Լոյս տեսաւ Մատենադարանի ձեռագիր ղուրանների ցուցակը

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
oksana.karapetian@gmail.com

Գաղտնիք չէ, թէ որքան յայտնի է Հայաստանի սիրտը դարձած եւ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող Երեւանեան Մատենադարանը։ Ձեռագրերի այս հարուստ հաւաքածուն իր մէջ դեռ որքան գաղտնիքներ ունի պարունակած, որք կը սպասեն երեւան գալու իրենց վայրկեանին։

Հայերէն մատեաններէն բացի հոս կրնանք գտնել շատ ու շատ ուշագրաւ այլալեզու ձեռագրեր, զոր օրինակ՝ արաբերէն, պարսկերէն, օսմաներէն, լատիներէն, յունարէն եւն…

Ահաւասիկ հայերէն ձեռագրերէն զատ իրենց թուաքանակով կ՚առանձնանան արաբատառ, այն է՝ արաբերէն, պարսկերէն եւ օսմաներէն մատեանները (շուրջ 2723 ձեռագիր, չհաշուած 611 պատառիկները), որոնք տեւական ժամանակ, ցաւօք, չեն արժանացած բաւարար ուշադրութեան։

Անշուշտ, արաբատառ ձեռագրերի հետ աշխատանքներ միշտ ալ տարուել են։ Այսպէս դեռ 60-90-ական թուականներուն Մատենադարանում կ՚աշխատէր արեւելագէտներէն բաղկացած հիանալի խումբ մը՝ Յակոբ Փափազեանի գլխաւորութեամբ։ Սակայն մատեանները կարօտ կը մնային լուրջ ու խորքային մշակումներու։

Այդ ահռելի բացը եկան լրացնելու Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի նկարագրման եւ ուսումնասիրման բաժնի գիտաշխատողները՝ Վահան Տէր-Ղեւոնդեանի գլխաւորութեամբ։ Յատուկ նուիրումով նրանք ձեռնամուխ եղան արաբերէն, պարսկերէն ու օսմաներէն ձեռագրացուցակների հրատարակմանը։

Ահա մեծ խնդութեամբ պիտի յայտարարենք թէ ի վերջոյ այս տարի լոյս տեսաւ Մատենադարանի ղուրանների եռալեզու (հայերէն, արաբերէն, անգլերէն) ցուցակը, որ կազմեցին Վահան Տէր-Ղեւոնդեանը, Քնարիկ Սահակեանը, Վեներա Մակարեանը, Մովսէս Խեչոն եւ Միհրան Մինասեանը։

Վահան Տէր-Ղեւոնդեանի հաղորդմամբ՝ Ձեռագրացուցակը կ՚ընդգրկէ իսլամի Սուրբ Գրքի բնագրերու 120 մատեան եւ պատառիկ, որոնց մեծ մասը գրուած են Օսմանեան Կայսրութիւնում եւ Պարսկաստանում, հիմնականէն՝ 17, 18 եւ 19-րդ դարերու ընթացքին։

- Սա Մատենադարանում պահուող այլալեզու ձեռագրերի թերեւս եօթերորդ ձեռագրացուցակն է, արդէն լոյս տեսած են յունարէն, լատիներէն եւն. ձեռագրացուցակները եւ անշուշտ, այսու ետք պիտի անդրադառնանք արաբերէն մնացեալ ձեռագրերին, որովհետեւ, ինչպէս յայտնի է, բացի այս ղուրաններից Մատենադարանում ունինք այլ արաբերէն եւ արաբատառ ձեռագրեր եւս, - իր խօսքում մեզ պատմեց Միհրան Մինասեանը։

Ձեռագրացուցակի կազմման ուղղութեամբ աշխատանքները սկսան շնորհիւ Մատենադարանի եւ Իսլամական ձեռագրերի ընկերակցութեան միջեւ համագործակցութեան, ինչի կայացմանը յատկապէս նպաստ բերած է Քնարիկ Սահակեանը. ահա թէ ինչ կ՚ըսէ նա այս առթիւ.

- Դեռեւս 2010 թուից հետաքրքրուած էի Մատենադարանում արաբերէն ձեռագրերի նկարագրման ու ուսումնասիրման ասպարէզում արժէքաւոր համագործակցութեան ձեռքբերման համար։ Արդէն 2012-ին մասնակցելով Քեմպրիչի համալսարանում մի շատ կարեւոր ձեռագրագիտական գիտաժողովի՝ հնարաւորութիւն ունեցայ տեղում ներկայացնելու Մատենադարանի արաբերէն ձեռագրերի հաւաքածուն։ Ներկայացրեցի նաեւ գործընկերոջս՝ Անի Աւետիսեանի հետազօտութիւնը Մատենադարանի օսմաներէն ձեռագրերի վերաբերեալ։ Շատ ջերմ արձագանգներ ունեցանք․ թէեւ նեղ շրջանակներում մի քանի գիտնականների անծանօթ չէր մեր ձեռագրերի հաւաքածուն, սակայն, փաստօրէն, լայն առումով շատերը անգամ պատկերացում չունէին այս արաբատառ մատեանների մասին։ Այնուհետեւ մասնակցեցի արաբատառ ձեռագրերի քննութեանը նուիրուած Քեմպրիչի ամենամեայ սեմինարներին։ Ահա այս գիտական շփումների հիմքի վրայ էլ սկիզբ դրուեց մի հիանալի համագործակցութեան․2013-ին Thesaurus Islamicus հիմնադրամի եւ Իսլամական ձեռագրերի ընկերակցութեան (The Islamic Manuscript Association) հետ համատեղ Մատենադարանում անցկացուեց արաբատառ ձեռագրերի նկարագրման վերաբերեալ հնգօրեայ դասընթաց, որը վարում էր պրոֆէսոր Յան Յուստ Վիտկամը՝ Լեյտէնի համալսարանից։ Այս համագործակցութեան արդիւնքում 2016-ի Յունիսին հրատարակուեց ձեռագիր ղուրանների ցուցակը։

Հաւաքածուն աստիճանաբար գոյացած է՝ տարեցտարի հարստանալով նորանոր ձեռքբերումներով. «Ինչպէս Մատենադարանի ողջ ձեռագրական ֆոնդը, այնպէս էլ ղուրանների հաւաքածուն հիմնուել են երկու կարեւոր հաւաքածուների՝ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի եւ Մոսկուայի Արեւելեան լեզուների ինստիտուտի (նախկին Լազարեան Ճեմարան) ձեռագրերի մէկտեղմամբ 1920-ական թուականներ։ Սակայն անցած ժամանակահատուածում անհատ բարերարների կատարած նուիրատուութիւնները թուով նոյնիսկ գերազանցել են սկզբնական հաւաքածուները։ Յատուկ երախտագիտութեամբ պէտք է յիշել Մատենադարանի մեծ բարերարներից մէկին՝ Յարութիւն Հազարեանին, որի Մատենադարանին նուիրած շուրջ 400 ձեռագրերից 20-ը ղուրաններ են», - կը նշէ Վահան Տէր-Ղեւոնդեանը։

Գրքի առաջաբանում կրնանք տեսնել նաեւ Մատենադարանին արաբերէն ձեռագրեր նուիրած անձանց անունները, զոր օրինակ Յարութիւն Հազարեանի, Վարուժան Սալաթեանի, Միհրան Մինասեանի եւ այլոց։

Սկզբնապէս հաւաքածուի հիմք դարձած են Արեւմտեան Հայաստանէն փրկուած ձեռագրերը։ Ինչպէս մեզ կը յիշեցնէ Անի Աւետիսեանը, «Ձեռագրերի մնացորդների փրկութեան սուրբ գործի նախաձեռնողը եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Ե. Սուրէնեանցը, ում կարգադրութեամբ 1915-16 թթ-ին յաջողւում է փրկել Վասպուրականի եւ Տարօնի վանքերում ի պահ դրուած եւ դեռեւս թալանի չենթարկուած վերջին ձեռագիր յուշարձանները, որոնց մէջ եղել են նաեւ արաբական, իրանական եւ թուրքական մշակոյթի ձեռագրային արժէքներ։ Սրանք խնամքով, անկորուստ պահւում են, ուսումնասիրւում եւ հասանելի են գիտական շրջանակներին. մի բացառիկ վերաբերմունք, որ հայ ժողովուրդը ցուցաբերում է այլ ժողովուրդների մշակոյթների հանդէպ»։

Ղուրանների հաւաքածուի մի շարք ձեռագրեր աչքի են ընկնում ոչ միայն վայելչագրութեամբ, այլեւ մանրանկարչական տաղանդով ու կազմի ձեւաւորման հմտութիւններով, ճակատազարդերի ու լուսանցազարդերի ճոխութեամբ ու նրբութեամբ։

Ձեռագրերի մէջ առանձնանում է ենթադրաբար 8-9 դարերի թուագրուող մի պատառիկ, որը գրուած է մագաղաթի վրայ՝ առանձնակի գեղեցկութեամբ յայտնի քուֆի գրատեսակով։ Միհրան Մինասեանը կը պատմէ որ այս պատառիկը մասնիկն է Վարուժան Սալաթեանի հաւաքածուի մի բացառիկ ղուրանի, որ կը պահուէր Պէյրութի Դրամատանը, որը վերջին պատերազմի ընթացքին կողոպտուած է․ ցաւօք՝ կորած է նաեւ այս եզակի ձեռագիրը։

Իր հնութեամբ բացառիկ է թիւ 1621 ձեռագիրը, որը Մատենադարանին է նուիրել Վ․ Սալաթեանը, նկարագրութիւնը կատարել է Միհրան Մինասեանը․«Ձեռագիրը Ղուրանի 5-րդ մասն է՝ Ջուզը, ունի 12-րդ դարի նուիրաբերման յիշատակարան, կը վերագրուի Հիջրայի 507 թուականին, այն է՝ 1113/1114, սելջուկեան դարաշրջան։ Նուիրաբերուել է Դամասկոսի մզկիթներէն մէկին»։

Հնութեամբ երկրորդ ձեռագիրը թիւ 1004-ն է, որը նկարագրել է Մովսէս Խեչոն․«Ձեռագիրը Սեֆեան դարաշրջանին կը պատկանի, գրի է առնուած Շիրազ քաղաքում 17-րդ դարում՝ Հիջրայի 1039 թուականին։ Կազմը շատ գեղեցիկ է, սեւ կաշուից՝ մոզաիկի կտորներով։ Յայտնի է որ աշխատողը սուր դանակով տեղեր է պատրաստել կաշուի վրայ, յետոյ աւելացրել է այլ կտորները․ բաւական հետաքրքիր եւ դժուար գործ է։ Յայտնի է որ պատուիրուած է եւ բաւական հարուստ պատուեր է։ Ինքը գրութիւնը ոսկուց է՝ գրուած ոսկէ ծաղկանախշերով թղթի կեդրոնում։ Սկիզբը ունի զարդանախշեր, գոյները շատ հարուստ են՝ կապոյտ, նարնջագոյն, ոսկի, սեւ, կանաչ, կարմիր, սրճագոյն. կարելի է տեսնել, թէ որքան գեղեցիկ են լուսանցքների ոսկեպատ բուսական տարրերը, որոնցով ամբողջութեամբ ծաղկած է գրութիւնը։ Հետաքրքիր է, որ գրութիւնը այսպէս ասած ամպանման արուած է, ինչը շատ քիչ կը հանդիպենք մեր ձեռագրերում։ Այսպիսի գեղեցիկ ձեռագիրը առաւելութիւն է մեր հաւաքածուի մէջ։ Այն բաւական լաւ է պահպանուել, ինչը կրկին խօսում է այն մասին, որ ձեռագիրը պահուել է գիտնականի կամ հոգեւորականի մօտ եւ քիչ է ձեռքից ձեռք անցել»։

Ձեռագրերի գրատեսակների մասին խօսելիս՝ Վ․ Տէր-Ղեւոնդեանը կը շեշտէ, որ «Մատենադարանի ղուրանների ճնշող մեծամասնութիւնը գրուած են նասխ գրատեսակով, թէեւ կան նաեւ մաղրիբի, նասթալիկ, ռայհան, ռիկաա գրատեսակներով գրուածները, երբեմն ողջ տեքստը գրուած է նասխով, իսկ սուրաների անուանումները՝ քուֆիով կամ ռիկաայով կամ սուլուսով»։

«Ընդհանրապէս յայտնի է որ իսլամը արգելել է բոլոր շնչառու էակների պատկերները», - կը յիշեցնէ Մովսէս Խեչոն, - «Սա պատճառ եղաւ, որպէսզի զարգանան բուսական կամ երկրաչափական տարրերով նախշերը․ շեշտը դրւում էր գոյների վրայ։ Պարսկաստանում կամ Միջին Ասիայում գրուած ղուրանները շատ հարուստ են կապոյտ գոյնով, եւ բուսական էլէմենտներով՝ ոսկէ, սեւ կամ կապոյտ շրջանակների մէջ առած, լուսանցքները ծաղկուած են»։

«Ահաւասիկ Մեր հաւաքածուի մէջ կան ձեռագրեր, որոնք շատ ճոխացւում են գոյներով, տարրերով, շքեղ ոսկիով․կան նաեւ պարզերը։ Ղուրանի ամենակարեւոր էջերը ճակատազարդեր ունեն։ Ուզում եմ շեշտել, որ յետագայի սրբագրութիւնները արուած են լուսանցքներում՝ երբեմն ոսկէ շրջանակների մէջ», - կը նշէ Մովսէս Խեչոն եւ կը շարունակէ․

«Շատ ընդունուած է նասխ տառատեսակը, կան բնագրեր՝ գրուած Ալ-մաղրիբի տառատեսակով, որն, ինչպէս անունից յայտնի է, արաբական աշխարհի արեւմտեան հատուածից է՝ այսօրուայ Մարոկը կոն, Ալժիրը, Թունիսը։ Մաղրիբին յայտնի է իր գունեղութեամբ․ այն է՝ հիմնական գիրը սեւ թանաքով է՝ զարդարուած կապոյտ, կարմիր եւն կիսաձայներով՝ հարականերով։ Շատ գեղեցիկ, բայց եւ բարդ ընթեռնելի տառատեսակներից է։ Մաղրիբիով գրուած մեր ձեռագրերում ամենուր կրնանք հանդիպել կանաչ, սեւ, կապոյտ, կարմիր գոյների, ոսկէ նախշերի։ Այս ձեռագրերը մեծ ուշադրութիւն են գրաւում եւ, որպէս արուեստի գործ, շատ հետաքրքիր են»։

Այն էլ յաւելենք, որ Ձեռագրացուցակի հրատարակմանը իրենց խորհուրդներով ու դիտարկումներով մեծ աջակցութիւն են ցուցաբերել բաժնի օսմանագէտ-թիւրքագէտներ Անի Աւետիսեանը, Վերա Սահակեանը եւ Անի Սարգսեանը՝ օսմաներէն, եւ Քրիստինէ Կոստիկեանը՝ պարսկերէն գրութիւններու վերծանութեան եւ թարգմանութեան խնդրում։ Անպատճառ կ՚ուզենանք նշել, որ շուտով առանձին հատորներով լոյս պիտի տեսնան նրանց կազմած օսմաներէն եւ պարսկերէն ձեռագրաց ցուցակները, ինչին մենք անհամբեր կը սպասենք։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ