ՌԱՖՖԻ Կ. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի առաջին նախարար «Ժառանգութիւն» կուսակցութեան նախագահ
Յաւերժական հայրենակից,
Բոլորեց տասը տարին այն եղեռնաժամից, երբ չարագործը սառնասրտօրէն քաշեց քո թիկունքին ուղղւած զէնքի ձգանը։ Սակայն տասնամեայ բացակայութիւնդ շատ աւելի ներկայ կարելի է համարել, քան ոմանց ֆիզիկական ներկայութիւնը։ Դա թերեւս նրանից է, որ սերմանածդ գաղափարների հունտերը այս ամբողջ ընթացքում պտղաւորուեցին եւ շարունակում եմ պտղաւորուել բիւրաւոր սրտերում ու մտքերում։ Իսկ 1996-ին քո հիմնադրած երկլեզու «Ակօս» պարբերաթերթը նպատակ ունէր դառնալու եւ դարձաւ թրքահայութեան խօսափողն ու իրաւունքների պաշտպանը, հաշտարար օղակ երկու ժողովուրդների միջեւ։
Ողբերգականօրէն աւարտուած քո երկրային կեանքի իմաստը ժողովրդավարութեանը, խօսքի ազատութեանը, փոքրամասնութիւնների իրաւունքներին եւ, յատկապէս, Հայկական հարցին առնչուող խնդիրների արծարծումն էր մի երկրում, որտեղ երբեք չեն խախտւում ընդունուած թապուները։ Դու մարտահրաւէր նետեցիր պատմութեան աղճատուած շարադրանքին, խիզախեցիր ծառայել իբրեւ կամուրջ հայերի ու թուրքերի միջեւ՝ երբեմն արգահատանքի թիրախ դառնալով երկու կողմից էլ։ Բայց դա քեզ չվհատեցրեց, քանի որ քո հոգում խորն էր անթեղուած Հայրենիքի նուիրական գաղափարը։ Հայրենիք, որը բոլոր հայերին է պատկանում՝ իր ամէն մի թիզ հողով։
Քո մահը կոտրեց արգելուած թեմաների բոլոր կարծրատիպերը՝ բեկումնային կէտ դառնալով թուրքական հանրութեան մէջ եւ, առաւելապէս մտաւորականութեան շրջանակներում, խթանեց Հայոց ցեղասպանութեանն առերեսուելու, այդ օրակարգը քննարկելու մղումները։ Իշխանութիւնների հալածանքներին ի տրիտուր՝ չլքեցիր պապենական օջախդ, որովհետեւ «դժոխքի կրակները» թողած՝ «պատրաստի դրախտում» հանգրուանելը յարիր չէր քո հիմնէութեանը, մարտնչողի քո բնոյթին։ Որովհետեւ աստուածատուր առաքելութիւնդ «դժոխքը» «դրախտի» վերածելն էր։
Այդպէս էիր 2007-ի չարաբաստիկ Յունուարի 19-ին ինքդ բանաձեւել քո հաւատոյ հանգանակը վերջին յօդուածիդ մէջ, որը վերնագրուած էր՝ «Հոգեվիճակս վախուորած աղաւնու է նման»։ Համոզմունք էիր յայտնում, որ ապրածդ հասարակութեան մէջ մարդիկ աղաւնիների վրայ չեն կրակում։ Բայց հէնց նոյն օրը ազգայնականի արձակած գնդակը խոցեց մարդկութեան ցաւերն ու մտահոգութիւններն իր մէջ ամբարած, բարութեամբ ու արդարամտութեամբ տրոփող սիրտդ։
Փա՜ռք քո ազգանուէր գործին, քո բարի անուանը, որոնք կ՚ապրեն դարեդար, սիրելի Հրանդ։