Ոչ մահմեդական փախստականների համար կյանքը Թուրքիայում էլ ավելի դժվար է

Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության՝ Միգրացիայի և փախստականների հարցերով հանձնաժողովը հրատարակել է զեկույց՝ «Սահմանների միջև մարդկության դրամայից մինչև մարդկության քննություն» վերնագրով։ Զեկույցն անդրադառնում է նաև Թուրքիայում ապաստան գտած ոչ մահմեդական փախստականների հարցերին․ «Թուրքիայիում դժվար է փախստական լինել․ ոչ մահմեդական փախստական լինելն էլ ավելի դժվար է»։

Զեկույցը կազմել են ԺՀԿ նախագահի տեղակալներ Վելի Աղաբեյը, Զեյնեփ Ալթըօքը, Իզմիրից պատգամավորներ Մուսթաֆա Բալբայը, Օզջան Փուրչուն, Մուղլայի պատգամավոր Նուրեթթին Դեմիրը, Ստամբուլի պատգամավորներ Սեզգին Թանրըքուլուն, Սելինա Դողանը, Չանաքքալեի պատգամավոր Մուհարրեմ Էրքեքը և Ադանայի պատգամավոր Էլիֆ Դողան Թյուրքմենը, և այն հանրությանն են նարկայացրել հունիսի 20-ին՝ Փախստականների միջազգային օրը։ Զեկույցը նաև հրատարակվել է գրքի տեսքով և գրքի վաճառքից ստացվող հասույթը տրամադրվելու է փախստական երեխաների կրթությանը։ 

Իրաքով և Սիրիայով Թուրքիա հասած փախստականների ստվար մեծամասնությունը մահմեդական է, սակայն մոտ 45 հազար ոչ մահմեդական փախստական մշտական կամ ժամանակավոր կացություն է հաստատել Թուրքիայում։ Ոչ մահմեդական փախստականների մեծամասնությունը ասորի է, սակայն նրանց մեջ կան նաև հայեր, եզդիներ և քաղդեացիներ։ Զեկույցում նշվում է, որ ոչ մահմեդական փախստականները, որոնք գտնվում են Մարդինում,Քահրամանմարաշում, Նիդեում, Աքսարայում, Յոզգաթում, Կըրշեհիրում, Քըրըքքալեում, Չորումում, Ամասիայում, Թոքատում, Էսքիշեհիրում, Սամսունում, Բելիջիքում, Յալովայում, Սաքարյայում և Ստամբուլում, բոլորովին այլ խնդիրներ են ունենում։ Զեկույցում տեղ են գտել հատկապես Յոզգաթում բնակվող հայ փախստականների մասին տեղեկություններ։ Այս փախստականների փոխանցած տեղեկությունները բացահայտում են այնտեղ բնակություն հաստատած խմբերի խնդիրները։ 

Նշված ոչ մահմեդական փախստականները, որվքեր մազապուրծ փախել են իսլամիստական ահաբեկչական կազմակերպություններից, հատկապես՝ ԻՊ-ից, նշում են, որ վախի մթնոլորտում են ապրում և ստիպված են թաքցնել իրենց ինքնությունը, քանի որ նման իսլամիստական կազմակերպությունները հանգիստ գործում են նաև Թուրքիայում։ Օրինակ՝ Յոզգաթի հայերը իրենց տներում հայերեն են խոսում, դրսում՝ արաբերեն, իրենց ներկայացնում են որպես արաբ և կրոնական արարողությունները գաղտնի են իրականացնում։

Թուրքիա մուտք գործելու ժամանակ փախստականներին հարցնում են իրենց կրոնական պատկանելությունը, սակայն համապատասխան մարմիններն այս տեղեկությունները եկեղեցիներին չեն տրամադրում։ Այս պատճառով էլ Թուրքիայի եկեղեցիները և կրոնական այլ կառույցները շատ քիչ տեղեկություն ունեն ոչ մահմեդական փախստականների մասին։

Փակ համայնքային կյանք վարող ոչ մահմեդական փախստականները դժվարություններ ունեն կրոնական պսակադրություններ իրականացնելու հարցում։ Փախստական հայերը պսակադրության համար ավելի վաղ դիմում էին ներկայացրել Թուրքիայի հայոց պատրիարքությանը, սակայն նրանց տվյալները գրանցված չեն եղել, այդ պատճառով էլ պատրիարքությունը նախ մերժել էր նրանց դիմումը, ապա Իրաքի եկեղեցուց վերցրել էր տվյալները և քահանա էր ուղարկել Յոզգաթ՝ պսակադրությունն իրականացնելու համար։