ԷԴՎԱՐԴ ՏԱՆՁԻԿՅԱՆ

Էդվարդ Տանձիկյան

Եվս մեկ ամոթալի օր Քումքափըում

Քումքափըում նորից պատմական մի օր գրանցվեց։ Ամիսներ տևած քննարկումներն ավարտվել էին, խաղերն անարդյունք էին մնացել, վերջապես պատրիարքական տեղապահ էինք ընտրելու՝ առաջին քայլն անելով պատրիարքական ընտրությոնների հարցում․ ընտրություններ, որ տարիներ շարունակ չենք կարողանում իրականացնել։ Սակայն արի ու տես, որ բառիս ուղիղ իմաստով բռնացան «կամքին»։ Տեսնելով, որ Աթեշյանը պարտություն է կրում պատրիարքական տեղապահի ընտրություններում՝ պետությունը միջամտեց, կամ Աթեշյանը պետությանը օգնության կանչեց, երբ պարտություն կրեց ընտրություններում։ Մեկնաբանեք ինչպես կուզեք՝ նույն եզրահանգման եք հանգելու։

Գիտեք՝ ինչեր էին տեղի ունեցել մինչ այդ, սակայն կրկնելուց վնաս չի լինի։ Տեղի ունեցած քննարկումներից հետո Աթեշյանը համաձայնել էր ընտրությունների անցկացմանը, սակայն այնքան էլ կողմ չէր Պատրիարքական գլխավոր փոխանորդի կոչումից հրաժարվելուն։ Ակնհայտ էր, որ որոշ բարերարներ և համայնքային հիմնադրամների ղեկավարներ աջակցում էին նրա ջանքերին։ Փետրվարի 16-ին հաջողացրեց անգամ դրան առնչվող արձանագրություն կազմել՝ փակ դռների հետևում։ Սակայն հայկական համայնքը դեմ դուրս եկավ այս արձանագրություններին, և Էջմիածինը միջամտեց։ Հայաստանում կայացած ժողովի ընթացքում, վերջապես, Աթեշյանին համոզեցին Պատրիարքական տեղապահի ընտրություններից հետո հրաժարվել Պատրիարքական ընդհհանուր փոխանորդի պաշտոնից։ Կամ էլ մեզ այդպես թվաց։

Էջմիածնից վերադառնալուց հետո հայտնի դարձավ, որ մարտի 15-ին պատրիարքական տեղապահի ընտրություններ են անցկացվելու։ Երեք թեկնածուներ կային՝ Աթեշյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Բեքչյանը և Սահակ Եպիսկոպոս Մաշալյանը։ Մաշալյանը հրաժարվեց իր թեկնածությունից՝ հանդես գալով Բեքչյանի օգտին, որից հետո մնացին երկու թեկնածուներ։

Եթե անկեղծ լինեմ, մինչ ընտրությունները բոլորն էլ մտավախություններ ունեին, որ մի տեղից հարված է լինելու։ Մարտի 14-ին տարածված «Պետությունն ընտրություններին կողմ չէ» ասեկոսեները սրա ապացույցն էին։ Նաև զրույցներ կային այն մասին, որ նույն օրը երեկոյան ժողով է իրականացվել և Աթեշյանը համայնքի որոշ առաջնորների այս ուղղությամբ առաջարկություններ է արել։ Սակայն ինչպես կարելի է ենթադրել, այդ նույն ժողովի մասնակից համայնքային առաջնորդները պնդել են, որ ընտրությունները պետք է իրականացվեն։ 

Ինչևէ։ Ընտրություններն իրականացան, և Բեքչյանը հաղթեց 23-11 ձայների հսկայական առավելությամբ։ Սակայն համայնքի շրջանում տարածվող և համայնքի կողմից մեծ ուրախությամբ ընդունվող այս լուրի ազդեցությունը երկար չտևեց։ Կես ժամ անց Աթեշյանը լրագրողներին և համայնքային առաջնորդներին ներկայացրեց Ստամբուլի նահանգապետարանի գրությունը։

Նահանգապետարանը ներգրավվել է մի գործում, որն իր պարտականությունների մեջ չի մտնում և ասել․ «Պատրիարքական ընդհանուր փոխանորդ ունեք, փետրվարի 16-ին էլ խառնաշփոթ է առաջացել, ավելի լավ է այս ընտրությունները մի իրականացրեք»։

Աստծու սիրուն, սրանից սկանդալային ի՞նչ կարող է լինել։ Պետությանն ի՞նչ։ Պետությունը, որ պնդում է, թե աշխարհիկ է, և մենք էլ ցանակնում ենք հավատալ, որ այդպիսին է, որպես ի՞նչ է խառնվում հայոց պատրիարքական ընտրություններին։ Եվ ինչպե՞ս է ստացվում, որ խառնվում է նման անհետևողական և անիմաստ փաստարկներ առաջ քաշելով։ Վերջիվերջո Հոգևորական ընդհանուր խորհուրդն է այդ նույն Պատրիարքական գլխավոր փոխանորդին ընտրել, այդ խորհուրդն է Մութաֆյանին անգործունակ ճանաչել և հենց նույն խորհուրդն է տեղապահին ընտրողը․․․ Պետությունն ի՞նչ իրավունք ունի այս որոշումներից մեկին հավանություն տալու, մյուսին՝ ոչ։

Նահանգապետի տեղակալի ստորագրությամբ գրության մեջ տեղ գտած հետևյալ արտահայտությունը շատ կարևոր է․ «Հաշվի առնելով 2017թ․ փետրվարի 16-ին պատրիարքարանում կայացած ժողովի ընթացքում տեղի ունեցած բացասական իրադարձությունները՝ այս գործընթացը կարող է ներհամայնքային խռովություններ առաջացնել և պատճառ դառնալ ներհամայնքային խռովությունների․․․»։

Այ քեզ պետություն։ Քազազ Ամիրա սրահի քննարկումներով է հետաքրքրվում։ Սակայն միայն արտաքնապես է այդպես թվում։ Ակնհայտ է, որ որոշները պետությանը «լարել» են այդ ուղղությամբ։ Եվ պետությունն էլ գրության մեջ տեղ գտած նման տարօրինակ արտահայտություններով մատնել է ինքն իրեն, կամ իրեն լարողին։ Ասածս ինչ է, մայրուղին միակողմանի չէ այս դեպքում։ Երկկողմանի է։ Պետությունն ինքնագլուխ չէր խառնվի այս գործին, իսկ եթե անգամ խառնվեր, իրատեսական չէ, որ նման արտահայտություններ կօգտագործեր։ Ակնհայտ է, որ ոմանք, ովքեր դեմ են ընտրություններին, այս խաղը պետության հետ համատեղ են կերտել։ Լավ, թողնենք այս ամենը․ «ներհամայնքային խռովությունները» հենց պատրիարքական ընտրություններ չիրականացնելու հետևանքն են։ Չնայած սա խռովություն էլ չի կարելի անվանել։ Պատրիարքի ընտրության հարցում կոնսենսուս, համաձայնություն կա։

Այս արտահայտությունն էլ է հետաքրքիր․ «Ձեր համայքնը շատ լավ գիտի ընտրական հիմունքները, ընթացակարգն ու փորձը, դրա շրջանակներում ընտրական գործընթացը սկսելը իրավականորեն անհնար է․․․»։ Տես է։ Ի՞նչ է, պետությունն ավելի՞ լավ գիտի՝ մենք ինչպես պետք է պատրիարք ընտրենք։ Նման բան հնարավո՞ր է։ Կարգն այսպես է․ եթե պատրիարք չկա, ընտրում ենք։ Ժողովուրդն է ընտրում։ Տարիներ շարունակ չենք կարող ապրել Պատրիարքական գլխավոր փոխանորդով, միայն որովհետև պետությունն ու փոխանորդն այդպես են ուզում։

Դեռևս չենք հասկանում, թե պետության այս քայլն ինչ շղթայի մաս է կազմում։ Այս գրությունը պատրաստող պաշտոնյաների շղթան մինչև ո՞ր պաշտոն է ձգվում։ Դեռևս չգիտենք։ Սակայն գիտենք, որ պետությունը նորից հայ ժողովրդի կամքին է բռնացել։ Ցավալին այն է, որ նույն հարկի տակ ենք գտնվում նրանց հետ, ովքեր այս բռնացումը բնական են համարում։

Ի՞նչ է լինելու։ Ասում են՝ Աթեշյանն ու Մաշալյանը գնալու են նահանգապետարան և ներկայացնելու են իրավիճակը։ Տեսեք՝ ինչ օրի ենք հասել։ Սպասենք, որ նահանգապետը հանդիպում նշանակի, որ իրավիճակը ներկայացվի, որ ընտրված տեղապահը հաստատվի, այնուհետև ընտրություն անցկացվի։

Ակնհայտ է՝ ինչ է պետք անել։ Համայնքը, համայնքային հաստատությունները պետք է կառչած մնան այս գործի պոչից։ Որպես առաջին քայլ՝ Աթեշյանը պետք է հրաժարվի այդ պաշտոնից։ Այդպե՞ս չէր որոշվել, միթե։ Հա՛, նաև 60 հազար մնացած այս համայնքին նման պայքարի դրդողներին  էլ պետք է պատմության ամոթալի էջերին ավելացնենք։