Հայաստանից Թուրքիա, Թուրքիայից Հայաստան

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՈՂՈՍԵԱՆ

Համաճարակի այս օրերը կարծես նոր փորձութիւն են ողջ մարդկութեան համար։ Մինչ բուժաշխատողները կատարում են իրենց սրբազան պարտքը, պետութիւնները՝ կառավարում համաճարակի ռիսքերը եւ կանխարգելման միջոցառումներ իրականացնում, մարդիկ մտածում են իրենց նոր իրականութեան, նոր խնդիրների մասին։

Նրանք, ովքեր օտարութեան մէջ են ապրում, զգալով ապագայի մշուշոտ պատկերը, վայրկեան առաջ տուն վերադառնալու ճանապարհներն են փնտռում։«Քորոնա» վիրուսը կարճ ժամանակահատուածում լայն տարածում գտաւ Թուրքիայում, մասնաւորապէս Իսթանպուլում, որը դարձաւ վարակուածների թուով առաջատարը։ Այս ամէնը նաեւ խուճապ արթնացրեց արտագնայ աշխատանքով զբաղուող հայաստանցիների շրջանում, ովքեր տարիներ շարունակ այստեղ բնակութիւն են հաստատել ընտանիքներով։ Վերջիններս համաճարակի հետեւանքով յայտնուեցին դժուար վիճակում.շատերը մնացին անաշխատանք, միւսները ուղարկուեցին չվճարուող հարկադիր արձակուրդի, մինչդեռ գրեթէ բոլորն էլ վարձով են ապրում եւ վարձավճարը նոյնպէս խնդիր է։ Նրանց մի մասը չունի կացութեան իրաւունք, առաւել եւս՝ աշխատանքի իրաւունք, իսկ հայրենիք վերադառնալու ճանապարհին էլ ամենամեծ արգելքը անձնագրային եւ այլ փաստաթղթային խնդիրներն են։ՀՀ ԱԳՆ խօսնակ Աննա Նաղդալեանն օրեր առաջ նշեց, որ արդէն իսկ Ապրիլի սկզբին Հայաստան են տեղափոխուել Թուրքիայում գտնուող եւ վերադառնալու ցանկութիւն յայտնած մեր 73 քաղաքացիներ. այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտօնական շրջանակները համագործակցել են թուրքական եւ վրացական համապատասխան մարմինների հետ։Թուրքիայից Հայաստան վերադարձած քաղաքացիների մասին տեղեկութիւն հրապարակեց նաեւ «ֆէյսպուք»եան օգտատէր Նաիրա Յարութիւնեանը.«Բարի երեկոյ բոլորին։

Մենք գտնւում ենք մեկուսացման մէջ Լոռու մարզի հիւրանոցներից մէկում։ Իմ եւ մեր բոլորի անունից ուզում եմ շնորհակալութիւն յայտնել ՀՀ ԱԳՆ-ին, Գագիկ Մուշեղեանին, մեր ՀՀ անվտանգ տեղափոխումը կազմակերպելու համար, հիւրանոցի բժիշկներին եւ ոստիկաններին ջերմ եւ հոգատար վերաբերմունքի համար։ Մենք վստահում ենք մեր այսօրուայ իշխանութիւններին՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ։ Շնորհակալ ենք»։Պատրիարքարանի մամլոյ դիւանի հաղորդագրութիւնից տեղեկանում ենք, որ խնդրոյ առարկային էր անդրադարձել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը, ով Ապրիլի 8-ին հեռախօսազրոյց էր ունեցել Պոլսոյ Հայոց Պատրիարք Արք. Սահակ Մաշալեանի հետ։ Զրոյցի ժամանակ Էրդողանը տեղեկացրել է, որ դիւրացուել է Թուրքիայից ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադարձի գործընթացը։Աւելի ուշ պատրիարքարանից տեղեկացայ, որ հայաստանցիների մի մասը Հայաստան վերադառնալու համար նախապէս գրանցուել, սակայն մեկնելու օրը չի ներկայացել։ Եւ իսկապէս համաճարակի օդի մեջ այս օրերին ծանրանում են կարեւոր հարցեր՝ Թուրքիայից ՀՀ քաղաքացիների վերադարձը ի՞նչ ընթացք է ստանում եւ ի՞նչ արգելքներ կան այդ ճանապարհին։Այս գործի կազմակերպչական մասի պատասխանատուութիւնն իր վրայ է վերցրել գործարար Գագիկ Մուշեղեանը, ով կամաւոր կերպով հաւաքագրում է ՀՀ վերադառնալ ցանկացող հայաստանցիներին եւ կազմակերպում վերջիններիս վերադարձի գործընթացը՝ ՀՀ ԱԳՆ-ի, ինչպէս նաեւ թուրքական եւ վրացական համապատասխան մարմինների անմիջական աջակցութեամբ։ Անշուշտ, այս գործում պատրիարքարանը նոյնպէս իր աջակցութիւնն է ցուցաբերում։

Գագիկ Մուշեղեանը մեզ տեղեկացրեց, որ այս պահին ՀՀ վերադառնալու համար գրանցուել է շուրջ 150 քաղաքացի։ Փաստաթղթային խնդիրները լուծելուց անմիջապէս յետոյ՝ 10-12 օրուայ ժամանակահատուածում կը կազմակերպուի նրանց ՀՀ վերադարձը։ Մուշեղեանն անդրադարձաւ ՀՀ քաղաքացիների փաստաթղթային խնդիրներին՝ մասնաւորապէս առանձնացնելով Թուրքիայում ծնուած, բայց ծննդեան վկայական չունեցող այն երեխաների ՀՀ վերադարձի խնդիրը, որոնց ծնողների անձնագրերի վաւերականութեան ժամկէտն անցել է։-Այս շաբաթ ինձ մօտ գրանցուած քաղաքացիներին ժողովի եմ հրաւիրել, որպէսզի յստակեցնենք, թէ յատկապէս նմանօրինակ խնդիր ունեցողները քանի՞սն են եւ դրանից ելնելով՝ կը փորձենք խնդիրը ընդհանուր ներկայացնել։ Ես կապ եմ հաստատել ՀՀ ԱԳՆ-ի աշխատակից Արսէն Աւագեանի հետ, ով այդ հարցում փորձելու է լուծման ճանապարհներ գտնել,- աւելացրեց Գագիկ Մուշեղեանը։ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աւետ Ադոնցը պատասխանեց «Ակօս»ի հարցին.-Ինչպէ՞ս են կարգաւորուելու այս երեխաների եւ նրանց ծնողների վերադարձի փաստաթղթերը։- Ես կը խնդրէի այս ամբողջ փաթեթն իր բոլոր խնդիրներով՝ անուն առ անուն, հասցէ առ հասցէ, օպերատիվ կերպով ուղարկուի ՀՀ ԱԳ նախարարութեան հիւպատոսական վարչութիւն։ Ինչո՞ւ ԱԳՆ, որովհետեւ եթէ մենք ունենք դիւանագիտական յարաբերութիւններ 176 երկրի հետ, ապա Թուրքիան այն 177 է, որի հետ մենք չունենք դիւանագիտական յարաբերութիւններ։ Եւ համապատասխանաբար, եթէ չունենք դիւանագիտական յարաբերութիւններ, չունենք դեսպանութիւն՝ դիւանագիտական ներկայացուցչութիւն Թուրքիայում։

Վստահաբար անմիջապէս կը սկսենք դրանով զբաղուել, կը գտնենք այդ խնդիրներին լուծում տալու ամենաօպտիմալ ձեւաչափերը։Խնդրին նաեւ տեղեակ է Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամաւոր, քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցութեան խմբակցութեան անդամ Կարօ Փայլանը։ Մեզ մնում է հետեւել իրադարձութիւնների զարգացմանը՝ ինչպէ՞ս պէտք է լուծուի այս խնդիրը հայ-թուրքական փակ սահմանի համատեքստում՝ առանց դիւանագիտական յարաբերութիւնների։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ