Թուրքիայում այս անգամ էլ ոչ թուրքերեն հրատարակվող թերթերն են թիրախում

Թուրքիայում տիրող արտակարգ իրավիճակի պայմաններում հոկտեմբերի 5-ին ընդունվել է «Պաշտոնական հայտարարությունների և գովազդների, դրանք հրատարակող պարբերականների մասին կանոնակարգը», ըստ որի արգելվում է պաշտոնական հայտարարություն տեղադրել ոչ թուրքերեն հրատարակվող թերթերում։

Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Սելինա Դողանը փոքրամասնությունների լրատվամիջոցներին պաշտոնական հայտարարություններ ստանալու իրավունքից զրկող այս կանոնակարգի հարցը քննարկել է Թուրքիայի Ազային մեծ ժողովում՝ ԹԱՄԺ։ Դողանը հայտարարել է, որ նշված կանոնակարգը բացահայտորեն հակասում է և՛ Լոզանի պայմանագրի, և՛ Թուրքիայի սահմանադրության դրույթներին։ ԺՀԿ պատգամավորները պատրաստվում են դատական գործ հարուցել՝ չեղյալ հայտարարելու նշված կանոնակարգը։

ԹԱՄԺ գլխավոր խորհրդի նիստի ժամանակ ելույթ ունեցող Սելինա Դողանը հարցագիր է ներկայացրել, որին ակնկալում է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի պատասխանը։

Սելինա Դողանի հարցագիրը․

Սելինա Դողանը ԹԱՄԺ-ին գրավոր հարցագիր է ներկայացրել՝ ուղղված վարչապետ Բինալի Յըլդըրըմին։

Բինալի Յըլդըրըմին ուղղված Դողանի հարցադրումները հետևյալն են․ 

  • Նշված կանոնակարգով ոչ թուրքերեն հրատարակվող թերթերում պաշտոնական հայտարարություններն արգելելու որոշման պատճառները և իրավական հիմքերը որո՞նք են։

  • Չորս տարի է փոքրամասնությունների թերթերին իրականացվող դրամական օժանդակությունն ինչու՞ է ընդհատվել։

  • Փոքրամասնությունների թերթերի կրած վնասների փոխհատուցման համար մեղանիզմ մշակվե՞լ է։

  • Այս որոշումը մամուլը հսկողության տակ առնելու և լռեցնելու քաղաքականության շարունակությու՞նն է։