PAKRAT ESTUKYAN

Pakrat Estukyan

Մենք ու մերոնք - Biz ve bizimkiler

Մարդ էլ կայ, մարդ էլ

Արիւնով եւ արցունքով լեցուն են օրերը։ Պատերազմի սարսափը վերջապէս թափանցեց երկրէն ներս։ Ամբողջ ժողովուրդ մը զարմանալով իրար կը հարցնէ թէ ինչպէ՞ս եղաւ որ այսքան դիւրին կռակի մէջ ինկանք։ Շատ անգամ հարցնողը ինք ալ գիտէ պատասխանը, բայց չի կրնար տրամաբանութիւնով բացատրել։ Լրատուութիւններ կը հոսին խմբագրատուն, որոնցմէ պիտի քաղենք թերթի համար պիտանի եղածները։ Այնքան տարաբնոյթ են այդ լուրերը, որ ակամայ կը յիշենք հայերէնի մեծ բանաստեղծ Պարոյր Սեւակի տողերը՝ «Մարդ կայ՝ ելել է շալակն աշխարհի, մարդ կայ աշխարհն է շալակած տանում…»։ Այս վերյիշումը պատճառ եղաւ որ անգամ մըն ալ ամբողջութեամբ ընթերցեմ Սեւակի խորիմաստ բանաստեղծութիւնը։ Ան աւելի քան 50 տարի առաջ ըսած էր բոլոր այն ինչ որ պիտի բացատրէր այսօրն ալ։ Ուրեմն կը հրաժարիմ այս շաբաթուան յօդուածէն, ընթերցողին մատուցելով Պարոյր Սեւակի տողերը։

Մարդ կայ՝ ելել է շալակն աշխարհի,

Մարդ կայ՝ աշխարհն է շալակած տանում...

Դու, որ սխալուել, սակայն չես ստել,

Կորցրել ես յաճախ, բայց նորից գտել.

Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,

Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,

Այլ մագլցել ես կատարից կատար,

Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝

Քո ահեղ դարից առնելով թեւեր...

Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,

Որ անօրինակ քո դարը տեսնես,

Բոլոր կերպերով դու նրան զգաս,

Շահածով խնդաս, կորուստը սգաս...

Ելել ես իբրեւ նրա մունետիկ,

Որ նրա հեռուն զգաս քեզ մօտիկ,

Որ ճշմարտութեան ափերը տեսնես,

Ծպտըուած ստի խաբելը տեսնես,

Որ չվախենաս, որ չվարանես՝

Անարդարութեան դէմքը խարանես...

Ահա թէ ինչու դու այսքան տարի,

Դու որ հարազատ ծնունդն ես դարի,

Քայլում ես անդուլ, առաջ ընդանում,

Քայլում ես այնպէս ծանր ու վիթխարի,

Ասես աշխարհն ես շալակած տանում...

Մարդ կայ՝ աշխարհն է շալակած տանում,

Մարդ կայ՝ ելել է շալակն աշխարհի...

Նա, ով ելել է շալակն աշխարհի,

Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,

Գիտի թէ ու՛մ հետ եւ ու՛ր է գնում,

Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,

Ու՛մ խօսքի վրայ ստից ծիծաղում,

Ու՛մ հետ դինջ նստած նարտի է խաղում,

Հարկ եղած դէպքում եւ տանուլ տալիս...

Վերից է նայում ցածրում կանգնածին,

Չի նայում երբեք ներքեւ ընկածին.

Վերեւ կանգնածի աղջկան, որդուն,

Սիրուհուն անգամ ու քարտուղարին

Ո՜նց է քսմսւում, ու շողոքորթում...

Որտեղ մի պատառ ճաղ ու իւղալի՝

Կանգնած է այնտեղ նա երկիւղալի...

Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,

Նոյն հեշտութեամբ էլ իր մեղքն է լալիս...

Ամէ՜ն ինչից շատ, ամէ՜ն ինչից վեր,

Հարազատ մօրից եւ որդուց աւել,

Աշխարհում նա իր աշխարհն է սիրում...

Սու՛տ է։ Նա այնտեղ իր շահն է սիրում։

Ամէ՜ն ինչից շատ, անէ՜ն ինչից վեր,

Նա պատմութեան մէջ իր դարն է սիրում...

Սու՛տ է։ Նա դարի աւարն է սիրում։

Ամէ՜ն ինչից շատ, ամէ՜ն ինչից վեր,

Մեր կեանքն է սիրում, մեր նորն է սիրում...

Սու՛տ է։ Նա միայն իր փորն է սիրում։

Ամէ՜ն ինչից շատ, ամէ՜ն ինչից վեր,

Գաղափարական իր հօրն է սիրում...

Սու՛տ է։ Ո՛չ հօրը, ո՛չ մօրն է սիրում,

Թանկ չէ ո՛չ որդին, եւ ո՛չ էլ թոռը։

Ամէ՜ն ինչից շատ, ամէ՜ն ինչից վեր

Սիրում է կեանքում նա իր .....աթոռը։

Աթոռն է սիրում

Ու նրան տիրում.

Ցանկացած գնով ելնում է նա վեր,

Փորձում է թռչել նա առանց թեւեր,

Անվերջ սողալով առաջ է գնում,

Գնում է այսպէս եւ... տարեց - տարի

Ելնում է այսպէս.... շալակն աշխարհի։

Մարդ կայ՝ աշխարհն է շալակած տանում,

Մարդ կայ՝ ելել է շալակն աշխարհի....