Թուրքիա․ «Ե՛վ գործողություններին ենք ներգրավված լինելու, և՛ բանակցության սեղանին ենք լինելու»

Առավոտյան ժամերին Իրաքի կառավարությունը հայտարարել է Մոսուլը ԻՊ-ից ազատագրելու համար լայնածավալ գործողություններ սկսելու մասին։ Սրա հետ կապված Թուրքայից արդեն հայտարարություններ են արվում․ «Ե՛վ գործողություններին ենք ներգրավված լինելու, և՛ բանակցության սեղանին ենք լինելու»,- նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը, իսկ փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը ասել է, որ Մոսուլի գործողությունների հետ կաված Թուրքիան նաև «Բ և Գ» պլաններ ունի։

Մոսուլի գործողություններին մասնակցում են Իրաքի բանակը, շիական աշխարհազորայինները, ինչպես նաև փեշմերգե զինյալներն ու Բաշիկայում Թուրքիայի կողմից պատրաստվածություն ստացած սուննի ուժերը։ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան օդային տարածքում օժանդակում է սկսած գործողություններին։ Լայնամասշտաբ գործողություններում 30 հազար իրաքցի զինվոր, շիական աշխարհազորայիններ և փեշմերգե է մասնակցում, ինչպես նաև Թուրքիայից օժանդակություն ստացող 1․500 հոգուց բաղկացած տեղական սուննիերի խումբ և Իրաքի բանակին խորհրդատվություն տրամադրող 600 ամերիկացի։

Սկսված լայնածավալ գործողությունների նպատակն է արդեն երկու տարի գրեթե 8 հազար ԻՊ զինյալի հսկողության տակ գտնվող Մոսուլը հետ գրավել։

Իրաքյան կառավարամետ աղբյուրների փոխանցմամբ փեշմերգե խմբավորումները Քաքարեշ, Բարթիլա և Համդենիյե շրջաններում առաջընթաց են գրանցել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Փեշմերգե խմբավորումները հետ են վերցրել այս շրջանում ԻՊ-ի հսկողության տակ գտնվող հինգ գյուղ։

ՄԱԿ-ը զգուշացնում է հավանական մարդկային ճգնաժամի մասին, քանի որ Մոսուլում դեռ 1․5 միլիոն քաղաքացի է բնակվում։

Մոսուլում սկսված ռազմական գործողությունների առաջին օրը Թուրքիայից հյատարարություններ են արվում։

«Թող ոչ ոք չակնկալի, որ Բաշիկայից դուրս կգանք»

Թուրքիայի նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի սահմանները վտանգի տակ են՝ անդրադառնալով Բաշիկակի ճգնաժամին․ «Թող ոչ ոք չակնկալի, որ Բաշիկայից դուրս կգանք, և՛ գործողություններին ենք ներգրավված լինելու, և՛ բանակցության սեղանին ենք լինելու»։ Էրդողանը նաև ընդգծել է, որ անհնար է, որ Թուրքիան այդ գործընթացից դուրս մնա։ «Ասում են՝ Թուրքիան Մոսուլ չմտնի։ Ինչպե՞ս չմտնենք։ 350 կմ սահման ունեմ Իրաքի հետ։ Այս սահմանից եկող վտանգ կա։ Ասում են Բաշիկայից դուրս եկեք։ Թող ոչ ոք չակնկալի, որ Բաշիկայից դուրս կգանք։ ԻՊ-ի դեմ բոլոր գործողություններն իրականացրել ենք և շարունակելու ենք իրականացնել»,- իր հայտարարության մեջ նշել է Էրդողանը։


«Բ և Գ պլաններ ունենք»

Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նախարարների խորհրդի հանդիպումից հետո մամլո ասուլիս է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է նաև Մոսուլի ռազմական գործողություններին։ «Բ և Գ պլաններ ունենք, սակայն չենք պատրաստվում սրանց մասին հրապարակավ խոսել։ Թուրքիան սերտ կապի մեջ է Հյուսիսային Իրաքի վարչակազմի հետ։ Թուրքիայի կողմից ռազմական պատրաստություն ստացած ուժերը փեշմերգեի կողքին են։ Կարծում ենք, որ խելամիտ չէ Մոսուլը ազատագրել մի խմբից և թողնել մեկ այլ խմբի ձեռքերում»,- նշել է Քուրթուլմուշը։

«Կարևոր քաղաքներից մեկը Հալեպն է»

«Տարածաշրջանում սկսած ճգնաժամն ավարտին հասցնելու ճանապարհին կարևոր քաղաքաներից մեկը Հալեպն է։ Պարտադիր է ապահովել Հալեպ օգնության գնացող խմբերի անվտանգությունը։ Մարդասիրական օգնություններն անհապաղ կերպով Հալեպ հասցնելու համար կարելի է միջազգային օժանդակության հանձնախումբ ստեղծել»,- նշել է Նուման Քուրթուլմուշը այսօր ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։ 

Փոխվարչապետը նաև նշել է, որ Մոսուլի ռազմական գործողություններն անմիջական ազդեցություն ունեն Թուրքիայ վրա՝ մեջբերելով, որ փախուստի դիմած ԻՊ զինյալները Միլան կամ բեռլին չեն գնալու, Թուրքիայի ճանապարհն են բռնելու, իսկ սա անմիջական վտանգ է Թուրքիային։