ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Հրանդ Մարգարեանի «Խրիմեան Հայրիկ» ներկայացումը Երեւանում

Յուլիսի 28-ին Գրողների Միութեան թատրոնում տեղի ունեցաւ չափազանց կարեւոր թատերական իրադարձութիւն, որը շատ աւելին էր, քան մէկ հոգու կողմից ներկայացրած թատերախաղ։ Այն ունեցաւ մեծ հասարակական հնչեղութիւն։ Մարդիկ ներկայացումից յետոյ դուրս էին գալիս բոլորովին բաւարարուած եւ լուսաւորուած՝ խոստովանելով «Այս ինչքա՛ն բան իմացանք»։ Առաջին անգամ չէ, որ թատերագիր Հրանդ Մարգարեանը, լինելով մասնագիտութեամբ քիմիկոս, հանդէս է գալիս իր ազգային առաքելութեամբ եւ դառնում լուսարձակ օտարների եւ յատկապէս հայերի համար իր թատերական եւ գրական գործունէութեամբ։ Այս անգամ Նիւ-Եորքից ժամանեց Խրիմեան Հայրիկ ներկայացումով, որպէսզի լրացնի այն բացը, որ գոյացել է պետական գերատեսչութիւնների անտարբերութեան պատճառով։ Ի՞նչ արած. եթէ պետականօրէն չի նշւում 125-րդ Կաթողիկոս Մկրտիչ Ա. Վանեցու (1820-1907) մահուան 110-րդ տարելիցը, ապա այդ սրբազան առաքելութիւնը իր վրայ է վերցնում մէկ անհատ՝ վկայելով այն յայտնի իրողութիւնը, որ մեր ազգը անհատների ազգ է։ Հրանդ Մարգարեանը՝ ունենալով փայլուն գրիչ եւ դերասանական տաղանդ, ինքը բեմադրեց, եւ ինքն էլ մարմնաւորեց մեծագոյն հայի կերպարը։ Խաղաց առանց որեւէ խաղի։ Բեմից մեզ հետ պարզապէս խօսում էր ինքը Խրիմեան Հայրիկը, որը նախքան կաթողիկոս դառնալը կտաւագործ էր, կօշկակար, վարժապետ եւ վարդապետ...Պատմում էր իր անցած ճանապարհի մասին արդէն տարիքի բարձունքից՝ սքեմը հագած եւ փայտը ձեռքին. ես իմ գաւազանը ունիմ Վանէն՝ խնձորի ծառի փայտից, ինձ պէտք չէ ադամանդակուռ գաւազան։ Եւ մենք պարզեցինք, որ Խրիմեան Հայրիկը ամէնեւին էլ մեր անցեալը չէ, նա խօսում է մեզ հետ մեր այսօրուայ մասին, յաւերժ այսօրուայ, որտեղ արտաքին թշնամիներից զատ կան ներքին թշնամիներ (ինչո՞ւ են պէտք ներքին թշնամիները, եթէ ունենք արտաքին թշնամի)։ Եւ ի՞նչ անել, եթէ մենք փոքր ազգ ենք մեծ խնդիրներով՝ յաւերժ կանգնած լինելով հերթական ցեղասպանութեան շեմին։

 Հրանդ Մարգարեանը երկու անգամ է փառատում իր մոնոխաղը. առաջին անգամ 1878-ին Պերլինում կայացած վեհաժողովի պատկերն է եւ բեմ են դուրս գալիս օտար երկրների ներկայացուցիչները, որոնք դիմակաւորուած են, իսկ նրանց խօսքերը լոկ դիւանագիտական կաղապարներ են, որոնք քօղարկում են անտարբերութիւնը հայի ճակատագրի հանդէպ։ Եւ այն ատեն Խրիմեան Հայրիկը հասկանում է, որ հայկական հարցը միայն հայը կարող է լուծել առանց որեւէ օտար երկրի միջամտութեամբ. Պերլին գացի եւ հասկացայ, որ աղերսագիրով կաթսայից հարիսա չես առնի, երկաթէ շերեփ է պէտք։ Եւ յորդորում է, որ ամէն գեղջուկ պիտի զէնք ունենայ, որ իրեն պաշտպանի։ 42 տարեկան էր, երբ ժողովուրդը նրան սկսեց Հայրիկ ասել։ 72 տարեկանում ընտրուեց Ամէնայն հայոց կաթողիկոս։ Մինչ այդ 1869-ին ընտրուել էր Կ.Պոլսի հայոց պատրիարք, սակայն 1873-ին հրաժարուել էր պատրիարքութիւնից։ Բոլոր յոյզերն եւ մտքերը կապուած են եղել հայ ժողովրդի հետ։ Հայահաւաքութեան հետ։ Բազմաթիւ աշխատութիւններում թողել է հայ ժողովրդին իր խօսքը. թէ մեռնիմ երթամ գերեզման եւ այլեւս չկարիմ խօսիլ ձեզ հետ կենդանի բարբառով ու գրով. ահա կը թողում ձեզ գիրս իբրեւ մշտախօս կտակ եւ յիշատակ. որուն միակ նպատակն է, որ հայ իւր հայրենատուր հողէն չբաժնուի, զի իւր սեփական ժառանգութիւն է դրախտի երկիր։ (Պապիկ եւ Թոռնիկը)։

Եւ ահա Հրանդ Մարգարեանը բեմականացրեց իր խօսքը։ Իր կեանքը։ Իր կերպարը։ Եւ հայ հանդիսատեսը գտաւ Խրիմեան Հայրիկի մէջ իր իսկական ինքնութիւնը։ Խրիմեան Հայրիկը հաւաքական հայի կերպար է, որի մէջ ամէն ազնիւ հայ կարող է գտնել ինքն իրեն։ Մի ճար լինէր եւ աշխարհի ամէն հայ դիտէր Հրանդ Մարգարեանի այս թատերախաղը։ Նախքան Երեւանում նա Նիւ-Եորքում ցուցադրեց այս ներկայացումը։ Իսկ մինչ այդ Նիւ-Եորքի թատերական ինստիտուտը խնդրել էր, որպէսզի Մարգարեանը ցեղասպանութեան մասին թատերախաղ գրէր, որի բեմադրութիւնից յետոյ օտարները սկսեցին հետաքրքրուել հայերի մասին, հայոց պատմութեան, ցեղասպանութեան մասին…

Մենք էլ այս թատերախաղից յետոյ կարող ենք խորանալ Խրիմեան Հայրիկի կերպարի մէջ։ Ահա թէ ինչ գտայ ես մեծագոյն հայի մասին։ Այս պատմուածքը լիարժէք բնութագրում է 125-րդ կաթողիկոսին։ Կոչւում է երկու հայր։ Հեղինակը՝ Յովհաննէս Թումանեանն է։ Ստորեւ ներկայացնում եմ այն.

1896-ի կոտորածի ձմեռն էր։ Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին։ Նրանց մէջ էր եւ Ա. գիւղի ծերունի Տէր Սարգիսը։

-Հայրիկի աջը կ՚ուզեմ համբուրել, -խնդրեց նա վեհարանում, ու ներս թողին։

-Բարով, տէր հայր, -աջը մեկնեց Հայրիկը, քահանան համբուրեց ու ետ եկաւ, կանգնեց դահլիճի մէջտեղը հոգնած, խորտակուած։

-Որտեղի՞ց կու գաս։

-Սասունի կողմերից. ես Ա.-ի Սարգիսն եմ…

-Ա.-ի Տէր Սարգի՞սը…

-Այո, Հայրիկ։

-Է՞…

-Ես քսան հոգուց գերդաստան ունէի, Հայրիկ. տղաներս կոտորեցին, հարսներս տարան, թոռներս կորան, տունս թալանեցին, վառեցին, մնացի այսպէս…

-Է հիմի…

-Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ, ես… այնպէս, եկել եմ… եկել եմ… Հայրիկին ասեմ… էլ ոչինչ չեմ ուզում…

Ու Հայրիկի առջեւ կանգնած էր մարդը, որ ամէն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում։ Երկուսն էլ լուռ էին։

-Քանի՞ որդի կորցրիր, տէր Սարգիս, -գլուխը վեր քաշեց կաթողիկոսը։

-Ամէնքը միասին քսան, Հայրիկ։

-Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար, -պատասխանեց Հայրիկը,   -այդ էլ քսան՝ եղաւ քսան հազար ու քսան…  Ո՞ւմն է շատ, Տէր Սարգիս…

Քահանան ցնցուեց ու լուռ կանգնած էր։

-Ո՞ւմ վիշտն է մեծ, Տէր Սարգիս՞

-Հայրիկինը…

-Թէ ե՛կ, տէր Սարգիս, մօտ եկ, աջդ դիր գլխիս, աղօթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ։

Ասաւ ու գլուխը խոնարհեց։

Քահանան շտապեց առաջ, աջը դրաւ իր Հայրապետի գլխին, սկսաւ աղօթք մրմնջալ ու աչքերը լցուեցին արտասուքով…

Նա օրհնում էր հայոց կաթողիկոսին…

Նրա առջեւ խոնարհուած էր հայոց Հայրիկը…

1907