Հոգու վճիտ վիճակը
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
Օրերս պետական համալսարանում «Տէրսիմի Հայերի Միութեան» հիմնադիր Միրան Փրկիչ Կիւլթէքինի նախաձեռնութեամբ ցուցադրուեց ռեժիսոր Ուղուր Էկէմէն Իրէսի վաւերագրական ֆիլմը, որի անունը թրքերէն «Մեղեր» է, իսկ հայերէն՝ «Հոգու վճիտ վիճակը»։ Ֆիլմի հերոսները ռեժիսորի տերսիմցի տատիկն ու պապիկն են։
Մարդը մինչեւ 71 տարեկան ապրում է որպէս մուսուլման, նոյնիսկ ալէվի, որոնց հանդէպ մուսուլմանները խտրականութիւն են դրսեւորում, վերջապէս որոշում է դառնալ դէպի իր իսկական ինքնութիւնը, որն է հայ, քրիստոնեայ հայ։ Մկրտւում է, սկսում է եկեղեցի այցելել։ Սակայն կինը այդքան հանգիստ չի ընդունում այդ վերափոխումը։ Նա մնում է մուսուլման, եւ ուզում է մնալ այդպիսին նոյնիսկ հանդերձեալ աշխարհում եւ յուղարկաւորուի մուսուլմանական աւանդոյթով…Արդէն պատրաստ են նրանց գերեզմանները, որի տապանաքարին գրուած է՝
Եուսուֆ Իրէս, ծնվ.1940 թ.-
Էմինէ Իրէս, ծնվ.1934 թ.-
Եուսուֆ Իրէսի իսկական անունը Յարութիւն Երէցեան է։ Այսույետ նա կրելու է ոչ միայն հայի անունն ու ազգանունը, այլ նաեւ հայի դրոշմը եւ դիտուելու է որպէս «դաւաճան» եւ «ներքին թշնամի», քանզի թրքական պաշտօնական քարոզչութիւնը չի նահանջում եւ սերմանում է զանգուածային գիտակցութեան մէջ այս թունաւոր գաղափարը։ Սակայն նա պատրաստ է կրել բազմաթիւ նեղութիւններ, որովհետեւ դրանք ազատութեան գինն են։ Մարդն ազատուեց սուտից։ Սուտ է, որ նա հայ չէ։ Պարզապէս հայերին բնաջնջելիս շատ-շատերը սրից պրծան եւ նրանց ասում են սուրի մնացորդ։ Սուրը դեռ կախուած է հայի գլխավերեւում, քանզի չպատժուած յանցանքը ունի այլանդակ դիմագծեր։ Օրինակ, այդ դիմագծերից մէկն այն է, որ հայերն են բնաջնջել թուրքերին։ Դա, ինչպէս երեւում է, ընդունուած է ոչ միայն չճանաչուած եւ չպատժուած յանցանքի դէպքում, այլ նաեւ չբացայայտուած, օրինակ, բոլորին պարզ է, որ Կիւմրիում Աւետիսեանների ընտանիքի սպանութեան հետեւում կանգնած է ոչ թէ ռուս զինուոր Պերմեակովը, այլ ուրիշ ուժեր եւ այդ առեղծուածը բացայայտելու համար սովորական քննչական ձեւերը բաւարար չեն։ Սակայն հայերի թշնամիները առաջ են քաշում այնպիսի հրէշաւոր անհեթեթ վարկած, թէ իբր Աւետիսեանները իրենք են իրենց սպաննել։ Այո՜, հրեաների «բախտը բերեց» այն առումով, որ հրեաների ողջակիզման յանցանքից յետոյ այն ճանաչուեց եւ հատուցուեց։ Իսկ հայերի դէպքում ցեղասպանութիւնից յետոյ…Ի՞նչ եղաւ ցեղասպանութիւնից յետոյ ողջ մնացած հայերի հետ։ Մենք իւրացրել էինք հետեւեալ բանաձեւը. մէկ ու կէս միլիոնը սպանուեցին, իսկ կէս միլիոնը սփռուեց աշխարհով մէկ։ Երբեմնի Հայաստանից մնացած փոքր կտորը, որը հռչակուեց որպէս Հայաստանի Հանրապետութիւն, դեռեւս պիտանի չէ հայութեան համար։ Դրա մասին կատակերգու Վարդան Պետրոսեանը կատակում էր «Մեզ մի բուռ հող են թողել՝ եղբայրական գերեզմանի համար»։ 90-ականներին հայաստանցիները բացայայտեցին Պոլսոյ գաղութը իր եկեղեցիներով եւ հաստատութիւններով եւ Հայաստանից արտագաղթածները փորձեցին համալրել պոլսահայերի շարքերը, սակայն նրանց չը յաջողուեց ներգրաւուել Պոլսոյ հայութեան մէջ։
2004-ին լոյս տեսաւ Ֆէթհիյէ Չէթինի «Մեծ Մայրիկս» վիպակը, որը բացայայտեց հայերի չորրորդ տեսակը, եթէ առաջինը համարենք հայաստանցիներին, երկրորդը սփիւռքահայերին, իսկ երրորդը պոլսահայերին։ Չորրորդ տեսակը նրանք են, ում ընտանիքներում հայեր են յայտնուել եւ «փչացրել ցեղը»։ «Մեծ Մայրիկս» գրքում ասւում է, որ «մեր կողմերում չկայ մի ցեղ, որը փչացած չլինի»։ Ուստի չորրորդ տեսակի թիւը կարող է հասնել միլիոնների։ Վերջապէս «Հոգու վճիտ վիճակը» վաւերագրական ֆիլմը բացայայտում է հայի հինգերորդ տեսակը։ Ինչպէս եւ պոլսահայերը, այդ հայերը մնացել են իրենց հողի վրայ։ Սակայն լինելով հայ, զրկուել են հայ լինելու իրաւունքից, ծածկուելով մուսուլմանական չարշաֆներով եւ աւետարանի փոխարէն առաջնորդուել ղուրանով։ Նրանց մէջ դեռեւս արմատաւորուած է վախը, որ իրենց իսկական ինքնութիւնը կը զրկի նրանց յանապազօրեայ հացից, որ եթէ շրջապատի մարդիկ իմանան, որ նրանք հայ են, ապա չեն օգտուի նրանց ծառայութիւններից։ Բայց մի՞թէ շրջապատը տեղեակ չէ, թէ ով ով է։ Այնուամենայնիւ վախը այնպիսի չափսերի է հասնում, որքան հայերի հետ կատարուած աղէտն էր։ Միրան Փրկիչը պատմում է, թէ ինչպէս էր հրաժարւում Տէրսիմում մի հայ խոստովանել լրագրողին իր ինքնութիւնը.
-Հարեւաններդ գիտե՞ն, որ դու հայ ես։
-Այո՜։
-Պետական պաշտօնեաները գիտե՞ն, որ դու հայ ես։
-Այո՜։
-Դէ ուրեմն խոստովանի՜ր լրատուական քամերայի առջեւ։
-Ո՜չ։
Մի՜ մեղադրէք հինգերորդ տեսակի հային վախի մէջ։ Դա բնական ինքնապաշտպանական զգուշաւորութիւն է։ Իր իսկ հողի վրայ ապրել փափաքող հայի բնազդ։

