dzovinarlok@gmail.com
Տարիներ է, ինչ Հայաստանի Երգիծանկարիչների Միութիւնը նշում է Ապրիլի 1-ը, իսկ 2013-ից նրանց ցուցահանդէսը վերածուեց նոյնիսկ միջազգային փառատօն-մրցոյթի. աշխարհի լաւագոյն երգիծանկարիչները արձագանգեցին այդ փառատօնին։ 2013-ի նիւթը Գիրքն էր, քանզի Հայաստանը նշում էր գրատպութեան 500 տարին, 2014-ի նիւթը «Նոյի վերադարձ»ն էր, իսկ 2015-ին, երբ Հայոց ցեղասպանութիւնը 100 տարեկան դարձաւ, երգիծանկարիչները յանդգնեցին նոյնիսկ այդ նիւթի շուրջ երգիծել։ Երգիծանկարչութիւնը նկարչութեան բարձրագոյն տեսակն է, քանզի ստեղծում է ոչ թէ իրականութեան կրկնօրինակը կամ տարբերակը, այլ մեկնաբանում է իրականութեան կատակերգութիւնը, իսկ դա ամէն մէկին տրուած չէ. արտասահմանում գլուխ են խոնարհում երգիծանկարիչների առջեւ, բայց մեր անկախացած, բայց դեռ չկայացած երկրում դեռեւս զբաղուած են անցեալի նուաճումները ոչնչացնելու դժուարին գործով։ Ոչնչացւում է արուեստի բարձրագոյն տեսակը, որն է օփերան եւ պալետը, ոչնչացւում է գեղանկարչութիւնը։ Ինչպէ՞ս։ Չկայ խաղացանկ օփերայում։ Չկայ նաեւ գիտակցում, թէ ինչ բան է արուեստը։ Հետաքրքիր է, որ սովետական իշխանութիւնները ոչնչացնում էին եկեղեցիները, Աստծոյ տաճարները եւ… հաւատքը, ու դա նրանց յաջողուեց, բայց առանց կրօնի չկայ իշխանութիւն, եւ արուեստը դարձաւ մեր կրօնը, մեր հաւատքը։ Այսօր ամենուրէք բացւում են եկեղեցիներ, բայց Աստուած չի շտապում հաստատուել իր համար կառուցուած տանը. դեռեւս այդ տաճարները ծառայում են հարսանեկան, կնունքի եւ սգոյ պիզնեսին։ Դիւրին չէ ապահովել Աստծոյ վերադարձը ժողովրդի գիտակցութեան եւ էութեան մէջ. ամէնքն իր ճանապարհը պիտի հարթի առ Աստուած։ Սակայն արուեստն այլեւս դադարեց կրօն լինելուց։ 2016-ին Ապրիլի 1-ը հայ երգիծանկարիչները նշեցին արդէն ոչ թէ միջազգային փառատօնով, սակայն աներեւակայելի հետաքրքիր ցուցահանդէսով. 20-25 հայ երգիծանկարիչներ հանդէս եկան իրենց գործերով. նիւթը՝ Մամուլն էր։ Եւ ցուցահանդէսը վերհանեց այն սրբազան ճշմարտութիւնը, որի համաձայն գրաւոր նիւթից զատ մամուլը պարտադիր պիտի զինուի երգիծանկարչի անդրադարձով։ Ապրիլի 2-ին մենք ունեցանք քառօրեայ պատերազմի իրողութիւնը։ Էլ ի՚նչ ծիծաղ, էլ ի՛նչ ցուցահանդէս…
2017-ին կրկին բացուեց ցուցահանդէս, որը սրամտօրէն արձագանգեց օրուայ անհեթեթութեանը, Ապրիլի 2-ին ընտրութիւններ էին նշանակուել, անտեսելով պատերազմում զոհուած հերոսների յիշատակը, եւ երգիծանկարիչները յայտարարեցին Ապրիլի 1-ը Լռութեան օր եւ հանդէս եկան դատարկ պաստառներով։ Եւ ահա եկաւ 2018-ը, եւ երգիծանկարիչների ցուցահանդէսը ունեցաւ հետեւեալ խորագիր. «Վաճառւում է կամ տրւում է վարձով»։ Ինչո՞ւ նման խորագիր։ Արդէն ամենատարածուած ծանուցումն է դարձել այդ խորագիրը, որը կարելի է տեսնել գրեթէ ամէն շէնքի վրայ։ Վաճառւում են տները, վաճառւում են տարածքները, վաճառւում է վերջապէս Հայաստանը։ Եւ լուրջ եւ կատակով։ Երանի՛ թէ միայն կատակով, որովհետեւ երկիրը չի կարող լուրջ երկիր դառնալ առանց բնակչութեան,որն ունի քաղաքացիական իրաւունքներ։ Մեր երիտասարդները հերոսաբար կռւում են սահմաններին եւ հերոսաբար զոհւում։ Բայց ապրելը Հայաստանում նոյնպէս դարձել է հերոսութեան դրսեւորում։ Այս խորագրի պատճառը այն էր, որ Երգիծանկարիչների Միութիւնը… լուծարել են։ Ինչպիսի՚ յաջողութիւն ոչնչացման գործում, այնպէս չէ՞։ Տաղանդը Աստծոյ կողմից է տրւում։ Ինչպէ՞ս կարող են իշխանութիւնները լուծարել նման հազուագիւտ տաղանդ։ Եւ ինչպէ՞ս կարելի է համակերպուել ժամկէտանց նախագահի հետ, որը մէկ շաբաթ յետոյ պիտի աթոռը փոխի եւ դառնայ վարչապետ, եթէ այդ փաստին չանդրադառնայ երգիծանքը։ Ահաւասիկ Երգիծանկարիչների Միութեան նախագահ Սուքիաս Թորոսեանի (ստորագրում է ToTo) անդրադարձը այդ մասին։
Այս տարի ցուցահանդէսը բացուեց Չարենցի տուն-թանգարանում եւ միաժամանակ «Նոյեան տապան» գրախանութի ներքնայարկում, որտեղ հաճելի մի դահլիճ կայ՝ դաշնամուրով եւ նստարաններով։ Նայում ես նկարներին եւ լցւում ես մեծագոյն հաւատքով, որն է՝ չի կարող օրուայ իշխանութիւնը ոչնչացնել-լուծարել մեր ազգի դարերից եկած-հաստատուած տաղանդը։ Նշեմ մի քանի անուններ. Ռուբէն Արուտչեան, Վլադիմիր Աբրոեան, Գէորգի Եարալեան, Արսէն Գէորգեան, Պաւել Ջանգիրով, Ռուբէն Մնացականեան, Սուքիաս Թորոսեան, Արտակ Պաղտասարեան, Արա Օհանեան (Arzo), Յարութիւն Սամուէլեան, Մկրտիչ Մաթէոսեան, Վահան Մարգարեան, Յարութիւն Չալիկեան, Ալիս Մալոյեան…