ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
Արդէն երկար ամիսներ է հայաստանեան հանրութիւնը ենթարկւում է հոգեկան սթրեսի։ Հազարաւոր երիտասարդների կորուստը, հողերի կորուստը, անվտանգութեան բացակայութիւնը, ապագայի հանդէպ անորոշութիւնն ու պատերազմի վերսկսման սպառնալիքները ընկճախտի են հանգեցնում։ Ամէնքն զբաղուած են քաղաքականութեամբ, եւ տեսակէտների բախումը առաջացնում է ատելութեան եւ անհանդուրժողականութեան մթնոլորտ։ Ապրիլի 23-ին կայացած կոնֆերանսը «Հայոց ցեղասպանութիւն. Թուրքիայի պատասխանատւութիւնը երեկ եւ այսօր» հազուադէպ գիտաժողովներից էր, երբ հնարաւոր էր մտիկ անել ոչ թէ քաղաքական վէճեր, այլ գիտական միտք, մէկը միւսից հետաքրքիր եւ չափազանց կարեւոր, քանզի մեր լինել –չլինելու մասին էր, որը 106 տարի առաջ թեքուեց հայերի չլինելու կողմը։ Նախորդ թիւի մէջ կանգ առանք ակադէմիկոս Ռուբէն Սաֆրաստեանի ելոյթի վրայ, որը եզրափակուեց հետեւեալ կերպ.
-Իմ խորին համոզմամբ Թուրքիան վտանգ է ներկայացնում ոչ միայն մեր ազգային պետականութեան անվտանգութեան համար, այլեւ մեր ինքնութեան համար, որովհետեւ այն գործողութիւնները, որ տեղի են ունենում Թուրքիայում եւ կատարւում են Թուրքիայի կողմից հայոց հարցի հետ կապուած, դրանք ըստ էութեան նպատակ ունեն հարուած հասցնել մեր ինքնութեանը, եւ ոչ միայն ֆիզիկապէս ոչնչացնել մեզ, այլ նաեւ ոչնչացնել մեր ինքնութիւնը։ Պէտք է մենք ուժեղացնենք մեր ազգային ինքնութիւնը։ Մեր պետականութիւնը պէտք է կարողանայ իր առջեւ դնել մեծ խնդիր՝ համախմբի համայն հայութեանը, եւ այդ խնդիրը պէտք է հիմնուած լինի հայկական հարցի բուն էութեան վրայ, ոչ միայն ցեղասպանութեան ճանաչման, որովհետեւ հայկական հարցը դա հայոց պետականութեան վերականգնումն է Հայկական Լեռնաշխարհում, եւ այդ խնդիրը դա այսօրուայ կամ վաղուայ խնդիր չէ, այլ սերունդների խնդիր է, ինչպէս հրեաների. հրեաները 2000 տարի գնում էին դէպի իրենց պետականութեան վերականգնումը։ Մենք ունենք աւելի լաւ նախադրեալներ։ Սա է լինելու մեր պատասխանը Թուրքիայի ոտնձգութիւններին, ուղղուած մեր պետականութեան, մեր ժողովրդի եւ մեր ինքնութեան դէմ։
Այնուհետեւ խօսքը փոխանցուեց պետական համալսարանի արեւելագիտութեան ֆակուլտետի տեքան, փրոֆեսոր Ռուբէն Մելքոնեանին.
-Ընդհանուր անտարբերութեան ծիրում ակադէմիայի կողմից այս միջոցառման անցկացումը նաեւ ինչ-որ առումով քայլ է՝ պետական արժանապատուութիւնը պահելու եւ այս խնդիրը այս տարի եւս հաւուր պատշաճի բարձրաձայնելու։
Ռուբեն Մելքոնեանը կառուցեց իր ելոյթը անցեալի եւ ներկայի համեմատութիւնների վրայ, այսինքն ինչպիսին էր Թուրքիայի պատասխանատուութիւնը երեկ եւ ինչպիսին է այսօր, արդեօ՞ք կայ լաւատեսութեան հիմք Թուրքիայի քաղաքականութեան հետ կապուած...
-Շատ խորհրդանշական է, որ հէնց այս պահին Թուրքիայի նախագահական ինստիտուտի հովանու ներքոյ, նախագահ Էրտողանի թիմի, իր խորհրդականների կողմից կազմակերպուել է գիտաժողով՝ նուիրուած հայոց ցեղասպանութեան, բայց դրա ժխտման, եւ այն ինչ հիմա տեղի է ունենում այստեղ, զուգահեռաբար հակառակ պատկերը տեղի է ունենում Թուրքիայում։ Գիտաժողովը նուրիուած է Թուրքիայի ուրացման քաղաքականութեան շարունակման, այսինքն նոյն թեզերի կրկնութիւն, ցեղասպանութեան փաստի ժխտում, հայերի իրաւունքների ժխտում, Թուրքիայի մեղսակցութեան ժխտում եւ այլն։ Ոչինչ չի փոխուել։ Իսկ յանցագործութեան ժխտումը նոյն այդ յանցագործութեան շարունակութիւնն է։ Մեր դէմ պայքարում է պետութիւնը իր կառոյցներով։ Խնդիրը երեկ եւ այսօր պետական քարոզչութիւնն է, որը կրթական համակարգի հիմքն է կազմում։ Հասարակութիւնը տասնամեակներ շարունակ դաստիարակւում եւ կրթւում է հայոց ցեղասպանութեան փաստի ուրացման ծիրում, եւ փաստօրէն մենք ունենք հարեւան երկիր, որտեղ պետութիւնը ունի ցեղասպան մտածողութիւն, իսկ հասարակութիւնը այդ մտածողութեան կրողն է, այսինքն մեր դէմ պայքարում է ոչ միայն պետութիւնը իր պետական կառոյցներով, այլ հասարակութիւնը՝ իր տարբեր շերտերով։ Ուրեմն մենք իրաւունք չունենք թուլացնել մեր հասարակութեան զգոնութիւնը, այն ինչ որ հիմա տեղի է ունենում. մեր հասարակութեան մէջ տարածւում են տարբեր, իրականութիւնից հեռու քարոզչական հնարքներ, իբրեւ թէ փոխուող Թուրքիայի հետ հնարաւոր է առողջ կառուցողական յարաբերութիւններ հաստատել։ Չեմ ուզում օրինակներ բերել, շատերս գիտենք։ Այդ քաղաքականութիւնը այսօր յատկապէս ակտիվ է տանում կոնկրետ իշխանական թեւը։ Այսօր տեսնում ենք տարբեր պատասխանատուների, պատգամաւորների յաճախ միաբջիջ մտածողութեան դրսեւորումները։ Հնարաւոր չէր ենթադրել, որ անկախ Հայաստանում կը յայտնուեն պաշտօնեաներ, պատասխանատուներ, որոնք կարող են հարցնել, թէ ի՞նչ կտայ մեզ ցեղասպանութեան ճանաչումը։ Այս հարցադրումը ուղղակի հարուած է թիկունքից։ Թուրքիան յարաբերութիւններ հաստատելու համար երեք պայմաններ է դնում. 1. Արցախի հարցի ատրպէյճանանպաստ լուծում, ինչին մասամբ հասել են, 2. Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հրաժարում, 3. Թուրքիայի հանդէպ տարածքային պահանջներից հրաժարում։ Երկրորդ նախապայմանը այսօրուայ Թուրքիայի համար շատ իրատեսական եւ իրականանալի խնդիր է՝ ստեղծուած յետպատերազմական իրավիճակում, երբ Հայաստանում թուլացել է դիմադրողականութիւնը, հասարակութիւնը կողմնորոշուած չէ, յայտնուած է քարոզչական հնարքների թիրախում եւ երբ անորոշ է կամ բացակայում է պետական քաղաքականութիւնը։
Այնուհետեւ Ռուբէն Մելքոնեանը նշեց, որ հարցի միջազգային ճանաչումը կարեւոր է մեր անվտանգութեան տեսանկիւնից։ Այսօր ցեղասպանները՝ Ապտուլ Համիդը, Էնվերը, Թալեաթը եւ միւսները նոր թուրքական հասարակութեան հերոսներն են, եւ ցեղասպանութեան խնդրի ճանաչումը քաղաքակրթական հարց է։ 2015-ին՝ ցեղասպանութեան 100-մեակին Հայաստանը ներկայացաւ աշխարհին որպէս ցեղասպանութիւնների ճանաչման եւ դատապարտման դրօշակակիր երկիր, այսինքն ուղերձ յղեց աշխարհին, որ Հայաստանը պայքարում է ոչ միայն հայոց ցեղասպանութեան ճանաչման համար, այլ ընդհանրապէս ցեղասպանութեան երեւոյթի դէմ, ինչը համամարդկային չարիք է։ Պէտք է շարունակել հանդէս գալ աշխարհում երկրի այս կերպարով։
Աշոտ Մելքոնեանը շնորհակալութիւն յայտնեց Ռուբէն Մելքոնեանին, նշելով իր համարձակութեան մասին, որովհետեւ Ռուբէն Մելքոնեանը, զբաղեցնելով պաշտօն, չնմանուեց յարմարուողներին եւ չխուսափեց ճշմարտութիւնը բարձրաձայնելու՝ հակառակ վերեւներում թմբկահարուած հայ-թուրքական նորմալացման կուրսի։
Թուրքագէտ Անուշ Յովհաննիսեանը խօսեց Թուրքական պետութեան պետական շահի գիտակցման մասին։ Նրանք լաւ գիտակցում են, որ հայոց ցեղասպանութիւնը հայկական հարցի բաղադրիչներից մէկն է, որ ճանաչումին հետեւելու է հատուցման եւ հողերի հարցը։ Պէտք է, որ պետական մտածելակերպը նաեւ մեր պետական այրերի մօտ ձեւաւորուի։