Ամանորեայ առօրեան
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
29Դեկտեմբեր, կէսօր, դեռեւս 2015-ն է։ Քայլում եմ Զէյթունի փողոցներից մէկով, որը յարում է Մոնումենտ կոչուած թաղամասին («Յաղթանակի» այգուն)։ Փողոցը քնած է. ոչ մի մարդկային շունչ չկայ։ Կիրակի՞ է։ Ո՜չ, Երեքշաբթի է, բայց կարծես թէ Կիրակի լինի։ Փողոցի երկու կողմից ճչացող հարուստ տներ են կանգնած։ Իսկ քովերնին կուչ են եկել աղքատ, կարծես թէ երկրաշարժից տուժած խարխուլ տներ։ Վաղուց չներկած դարպասի վրայ գրուած է «Վաճառւում է», բայց անհասկանալի է, թէ ինչ է վաճառւում։ Միայն Հայաստանում կամ գուցէ նախկին Սովետական Միութիւնում կարելի տեսնել աղքատ եւ հարուստ տները քով քովի, եւ երկուսն էլ վաճառւում են. մէկը աղքատութեան պատճառով, միւսը՝ հարստութեան։ Վերջապէս հասնում եմ Թաշչեանների տունը։ Այս սուրիահայ զոյգի մասին յաճախ եմ գրել. եւ խաչքարի վարպետ Պարոն Կարպիսի, եւ Տիկին Լուսինէի մասին։ Այս անգամ նոյնպէս պիտի անդրադառնամ՝ ամանորեայ պատրաստութիւնների առթիւ։ Ամանորեայ սեղանի վրայ Հայաստանում, ինչպէս գիտէք, տօնական ինչ որ յատուկ կերակրատեսակ չի դրւում, քանզի սեղանի վրայ պէտք է լինի ամէն ինչ բառիս բուն իմաստով, դեռ աւելին. ամէն տարի աւելանում է արդէն համացանցից վերցրած աղցանների եւ թխուածքների ցանկը։ Դեռեւս մի քանի տարի առաջ կիլիկեան իշլի քիւֆթան կարելի էր տեսնել միայն բնիկ զէյթունցիների սեղաններին, սակայն հիմա իշլին դարձաւ հայաստանցու սեղանի պարտադիր կերակրատեսակը։ «Մի՜ ասէք իշլի, դա իչլի քիւֆթա է, այսինքն միջուկով», ասում է Տիկին Լուսինէն եւ իրար ետեւից շարում է իր ձեռքով վարպետօրէն ծեփած քիւֆթիկները. սա է Ամանորի բերկրանքը՝ նախատօնը, պատրաստութիւնը, խորհրդաւոր զրոյցը դանդաղ սահող ժամանակի մէջ։ «Ասում էին, ով իչլի ուտի, զոյգ տղայ կը բերի, դրա մասին նոյնիսկ կիլիկեան երգ կայ, -շարունակում է Տիկին Լուսինէն,- իսկ զէյթունցիները նոյնիսկ հում մսով քիւֆթա են պատրաստում։ Պատմում են, իբր որսորդը որսից եղնիկի միս է բերում տուն, բայց սուլթանը հրաման էր արձակել, որ ոչ մի երդիկից ծուխ չելնի, եւ որսորդի կինը միսը թակում է, ջիլերը հանում, պլղուրով ունցում է, սոխով եւ համեմունքներով շաղախում եւ գնդիկներ պատրաստում։ Համով է ստացւում։ Զէյթունում հում քիւֆթեն ուտում են որպէս օղու առաջին մեզէ»։ Այդ պահին չնաշխարհիկ գեղեցկութեան աղջիկ է անցնում միջանցքով՝ յաւերժահարսի աչքերով եւ վարսերով ու տնից դուրս է գալիս… Թաշչեանների 19 ամեայ թոռնուհին է։ Ես շուարած ուղեկցում եմ նրան հայեացքով ու նայում պատուհանից դուրս։ Թաշչեանների տան դիմացը տաշիրցի գործարար Կարապետեանը ահռելի չափսերի դղեակ է կառուցել։ Այժմ նրա եղբայրն է միւս դղեակը կառուցում. թւում է, թէ երկու Թիթանիկներ են նայում պատուհանից ներս։ Սակայն ինչն է բնորոշ մեր հարուստներին. նրանք հարուստ են միայն իրենց համար, որովհետեւ եթէ մարդն այդքան մարմար չի խնայում իր դղեակի համար, կարող էր նաեւ շուրջն էլ բարեկարգել, բայց ո՛չ, շրջապատին բաժին է հասնում միայն շինարարական աղբը։ Սա յատուկ է մեր տեղական բոլոր հարուստներին։ Այդ է պատճառը, որ հարուստներից մեր փոքրիկ երկիրը ամենեւեին էլ չի հարստանում։ Second hand ժամանակներ ենք ապրում, ինչպէս անուանեց մեր ժամանակաշրջանը 2015-ի Նոպելեան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիեւիչը։ Քիչ անդին Մոնումենտի ծառերը հատած դղեակներ են շարել մեր պետական պաշտօնեաները, փորձելով երկու շարք պարիսպներով հեռու պահել իրենց հարստութիւնը շարքային երեւանցու աչքից։ Եւ նաեւ իրենց հեռու պահել շարքային մարդուց… Մի՞թէ տուն ասուածը միայն տան շեմից ներսն է եւ ոչ մի դէպքում նաեւ դուրսը։ Ինձ թւում է, որ նրանք Երեւանում չեն ապրում, որովհետեւ չեն զգում Երեւանը, ոտքով չեն շրջում քաղաքով, փողոցներով, չեն տեսնում շէնքերը, մարդկանց, երթեւեկութիւնը…
Արդէն 2016-ն է, Յունուարի 1, կէսօր, ինձ համար բացարձակ տարբերութիւն չկայ 15 եւ 16 թիւերի միջեւ։ Քաղաքս քնած է, միայն ձիւնն է արթուն. մաղում ու մաղում է իր համար, ծածկում ու ծածկում է քնած մայթերն ու փողոցները։ Հեռախօսն է զանգում. «Շնորհաւոր Նոր Տարի։ Ի՞նչ ես անում»։ Եթէ պատասխանեմ, որ գիրք եմ կարդում կամ մտքերս արձանագրում, ինձ աննորմալի տեղ կը դնի, այնպէս որ պատասխանում եմ, որ հիւրերի եմ սպասում։ Իսկ մենք հիւր ենք գնում արդէն ուշ երեկոյեան, ժամը 9-ին։ Փողոցներում կրկին ոչ մի շունչ չկայ, միայն թաքսիներն են աշխատում։ Նախապէս մտնում ենք սուփերմարքէթ, որտեղ մէկ-երկու աշխատող կայ եւ լեցուն շոքոլատէ տուփեր՝ օրուայ պահանջարկը բաւարարելու համար։ Թաքսու վարորդը գանգատում է, որ այս ձիւնառատ եւ ամայի քաղաքում վախն է պատում մարդու սիրտը, թւում է, թէ մարդիկ լքել են քաղաքը, իսկ կառավարութիւն ընդհանրապէս գոյութիւն չունի, որովհետեւ իշխանութեան ներկայացուցիչ ճանապարհային ոստիկանը բացակայում է, մինչդեռ Լենինկրատեանի հատուածում, օրինակ, արդէն մի քանի արկած է տեղի ունեցել անանցանելիութեան պատճառով… Բազմակէտ չեմ դնում, սա ձեան փաթիլներ են. իջնում եւ իջնում են երկնքից, յիշեցնելով մեզ պարզ իմաստութիւն, որ ամէն ինչ վերեւից է գալիս մեր գլխին եւ կրկին դէպի վեր ուղղւում անվերադարձ… Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։

