«Երկու թուխ թանաք կտրիճ ձին հեծած՝ իտեւ գնացին...»
Հայոց լեռնաշխարհում չէք գտնի մի գիւղ կամ քաղաք, որ Թուխ ու Մուխ Մանկանց նուիրուած գէթ մէկ մատուռ կամ պաշտամունքատեղի չունենայ։ Թուխ ու թանաք կտրիճների մատուռներ գտնուած են Մշոյ աշխարհում, Վանում, Ալաշկերտում, Խնուսում, Անբադում, Օշականում եւ շատուշատ այլ վայրերում։ Այս մատուռները վեհաշուք չէին, յաճախ նրանց իսկ գերեզմանների վրայ կառուցուած փոքրիկ ու մեծ, մասամբ կիսաւեր մատուռներ էին, երբեմն էլ պարզապէս աւերուած, ցիրուցան քարերով տեղանքներ։ Հասկանալի է, որ սրանք քրիստոնէութեան շրջանում աւերուած հեթանոսական պաշտամունքատեղիներ էին, որոնք սակայն շարունակում էին մնալ որպէս ուխտավայրեր ու աղօթատեղիներ։ Թուխ ու թանաք մանուկների մատուռներ են գտնուել նաեւ աղբիւրների ակունքներին, ինչը վկայում է վերջիններիս՝ ջրային տարերքի հետ ունեցած սերտ կապի մասին։ Ասում են, թէ «Թուխ Մանուկներու ջրերը հիւանդութիւններ կը բժշկեն»։