Երկար ճանապարհ ունենք անցնելու

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Ո՞վ էր ասաց. «Եկէ՛ք այո ասենք, որ յետոյ չասեն, թէ դուք մեզ չթողեցիք, որ մենք լաւ Հայաստան կառուցենք»։

Մենք եւ նրանք

Այո՛, մեր երկրում դեռեւս գոյութիւն ունի «մենք եւ դուք» կամ «մենք եւ նրանք» հասկացութիւնները, ջրբաժանը։

Իշխանութիւնը պահելու-վերարտադրելու նպատակով իշխանաւորները որոշեցին փոխել սահմանադրութիւնը եւ վերացնել ընդհանրապէս նախագահական ինստիտուտը, որպէսզի այսույետ ժողովուրդը չընտրի իր առաջնորդին։ Իրականում մեր նախագահը արդէն վաղուց ընտրւում էր ոչ թէ ընտրութիւնների արդիւնքում, այլ՝ ընտրակեղծիքների։ Նրանք ընտրութիւններից ընտրութիւն հմտացել էին ընտրակեղծիքի, ընտրակաշառքի, Հայաստանում դեռ մէկ-երկու միլիոն մնացած խեղճ ժողովրդի վախեցման, սպառնալիքի, ոչխարացման գործում։ Չմոռանանք մեծ թիւով մեռեալներին, որոնք «մասնակցում էին» ընտրութիւններին, այսինքն նրանք գրանցում էին մեռեալների անձնագրային տուեալները եւ քուէարկում նրանց անունից։ Եւ մի ամբողջ բանակ, բաղկացած պետական մարմիններում ներգրաւուած աշխատողներից, մասնակցում էին ընտրակեղծիքի գործընթացում։ Քաղաքացիները քուէարկած ցուցակներում տեսնում էին իրենց ննջեցեալ ազգականների անունները։ Ինչպէս նաեւ երկրից դուրս եկած քաղաքացիների։

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի քաղաքացիները պիտի քուէարկէին սահմանադրութեան փոփոխութիւնների նախագծի վերաբերեալ, որը նախաձեռնել էր երկրի նախագահ Սերժ Սարգսեանը։

Հոկտեմբերի 5-ին Ազգային Ժողովում տեղի ունեցաւ քուէարկութիւն, որի արդիւնքում նախագիծը համաձայնութեան արժանացաւ։ Սերժ Սարգսեանի Հանրապետական Կուսակցութեան անդամները ապահովեցին 104 կողմ, 10 հոգի քուէարկեցին դէմ՝ դրանք էին 7 հոգանոց ՀԱԿ-ի (Հայ Ազգային Կոնգրէս) 6 անդամները՝ Ստեփան Տէմիրճեան, Արամ Մանուկեան, Լեւոն Զուրաբեան, Նիկոլ Փաշինեան, Հրանդ Բագրատեան, Գագիկ Ջհանգիրեան։ «Ժառանգութիւն»ից՝ Զարուհի Փոստանճեանը։ ԲՀԿ, այսինքն «Բարգաւաճ Հայաստան Կուսակցութեան» խմբակցութիւնից Տիգրան Ուրիխանեանը, եւ 5-հոգանոց ՕԵԿ-ից (Օրինաց Երկիր Կուսակցութիւն) Հեղինէ Բիշարեանն ու Իշխան Խաչատրեանը։

Փաստօրէն այս նախաձեռնութեանը հաւանութիւն տալը նշանակում էր հաւանութիւն տալ գործող նախագահին, նրա յաւերժ նախագահութեան համար արդէն ուրիշ պաշտօնում, վարչապետի կամ ԱԺ-ի խօսնակի, այսինքն ըստ սահմանադրական փոփոխութիւնների, անցնելով նոր կառավարման համակարգի, մեր երկիրը կը դառնայ խորհրդարանական պետութիւն, փաստացի կուսակցապետութիւն։ Ասել դրան «այո», նշանակում է ասել «այո» ռեժիմին, անօրինութեանը, արտագաղթին եւ այն ամէնին, ինչի պատճառով մենք դեռեւես իրական պետութիւն եւ պետականութիւն չունենք եւ որի դէմ պիտի պայքարենք ու պայքարենք…

Դեկտեմբերի 6-ին ընտրակեղծիքների զինանոցում յայտնուեց եւս մի կեղծարարութիւն. լրացուցիչ ընտրացուցակ։ Ըստ Լեւոն Զուրաբեանի, որը ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցութեան ղեկավարն է եւ առաջնորդում է «Ոչ»ի շտաբը,«ընտրակեղծիքների ծաւալը հասել էր կէս միլիոնի»։ Այսինքն 1 միլիոն 296 հազար ընտրողների մեծ մասը «Ոչ» է քուէարկել, բայց Դեկտեմբերի 6-ին «Ոչ»ի համատարած յաղթանակի փոխարէն «յաղթեց» ինչպէս միշտ կեղծիքը, զօրպայութիւնը, բռնութիւնը։ Երեկոյեան «Ոչ» գոռացող 10 լաւագոյն տղաներին բերման ենթարկեցին։

Հանրաքուէի նախօրէին

Դեկտեմբերի 4-ի երկոյեան մի քանի երիատասարդներ՝ 30-35 տարեկան նստած իրենց տանը գարեջուր էին խմում եւ ձուկ ուտում.

-Ես ամաչում եմ, որ մենք հիմա տանն ենք, այլ ոչ Ազատութեան հրապարակում,-ասաց նրանցից մէկը։

Ձմեռը արդէն սկսուել էր եւ մեր լաւագոյն տղաները, որոնք ամրանը Բաղրամեան պողոտայում պայքարում էին ելեկտրական սակագնի բարձրացման դէմ, այժմ պիտի գիշերէին Ազատութեան հրապարակում արդէն ձմրան ցրտի պայմաններում, երբ ձեռքերն ու ոտքերը սառչում են եւ մարդ շտապում է տուն։ Մեր լաւագոյն տղաները անցել են պայքարի ճանապարհ. նրանց ջրցանով են ջրել, բերման են ենթարկել եւ ոստիկանական բաժանմունք տարել, որտեղ, ինչպէս գիտենք քաղցրաւենիք չեն բաժանում։ Նրանք դեռ քիչ են, բայց տաք տներում նստածները ամաչում են, որ նրանց հետ չեն, նրանց կողքին։ «Մահ ռեժիմին», -բացականչեց հանրահաւաքին Ժիրայր Սեֆիլեանը, որը մասնակցելով Ղարաբաղի ազատագրմանը, տարիներ շարունակ պայքարում է ռեժիմից Հայաստանի ազատագրման համար։

«Սա իշխանութեան պատերազմն է ժողովրդի դէմ»,-ասաց Արամ Մանուկեանը, նախկին իշխանաւոր, այժմ ընդդիմադիր գործիչ։ Իմիջայլոց չկայ աւելի լաւ ընդդիմութիւն, քան այն, որ ժամանակին եղել է իշխանութեան ղեկին։

Այդ մասին ասում է նաեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը եւ աւելացնում. «Այս սահմանադրութեամբ մենք խարսխում ենք մեր կառավարաման համակարգը կուսակցական ինստիտուտներին, որոնք ամենաչկայացածն են Հայաստանում եւ ստեղծուած են անձի շուրջ։ Վարչապետը նշանակուելու է ինչ-որ մի կուսակցութեան կողմից, մինչդեռ հայ ժողովուրդը սիրում է ինքը ընտրել իր առաջնորդին, բացի այդ մենք փաստացի պատերազմական վիճակում ենք եւ ո՞վ է լինելու ըստ նոր սահմանադրութեան գլխաւոր հրամանատար»։

Ինչո՞ւ դեռ չենք կայանում որպէս պետութիւն։

Հայաստանը, ինչպէս եւ միւս սովետական հանրապետութիւնները, սովետական ռեժիմից ազատագրուեց ոչ թէ ներքեւից, այսինք ժողովրդի պայքարի շնորհիւ, այլ՝ վերեւից, երբ սովետական ղեկավարութեան գաղափարախօսութիւնն ու նիւթական պաշարները սպառուեցին։ Սկզբից թւում էր, թէ ազատութեան հետ կու գայ նաեւ ժողովրդավարութիւնը։ Բայց այդպէս չի լինում։ Ինչպէս միշտ ասել եմ, Հայաստանը Ռուսաստանի փոքր կրկնօրինակութիւնն է. այնտեղ էլ ընտրութիւններում յաղթում է ոչ թէ ժողովրդավարութիւնը, այլ ընտրակեղծութիւնը եւ արդիւնքում 15 տարի է Փութինն է նստած ղեկին։ Երբ նրան հարցրեցին Ռուսաստանում կայացած ընտրութիւնների վերաբերեալ «Մի՞թէ դուք այս գորընթացը անուանում էք ընտրութիւններ», ապա նա չառարկեց «չէ՝, ինչ էք ասում, ո՛չ մի կեղծարարութիւն չկար»։ Փութինը համաձայնեց, ասելով «Իսկ դուք կարծում էք, որ ԱՄՆ-ում չե՞ն կեղծում, այնտեղ պարզապէս հմտացել են հետքերը ծածկել…»։

Ո՛չ, մեզ մօտ հետքերը չեն ծածկում, իսկ համացանցի դարում բոլորը տեղականում են զօրպայութեան եւ լկտիութեան մասին։ Այնպէս որ առջեւում մեծ պայքար է սպասւում, որովհետեւ նոր սերունդները չեն պատրաստւում ապրել ստրկատիրութեան համակարգի երկրում։ Սակայն երկար ճանապարհ ունենք անցնելու մինչեւ որ վերջ դրուի քաղաքական մենաշնորհին։