Զրոյցներ հայ թատրոնի մասին

ԲԱԽՏԻԱՐ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

1. Հեթանոսական շրջան

Հայ թատրոնը աշխարհի հնագոյն թատրոններից մէկն է։ Ինչպէս ամէն մի քաղաքակիրթ, հին մշակոյթ ունեցող ժողովրդի, այնպէս էլ հայերի մօտ թատերական արուեստի տարրերը երեւան են եկել շատ հազարամեակներ առաջ։ Թատերական արուեստի բաղկացուցիչ մասերը՝ խօսքը, երգ-երաժշտութիւնը, պարը համապատասխան շարժումներով գործողութեան մէջ դնելով, ստեղծուել են թատերականացուած տեսարաններ, որոնք արտայայտել են որոշակի միտք, գաղափար՝ կապուած մարդու առօրեայ կեանքի ու գործողութեան հետ։

Թատերական արուեստի տարրերը հին հասարակութեան մէջ ամենից առաջ դրսեւորել են աշխատանքի ընթացքում։ Եւ որքան կատարելագործուել են աշխատանքի մեթոտները, բարելաւել պայմանները, այնքան աւելի արտայայտիչ ու նպատակասլաց են դարձել թատերականացուած տեսարանները։ Աշխատանքի ժամերին կամ հանգստի պահերին մարդիկ խօսակցութեան մէջ մտնելով միմեանց հետ, կատակել են, սրախօսել, պատմել իրենց նախնիների քաջագործութիւնների, հերոսութիւնների, հետաքրքիր դէպքերի մասին։ Այդ պատմութիւնները կատարուել են գեղարուեստական բոլոր տիպի արտայայտամիջոցներով, որոնց շնորհիւ աւելի ներգործուն ու տպաւորիչ են անցել ներկայացուող տեսարանները։ Այս ընթացքում են ծնունդ արել մենախօսութիւնը, երկխօսութիւնը, կատակերգական ու ողբերգական ժանրերի տարրերը։

Հայ ժողովրդի թատերական արուեստի տարրերի ամենահին հետքերը պահպանուել են ժայռապատկերների փորագրութիւններում։ Աւելի կատարելագործուած նմուշները պահպանուել են բրոնզէ արձանիկների միջոցով։ Զանգեզուրում, Մարտունիում, Տաւուշում, Լեռնային Ղարաբաղում, Սարիղամիշում յայտնաբերուած, վաղ ու ուշ բրոնզէ դարերին պատկանող՝ շատ դիմակով, կանանց գլխով եւ թռչունի մարմնով (Տաւուշ), մի կողմից կատակերգակ եւ միւս կողմից ողբերգակ դերասանի պատկերով (Ղարաբաղ) բրոնզէ արձանիկները, ինչպէս նաեւ 19-րդ դարում Արեւմտեան Հայաստանում յայտնաբերուած Անահիտ աստուածուհու դիմաքանդակը, որը ներկայումս պահւում է Լոնտոնի Պրիտանական թանգարանում, միաբերան վկայում են թատերական արուեստի մեծ տարածում գտնելը պատմական Հայաստանում։ Վերոյիշեալ պաշտամունքային եւ աշխարհիկ թեմատիկայով պատրաստուած բրոնզէ արձանիկները յայտնաբերուել են մշակութային եւ առեւտրական կեդրոններից, գլխաւոր մայրուղիներից հեռու վայրերում։ Իսկ որքան շատ ու հետաքրքիր նմոյշներ պահպանուած կը լինէին մայրաքաղաքներում եւ պաշտամունքների պատճառածներում, որտեղ, համեմատաբար աւելի զարգացած վիճակում էին գտնւում արհեստներն ու արուեստները, եթէ մշտապէս ենթակայ չլինէին օտարերկրեայ զաւթիչների աւերածութիւններին ու կողոպուտներին։ Այսուամենայնիւ, մեզ հասած նիւթական մշակոյթի յուշարձանները հաւաստում են թատերական արուեստի յարատեւութիւնը հայ ժողովրդի հոգեւոր զարգացման բոլոր էթափներում։

Հայ ժողովրդի հեթանոսական շրջանի թատերական արուեստի մասին հետաքրքիր տեղեկութիւններ են պահպանել ու հետագայ սերունդներին աւանդել մեր պատմիչները։ Օգտուելով ու գրի անցկացնելով ժողովրդի մէջ բերնէ-բերան պատմածները, Գողթան պատմիչներից մնացած առասպելաբանութիւնները, հայոց պատմութեան նուիրած իրենց գրքերում, առանձին դէպքերի թատերականացուած նկարագրութիւններում նրանք կենդանի են պահել թատերական արուեստի գոյութիւնը։

Հայ ժողովրդի հասարակական-քաղաքական կեանքում հսկայական իրադարձութիւն հանդիսացաւ հայոց գրերի գիւտը, շնորհիւ որի ստեղծուեց հարուստ գրականութիւն, որը ոչ միայն պահպանեց ժողովրդին, այլեւ նրա բազմադարեան մշակոյթի պատմութիւնը։ Հայ մեծ պատմիչներ Մովսէս Խորենացին, Փաւստոս Բիւզանդը եւ ուրիշներ վերականգնեցին հայ ժողովուրդի որոշ ծիսակատարութիւնների թատերականացուած օրինակներ՝ կապուած պատմական կոնկրետ անձնաւորութիւնների գործունէութեան հետ։

Հին Հայաստանում երբ տիրապետող դեր էր կատարում աստուածների՝ Անահիտի, Վահագնի, երկնային ու երկրային մարմինների ու երեւոյթների պաշտամունքը, մեծ տարածում է գտել յատկապէս մայր-դիցուհու ամենաբարերար Մայր Անահիտի պաշտամունքը, որին նուիրուած տօնակատարութիւնը համաժողովրդական բնոյթ է կրել։ Անահիտի՝ բարութեան, անարատութեան աստուածուհու տաճարը, որտեղ կատարուել են թատերականացուած ծիսակատարութիւնները, ըստ յոյն պատմիչ Ստրափոնի, գտնուեր է Եկեղեաց գաւառում։

Առաւել իրական անձնաւորութիւնների անուններ է յիշատակել Մովսէս Խորենացին։ Օգտուելով Գողթան երգիչների պատմածներից, նա տուել է Արտաշէս Ա թագաւորի եւ նրա որդի Արտաւազդի միջեւ տեղի ունեցած խօսակցութիւնը, որը մեզ հասած հնագոյն երկխօսութիւններից մէկն է հայ գրականութեան մէջ։ Ինչպէս յայտնի է Արտաշէսի մահուան ժամանակ ի սէր իրենց թագաւորի հեթանոսական սովորութեան համաձայն շատ մարդիկ են իրենց զոհել։ Այս երեւոյթը զայրացրել է Արտաւազդին եւ նա ասել է։

«Երբ դու գնացիր

Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,

Ես այս աւերակների վրայ

Ո՞ւմ թագաւորեմ»։             

Հայրը անիծելով չար ու նախանձոտ որդուն ասել է.

«Թէ դու ձի հեծնես որսի գնաս

Ազատն ի վեր դէպ Մասիս,

Քաջքերը քեզ բռնեն տանեն

Ազատն ի վեր դէպ Մասիս,

Այնտեղ մնաս լոյս չտեսնես»։

Այս երկխօսութիւնը ամենացայտուն թատերական հնարամտութիւն է թէկուզ հէնց այն տեսակէտից, որ դա տեղի է ունեցել մեռած եւ կենդանի մարդկանց միջեւ։ Այն էլ ասենք որ Արտաշէսի թաղման արարողութիւնը ինքը եւ մի թաղման թատերականացուած ծիսակատարութիւնըէ եղել, որը կատարուել է պղինձէ փողեր հնչեցնելով, ձայնարկու եւ լալկան կանանց խմբերով, որոնք ողբագին արտասանութեամբ ու երգերով փառաբանել են թագաւորի բարեմասնութիւնները ու քաջագործութիւնները։ Այս սրտառուչ պատմութիւնն այնքան է հետաքրքրել պատանի բանաստեղծ Յովհաննէս Թումանեանին, որ նա թերեւս 19-րդ դարի 90-ական թուականներին փորձել է մի ողբերգութիւն գրել նախանձոտ Արտաւազդ թագաւորի մասին։ Ըստ նրա մտայղացման պիէսը պէտք է աւարտուեր Արտաւազդի, իբրեւ չարութեան մարմնացումի վախճանով, բայց դժբախտաբար պիէսն աւարտի չի հասցրել։

Այսպիսով, որքան պատմութիւնը մօտեցել է մեզ, այնքան հիմնաւոր ու հաւաստի աղբիւրներ են հասել հայ թատրոնի զարգացման փուլերին ու անձնաւորութիւնների մասին։ Հեթանոսական շրջանի նախնական թատերական ու թատերականացուած միջոցառումները հիմնականում արտայայտուել են ծիսակատարութիւնների գեղարուեստական մատուցման ձեւերով։ Աւելի հասուն շրջանի թատրոնը իր արտայայտութիւնն է գտել ՄԹԱ առաջին դարում։ Դա Արտաշէսի թատրոնն է որի մասին մեր յաջորդ զրոյցում։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ