dzovinarlok@gmail.com
24Սեպտեմբերին Սունդուկեանի անուան թատրոնը լեփ-լեցուն էր։ Հայաստանցիներ, սփիւռքահայ հիւրեր եւ Հայաստանում բնակութիւն հաստատած արեւմտահայեր… Օրուայ հերոսը Մաժակ Թոշիկեանն էր։ Յիշենք, թէ ինչ մասշտաբային նախագիծ էր ներկայացնում իրենից 2015-ին Արամ Խաչատուրեանի անուան ֆիլհարմոնիկի դահլիճում Մաժակ Թոշիկեանի «Հրանդ Տինք» օրաթօրիօի առաջնախաղը։ Իսթանպուլից ժամանել էր Լուսաւորիչ Դ.Դ. երգչախումբը Յակոբ Մամիկոնեանի ղեկավարութեամբ։ Երգչախմբին միացել էր Երեւանեան նուագախումբը, երեւանցի եւ պոլսահայ մեներգիչները։ Հանդիսատեսների մէջ նոյնպէս մեծ թուով պոլսահայեր կային։ Թւում էր, թէ ողջ հայ Պոլիսը վայրէջք էր կատարել Երեւանում։ Տօն էր։ Խանդավառութիւն։ Եւ ահա 3 տարի անց կրկին մեծ նախագիծ. այս անգամ բալետ, ժամանակակից բալետ, որին որպէս ներշնչման աղբիւր հանդիսացաւ Գէորգ Էմինի «Սասունցիների պարը» պոէմը.
Պարե՛ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացաւ,
Պարե՛ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացաւ,
Որ պար չէ սա, այլ՝ մի ազգի քաջ պատմութիւն,
Ուր պարտութի՛ւնն անգամ ունի հպարտութիւն…
Ո՞ւմ կարող են այս տողերը թողնել անտարբեր, յատկապէս երբ այդ տողերը դպում են երգահանի սրտին։ Սակայն յանդգնութիւնը նրանում է, որ Մաժակ Թոշիկեանը ցանկացաւ պարի մասին խօսել հէնց պարի միջոցով։ Ժամանակակից բալետի լեզուով։ Եւ յաջողեց, ներգրաւելով այս բարդ խնդրի մէջ «Նարեկ» պարային համոյթը (խորեոգրաֆիան՝ Ա. Ջուլհակեանի եւ Արա Ասատուրեանի)։
Սկզբից հարուածայինները ռիթմն էին խփում եւ դա միաժամանակ երաժշտութիւն էր («Արմեններ» հարուածային գործիքների անսամբլ, գեղարուեստական ղեկավարներ Գ.Թաւրազեան եւ Ա.Դաշեան)։ Ճակատագրի հարուածներն էին։ Հետզհետէ դա կերպար էր դառնում։ Մենք մեր արեան մէջ ենք կրում մեր կորցրածը, ուստի դա չի կորում։ Սասունը ապրում է մեր մէջ։ Շարունակում է ապրել։ Մենք այսպիսի ազգ ենք երկրագնդի վրայ։ Յարատեւում ենք միայն վտանգի ներքոյ, եւ կորցնելով, զրկուելով մեր հայրենիքից, մենք այդ հայրենիքը մեր երակներում ենք գտնում, մեր սրտերում, պատմական յիշողութեան մէջ։ Պարերում, իսկ դա խլել մեզնից անհնար է։ Նշեմ նաեւ «Փարոս» երգչախմբի մասնակցութիւնը, ազգային երգերի կատարող Գոհար Յովհաննիսեանին եւ ի հարկէ ողջ բեմադրութեան ռեժիսոր Գրիգոր Խաչատրեանին։ Զգեստների հեղինակը Մարինա Աւետիսեանն էր։ Որպէս խօսնակ հանդէս եկաւ անզուգական Քարոլին Սարիպոյաճեան-Մամիկոնեանը, որը յատուկ փայլ հաղորդեց երեկոյթին։ Անշուշտ բալետը իրականութիւն դարձաւ շնորհիւ հովանաւորների՝ պոլսահայ օգնութեան միութիւն (Նիւ-Եորք), Ճորճ Փազումեան, տէր եւ տիկին Նիշան եւ Մարգրիտ Ատինիզեաններ, տէր եւ տիկին Հերման եւ Շուշիկ Հինտիրեաններ։
Անշուշտ այս ամէնը կատարուեց սփիւռքի նախարարութեան բարձր հովանու ներքոյ եւ փոխնախարարը ընթերցեց նախարարի խօսքը, բայց ամէն անգամ, երբ ինչ-որ մի մասշտաբային նախագիծ մէկտեղում է այդքան տարբեր հայեր մի կետում, ես մտածում եմ հայկական ֆենոմենի մասին, որը չունի իր նախադէպը աշխարհում։ Այդ ֆենոմենը կոչւում է «Երեւանեան քաղաքակրթութիւն» եւ բացատրւում է հետեւեալ կերպ.
«Երեւանեան քաղաքակրթութիւնը ծնունդ առաւ հրդեհավայրում։ Դրա հիմքում հայոց եղեռնն էր։ Այն ծնուեց որպէս ապրելու սիրատենչ ցանկութեան մարմնաւորում եւ ներառեց իր մէջ մարդկանց ձգտումը դէպի լոյս, ուրախութիւն, ազատութիւն։ Այն դարձաւ իրենց յաղթանակը ընդդէմ մահուան՝ շնորհիւ հարիւր հազարաւոր մարդկանց ստեղծագործ ուժի, որոնք ստեղծեցին շատ աւելին, քան իրենցից խլեցին անողոքաբար…Ամէն ինչ կատարուեց ակնթարթային արագութեամբ եւ տպաւորութիւն ստեղծուեց, որ այդ քաղաքակրթութեան ետեւում կանգնած են ծաղկման անհոգ դարեր։ Հայերի մեծ մասը նոյնիսկ դէռ չեն գիտակցում, ինչ տեղի ունեցաւ…Երեւանի առեղծուածը պէտք է փնտռել էթնոսի ինքնաբերական հաւաքման գործընթացի մէջ։ Ինքնակազմակերպման, որը աւելի հզօր գործընթաց էր, քան քաղաքական, տնտեսական եւ սոցիալական գործընթացները» («Երեւանեան քաղաքակրթութիւն» գրքից։ Սվետլանայ Լուրիէ եւ Արմէն Դաւթեան)։
Ինչպէ՞ս է աւարտւում պոէմը.
Պարի՛,
Մինչեւ ողջ հայերին դու ամբարե՛ս,
Եւ այս պարը
ՄԱՍԻՍ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻՆ ՊԱՐԵՍ…
Քանի դեռ այդ պահանջը կայ, մենք լինելու ենք այս գաղափարի շուրջ համախմբուած ազգ…