ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
«Ես սգաւոր մայր չեմ, ես Դուշման Վարդանի մայրն եմ, ես հերոսի մայր եմ, որի միակ պակասը օտարի ոտքերի տակ տնքացող հողն էր»։ Սա Դուշման Վարդան Ստեփանեանի (1966-1992) մօր խօսքերն են։ Հերոսը յանգչում է Եռաբլուրում։ Ինչպէս միւս բոլոր մեր հերոսները։ Եւ որքան հպարտ չլինեն մայրերը, նրանց միակ ճամբան է՝ քայլել եւ փարուել զոհուած որդու շիրիմին։ Նրանք հոգով եւ մտքով միշտ իրենց որդիների հետ են։ Տօնում են նրանց տարեդարձներն ու տարելիցները։ Հաշւում նրանց չապրած, ընդհատուած տարիները։ Ո՛չ մի մխիթարութիւն նրանք չունեն։ Ո՛չ մի սփոփանք։ Բայց արի՛ ու տես, որ այդ որդեկորոյս մայրերին երա՛նի են տալիս մի ուրիշ մայրեր։ Անյայտ կորածների մայրերը։ Ո՞րն է նրանց ապրելու բանաձեւը։ Կայ այս անուան ներքոյ մի մատենաշար «Ապրելու բանաձեւ», որի 10 եւ 11-րդ հատորի շնորհանդէսին «Նոյեան տապան» գրախանութում Ապրիլի 9-ին ես ներկայ էի գտնուել։ Հեղինակը ձայնասփիւռի լրագրող Գոհար Մարտիկեանն էր, որը կորցրել էր իր որդուն՝ Աշոտ Չախոյեանին, դեռեւս առաջին արցախեան պատերազմում 1994-ի Յունուարի 31-ին։ Իր ապրելու բանաձեւը Գոհար Մարտիկեանը գտել էր այս գրքերը գրելու մէջ եւ արդէն 1200 կենսագրեր է ներկայացրել հանրութեանը։ Զոհուած ազատամարտիկների կեանքերն էր հաւաքում, գրելով այնպէս, որ լաց չառաջանայ, թէեւ հրապարակախօս Յովհաննէս Պապիկեանն ասաց, որ չի կարող լսել Գոհար Մարտիկեանի հաղորդաշարը (մատենաշարից զատ Գոհար Մարտիկեանն ունի հաղորդաշար ձայնասփիւռով), քանզի Թումանեանի «Գիքորի» պէս գիտի, որ հերոսը պիտի մեռնի… Հետաքրքիր ելոյթ ունեցաւ Գարեգին Գէորգեանը՝ ժուրնալիստիկայի ֆակուլտետից.
“Ես ինքս ապրիլեան պատերազմին եղել եմ Ճեպրաիլի շրջանում։ Միայն նա, ով զաւակ է կորցրել, կարող է նման գիրք գրել։ Ժուրնալիստիկայի մէջ կարեւոր է հոգեբանութիւնը։ Շատ լրագրողներ նախանձում են Գոհար Մարտիկեանին»։
Գարեգինի խորհրդով Գոհար Մարտիկեանը որոշեց գրել նաեւ ողջ հերոսների մասին։
Բայց ո՞վ է զբաղւում նրանց խնդրով, ովքեր չկան ո՛չ ողջերի մէջ,ոչ էլ զոհուածների…
Թիկունք կանգնենք թիկունք կանգնողներին
Օգոստոսի 25-ից համացանցում տարածում գտաւ Վետաթ Արըքի լուսանկարը, որտեղ հայերը ճանաչեցին Կարօ Փայլանին, այնուհետեւ Արատ Տինքին։ Եւ համացանցի «հզօր» օգտատէրերը սկսեցին կոչ անել փրկել նրանց ոստիկանների ոտնձգութիւններից.
«Պէտք է թոյլ չտալ, որ նրանց հետ կրկնուի Հրանդի ճակատագիրը։ Պէտք է ցոյցեր անել, պետական մակարդակով պաշտպանել նրանց եւ ցոյց տալ, որ Կարօի եւ Արատի թիկունքին կանգնած է Հայաստանը»։
Ո՛չ ոք չէր փորձում պարզել, թէ ի՞նչ է կատարւում։ Այդ ո՞ւմ են պաշտպանում Կարօն եւ Արատը։ Արդարութիւնն են պաշտպանում։ Տարեց կանանց են պաշտպանում։ Իսկ ինչո՞ւ են նրանց կոչում «Շաբաթուայ մայրեր»։ Կիսատ լուրը, շեշտերը փոխած լուրը դա խեղաթիւրուած լուր է։ Ճիշդն ասած ո՛չ ոք Թուրքիայից դուրս տեղեակ չէ ձախակողմեան շարժման մասին։ 2009 –ին «Ոսկէ ծիրան»ին Ալփեր Էօզճանը հանդէս եկաւ «Աշուն» ֆիլմով։ Գլխաւոր հերոսը քաղբանտարկեալ էր, որին ազատել էին, որպէսզի նա տանը մահանայ, քանզի «թոքերից բան չէր մնացել»։ Յիշում եմ, որ այն ատեն լրագրողները Ալփերին հարցրեցին, արդեօք տեղեա՞կ է նա հայոց ցեղասպանութեան մասին։ Ծիծաղելի էր։ Սակայն 1915-ից անդին մեր ուղեղները չեն աշխատում։ Մի ամբողջ դար իր զարգացումներով հայերի տեսադաշտից դուրս է մնացել։ Որ Թուրքիայում մեծ թւով մարդիկ բանտարկւում են, ենթարկւում դաժան խոշտանգումների, հալածանքների կամ…պարզապէս անյայտ կորում։ Որ Հրանդ Տինքը վտանգ էր ներկայացնում առաջին հերթին իր ձախակողմեան հայեացքների համար։ Որ նա մարդու իրաւունքների պաշտպան էր։ Մի հայ, որը դուրս էր եկել նեղ համայնքային սահմաններից եւ կարծում էր, որ ապրելով Թուրքիայում, պէտք է զբաղուել առաջին հերթին այդ երկրի խնդիրներով, որոնց հանգուցալուծումը կը հանգեցնի նաեւ ազգային խնդիրների լուծման։ Ախ, Հրա՛նդ։ Այժմ այդ շարժման մէջ է քեզ տեսնում եւ ինքնիրեն գտնում Արատ Տինքը։ Պաշտպանել անպաշտպաններին։ Մարդու բարձրագոյն տեսակ։
«Կարօտի կանչով»
Այսպէս էր կոչւում միջոցառումը,նուիրուած անյայտ կորած զինուորներին, որը տեղի ունեցաւ Յունիսի 29-ին Աբովեան քաղաքում։ Ինձ հրաւիրեց այդ միջոցառմանը Աբովեանի ուսանողական խորհրդի նախագահ Վեներա Գիւլինեանը։
Ես արդէն նստած էի դահլիճում, երբ մի խումբ կանայք ու տղամարդիկ ներս մտան ու զբաղեցրին իրենց համար յատկացրած նստատեղերը։ Նրանք խիստ տարբերւում էին միւս բոլոր ներկաներից։ Նրանք կարծես եւ կային եւ չկային։ Ինչպէս նրանց որդիները։ Ո՛չ ողջ էին, ո՛չ մեռած։ Կախուած էին երկրի եւ երկնքի միջեւ։ Մարմինը կար, բայց հոգին բանտարկուած էր մի խցում, որից ելք չկար…
Բեմի վրայ հնչում էին անուններ եւ ցուցադրւում էին երիտասարդների լուսանկարները (բոլորը դահլիճում հասկանում էին, որ քառորդ դար անց նրանք այլեւս անճանաչելի էին երեւի դարձել).
1- Սարուխանեան Գրիգոր Ռուբէնի. 1974- 20.04 1994
Այդ երկրորդ թիւը մահուան թիւը չէ, որովհետեւ նրա մարմինը ոչ ոք չէր տեսել։ Նա ընկերոջ հետ վերադարձել էր մարտի դաշտ՝ զոհուած ընկերոջ հետեւից եւ…կորել էր։
2- Արուստամեան Վազգէն Էդուարդի. 1960-1993։ Նա կորաւ, երբ ականապատում էր անում։ Ո՞ղջ է արդեօք։ Ո՛չ ոք չգիտի։
3- Մխիթարեան Ռոբերտ Իշխանի. 1968-1994
4- Լալաեան Արմէն Ժորայի. 1975-1994։ Կորել է Նորադուզի Ֆիզուլիի շրջանում։
5- Մկրտչեան Արթուր Սերոժայի։ Շրջափակման մէջ էր ընկել։ Բայց մարմինը չեն տեսել ու չեն տուել։
Եւ այդպէս շարունակ բեմից նայում էին մեր վրայ երիտասարդներ լուսանկարներից, իսկ միջոցառման ժամանակ հնչում էին երգեր եւ խոստումներ, որ նրանք ետ են գալու։ Մեզ բացակայ չդնէ՛ք։
6- Մուրադեան Նորիկ Արտաշէսի. 1965-1992։ Թեժ կռուից յետոյ նա գնացել էր իր ընկերոջ ետեւից եւ չէր վերադարձել։
7- Օհանեան Գրիգոր Սեյրանի. 1965-1994։ Կորել էր ուժեղ մարտերի ժամանակ…
Մայրերը յաճախ այցելում են բախտագուշակներին։ Վերջիններս ասում են, որ նրանց զաւակները ողջ են, բայց կորուստ ունեն։ Աստուած իմ, ի՞նչ է սա նշանակում։
- Լինո՞ւմ է, որ դուք ինչ-որ մի պահ մոռանաք,- հարցրեցի ես Մելանեա Սարուխանեանին, Գրիգոր Սարուխանեանի մօրը։
- Ո՛չ , երբ խօսում եմ, ապա այդ պահին խօսակցութեան նիւթի մասին եմ մտածում։ Իսկ լռութեան մէջ նա է գալիս։ Նա է իմ լռութեան հերոսը…
Որքա՞ն է անյայտ կորածների թիւը։ Գուցէ 800 լինի։ Դա էլ յստակ չէ։