա հայկական կամ ոչ հայկական հեղինակի ստեղծագործութիւն։ Օրինակ, Սայաթ-Նովան «Կադանսի» մեկնաբանութեամբ մեր իմացած աւանդական ոճով չի հնչում. «Քանի վուր ճան իմ» կամ «Աշխարհումս իմն դուն իս» երգերում առաջնայինը «Կադանսի» ոճն է, որի մէջ եւ հնչիւնաւորւում է Սայաթ-Նովան։ Այս երգերում Խաչումեան Վարազդատի ջութակը խօսում է քամանչայի երանգով։ Հայկական ժողովրդական երգ «Նուպար, Նուպար»- քայլք եւ անհետացում, կարծես, տեսիլք լինէր…Խաչատուր Աւետիսեանի «Ճան իման», Կոմիտասի «Վաղարշապատի պար»… Նշել համոյթի վիրտուոզութեան մասին աւելորդ է, պէտք է խօսել վիրտուոզ զգալու ունակութեան մասին։ Լինում են երաժիշտներ, որոնք վիրտուոզ տիրապետում են գործիքին, բայց չափազանց սակաւաթիւ են նրանք, ովքեր կարողանում են ստիպել գործիքին զգալ մարդու պէս։ Երբ գործիքը ինքն է սկսում «արտասուել», «խնդալ», «տխրել» կամ «հիանալ»։ Պէտք է անպայման լսել «Կադանսի» կատարմամբ Էդուարդ Բաղդասարեանի (1922-1987) “Տժվժիկ” կարճամեթրաժ ֆիլմի համար գրուած երաժշտութիւնը, որտեղ լսւում է, թէ ինչպէս է ճակատագրի անիւը պտտւում անողորմ անդառնալիութեամբ եւ հեգնանքով…
Նշեմ, որ ամէն գործիք լսւում է առանձին եւ միաժամանակ թւում է, թէ մենք լսում ենք միայն մէկ գործիք։ Նաեւ պիտի ակնարկեմ, որ չափազանց դժուար է բառեր գտնել՝ նկարագրելու եւ բնորոշելու համար այս համոյթը. սովորաբար «Կադանսը» ներկայացնելիս ընդգծում են նրա ինքնատիպութիւնն ու իւրօրինակութիւնը եւ, վերջապէս, եզրակացնում են, որ այն եզակի է։ Գուցէ այդ է պատճառը, որ «Կադանսի» համերգին կիթառահար Յակոբ Ջաղացպանեանը ինքն է յայտարարում ծրագիրը։ Կարճ, կոնկրետ, առանց պաթոսի եւ կոչումների թուարկումի։ Երաժշտութիւնն արդէն ամէն ինչ ասում է…

