Օրենք՝ կանոնակարգի փոխարեն

Փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարների խորհրդի ընտրությունները կարգավորող կանոնակարգը գործածությունից հանվել է 3 տարի առաջ։ Կառավարությունը նոր կանոնակարգ դեռևս չի մշակել։ Այս անորոշության պատճառով արդեն ամիսներ շարունակ ընտրություններ չեն անցկացվում: Փոխվարչապետ Յալչըն Աքդողանի հայտարարություններով այս գործընթացում նոր փուլ է սկսում։

 Ազգերի Ժողովրդավարական կուսակցության (HDP-ԱԺԿ) պատգամավոր Կարո Պայլանի հարցին պատասխանելով՝ Աքդողանն ասաց. «Հիմնադրամների ներկայացուցիչների հետ կապի մեջ ենք։ Միայն ընտրության, կանոնակարգի հանրցերը չեն, մի շարք այլ պահանջներ կան։ Փորձում ենք տեսնել՝ կարողանալու՞ ենք խնդրին իրավական կարգավորումներով լուծում տալ։ Մյուս շաբաթ փոքրամասնության հիմնադրամների ներկայացուցիչների հետ հանդիպում ենք ունենալու։ Նրանց տեսակետները լսելուց հետո քայլեր ենք ձեռնարկելու»։

Խոսելով տարվող աշխատանքների մասին՝ Արդարություն և զարգացում կուսակցության (AK Parti-ԱԶԿ) պատգամավոր Մարգար Եսայանը «Ակոս»-ին տեղեկացրեց, որ օրինագիծը կարճ ժամանակում ավարտին է հասնելու. «Փոխվարչապետ Յալչըն Աքդողանի հետ աշխատել ենք ընտրական կանոնակարգի շուրջ։ Օրենքի հարցով հանդիել եմ վարչապետին և տեղեկություններ եմ փոխանցել նրան։ Եկել ենք այն համաձայնության, որ այս հարցի լուծման ամենաճիշտ տարբերակը իրավական կարգավորում մշակելն է։ Աքդողանի՝ Հարավային Ամերիկա այցից հետո նրա հետ աշխատանքները ավարտին ենք հասցնելու»։

«Ամենաճիշտը օրենք ունենալն է» 

Պատասխանելով այն հարցին, թե օրենքի մշակման աշխատանքներն ու կիրակումը ինչքան ժամանակ են պահանջելու, Եսայանն ասաց. «Դպրոցների «առևտրային կազմակերպություն» լինելու հարցին մնայուն լուծում տալու համար հանդիպումներ եմ իրականացնում Ազգային կրթության նախարարության հետ, Բոմոնթի Մխիթարյանի և Թաքսիմի սպորտային ակումբի հարցերի շուրջ՝ համապատասխան նախարարությունների հետ։ Հագեցած օրակարգի պատճառով շատ արագ առաջընթաց չկա, սակայն արդեն զգալի ճանապարհ ենք անցել։ Կարճ ժամանակում արդյունքներ են լինելու»։ Աշխատանքների տեխնիկական մանրամասների մասին հիմնադրամների գլխավոր տնօրեն Ադնան Էրթեմն ասել է, որ անհրաժեշտ է սպասել փոխվարչապետ Յալչըն Աքդողանի հետ իրականացվելիք վերջնական հանդիպմանը։ Էրթեմը նշել է, որ տնօրինությունը վաղուց ավարտին է հասցրել իր բաժին աշխատանքները։

 

«Այսքան ժամանակ չէինք կորցնի»

«Հիմնադրամների միջև համերաշխության և կապերի հարթակի» (VADİP) նախագահ Պետրոս Շիրինօղլուն նշել է, որ կարճ ժամանակ անց հանդիպելու է Աքդողանին։ Նա ասաց. «Եթե պատրիարքարանի իրավաբանների կողմից մշակված և VADİP-ի հավանությամբ ներկայացված կանոնակարգի նախագիծը մեր հասարակությունը ընդուներ և օժանդակեր, ապա այսքան ժամանակ չէինք կորցնի։ VADİP-ի անդամները իրենց կողմից հաստատված նախագծից զատ նոր նախագծեր են կազմել և կառավարությանը ներկայացրել։ Հույն հասարակությունն էլ նման խնդիր ունի, սակայն հրեաները մեկ նախագիծ են ներկայացրել։ Կանոնակարգի փոխարեն օրենքը շատ լավ առաջընթաց է։ Պարոն Աքդողանի հետ հանդիպման ընթացքում մանրամասներն ենք իմանալու»։

 

«Շտապ լուծում է անհրաժեշտ»

«Հիմնադրամների միջև համերաշխության և կապերի հարթակի» գլխավոր քարտուղար Հարություն Շանլըն հիշեցրել է, որ եթե այս հարցը շարունակի հետաձգվել, անդառնալի հետևանքներ են լինելու. «Մեր հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ կանգնած առնազն 9 հիմնադրամ ունի: Հավատում ենք, որ պետք է դրանք վերակենդանացնել՝ ի նպաստ հասարակության: Եթե երեք տարի շարունակվող այս անորոշությունը շարունակվի, ապա անդառնալի հետևանքներ են լինելու: Հունական համայնքում էլ խնդիրներ կան: Եթե օրենքի մշակման ընթացքում կրկին համայնքների հետ գործեն, ապա աշխատանքներն ամենաքիչը մեկ տարի ևս հետաձգվելու են: Սակայն համայնքներն ավելի շատ սպասելու համբերություն չունեն: Այս խնդիրը փտախտի է վերածվել»:

Հիմնադրամների գլխավոր խորհուրդի՝ փոքրամասնության հիմնադրամների ներկայացուցիչ Թորոս Ալջանը նշել է, որ բոլոր համայնքներն ունեն իրենց խնդիրները, և օրեքը պետք է հասարակության կարիքներն ընդգրկող շրջանակ ապահովի: