Կիլիկիացի Աբրահամ Գիւրջեանի ընտանիքը (Փաստեր, յուշեր, վկայութիւններ)

Երբ տեսնում ես, թէ ինչ է կատարւում Հալէպում, ոչ մի ուրիշ նիւթ աչքիդ չի գալիս։ Սակայն չափազանց վտանգաւոր միտում է նկատւում. մարդիկ վարժւում են ողբերգական լուրերին, ասում են «Աստուած հոգին լուսաւորէ։ Ամէն։» եւ այսքանով բաւարարւում։ Իսկ հալէպցին միսմենակ է մնում իր զոհուածի, ռմբակոծուած քաղաքի, քանդուած տան եւ յետագայ վտանգի հետ։ Ո՛չ համապատասխան կազմակերպութիւն կայ, որը պէտք է զբաղուի հայերի տարհանման եւ նոր տեղում տեղաւորման հետ, ո՛չ էլ ցանկութիւն՝ այն ստեղծել։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Երբ տեսնում ես, թէ ինչ է կատարւում Հալէպում, ոչ մի ուրիշ նիւթ աչքիդ չի գալիս։ Սակայն չափազանց վտանգաւոր միտում է նկատւում. մարդիկ վարժւում են ողբերգական լուրերին, ասում են «Աստուած հոգին լուսաւորէ։ Ամէն։» եւ այսքանով բաւարարւում։ Իսկ հալէպցին միսմենակ է մնում իր զոհուածի, ռմբակոծուած քաղաքի, քանդուած տան եւ յետագայ վտանգի հետ։ Ո՛չ համապատասխան կազմակերպութիւն կայ, որը պէտք է զբաղուի հայերի տարհանման եւ նոր տեղում տեղաւորման հետ, ո՛չ էլ ցանկութիւն՝ այն ստեղծել։

Ցեղասպանութեան 100-ամեակը ստիպեց բոլորին անխտիր անդրադառնալ ընտանիքում պահուած պատմութիւններին։ Աւա՚ղ, մեզ հասնում են արդէն փշրունքները։ Ո՞վ էր ժամանակին մտիկ անում տատիկների եւ պապիկների ապրածներին. նրանք տարան իրենց հետ այն դժողքը, որի գրկում յայտնուեցին հազիւ լոյս աշխարհ գալուն պէս։ Ուստի կարող ենք ասել, որ մենք բացի ցեղասպանութիւնից եւ ցեղասպանութեան ժխտողականութիւնից ենթարկուեցինք նաեւ ցեղասպանութեան լռութեան հենց բուն Հայաստանում։ Հայաստանի անկախացումը բերանները բացել տուեց եւ այսօր լրագրողները շարունակ թակում են ցեղասպանութիւն վերապրածների երկրորդ եւ երրորդ սերնդի ներկայացուցիչների դռները։ Ես փնտրելու կարիք չունէի, քանզի Թաշճեանների ընտանիքին մօտիկից եմ ճանաչում։

Մարիամն ու Աբրահամը

-Այս ամէնը գրելու մասին պէտք է նախ իմանալ Զէյթունը, որը կիսանկախ էր եւ այդ պատճառով ամէնաշատը կիլիկիացիները կոտորուեցին,-ասում է ինձ տիկին Լուսինէն, որը մեծ ու փոքր գրքեր է առջեւս դնում նիւթի վերաբերեալ։

Իմ հիացմունքն ու խոնարհումը Լուսինէ Թաշճեանի առջեւ չափ ու սահման չունի, նա ինքը սիրիահայութեան քայլող հանրագիտարան է եւ նրա տանը հիւրընկալուելիս ժամեր են հարկաւոր՝ երկարաշունչ զրոյցներ վարելու համար, որի արդիւնքում նոյնպէս մեծ եւ փոքր գրքեր կարող են լոյս աշխարհ գալ…

Լուսինէ Աբրահամի Գիւրջեան (Թաշչեան), ծնուած 1934-ին.

«Ծնողներս՝ Աբրահամ Յակոբի Գիւրջեան եւ Մարիամ Միքայելեան։

Մայրս իր հայրանունը չգիտի, իսկ Մարիամ իր մօր անունն էր, որն իրենը դարձաւ։ Նա 1911-ի ծնունդ էր։ Նրան գտաւ մի ծեր արաբ կին Տէր-Զօրի անապատում՝ մահացած մօր կողքին։ Միակ բանը, որ նա յիշում էր, դա մօր անունն էր եւ արաբ կինը նրան մօր անունով կոչեց՝ Մարիամ։ Կինը որդեկորոյս էր եւ պահեց աղջկան հարազատ զաւակի պէս, սակայն դաջել տուեց դէմքը, որպէսզի թագցնի Մարիամի հայ լինելը։ Յետագայում որբահաւաքով զբաղուող Փառնակ Շիշիկեանը գտաւ նրա եղբօրը, որը ճանաչեց քրոջը ոտքի վրայ տաք կաթի այրուածքի հետքով, սակայն նրանք կրկին կորցրեցին միմեանց, երբ Մարիամը տեղափոխուեց ընտանիքի հետ Հայաստան։

Հայրս ծնուել էր 1901-ին Կիլիկիոյ Վահկայ (Ֆեքա) բերդաքաղաքում։ Պապս՝ Յակոբը, մեծ գերդաստանի անդամ էր, սակայն Ատանայի ջարդերին բոլորը զոհւում են։ Յակոբը, վերադառնալով զինուորութիւնից 1896-ին ոչ ոքու չի գտնում եւ ամուսնանում է հարեւանների աղջկայ ՝Ագապիի հետ։ Ունենում են 5 զաւակ՝ 3 աղջիկ, 2 մանչ։ Ընտանիքի 7 անդամներից միայն Աբրահամն է ողջ մնում…»։

Սիրիայում

Այսպէս «չոր», առանց զգացմունքների շարադրում է տիկին Լուսինէն իր ծնողների որբացած արաբական մանկութիւնը, որից կարելի է հետեւեալ եզրակացութիւնն անել. միայն 1915-ը չէր սարսափի տարի, աւելի ճիշդ 1915-ը սկսուեց 1913-1914-ին։ Դրանք նոյնպէս աքսորի տարիներ էին։ Մի օր Աբրահամը տուն եկաւ դպրոցից եւ տեսաւ, թէ ինչպէս են երկու ասքեարներ իր հօրը շղթայակապ արած տանում։ Նա փաթաթուեց հօրը եւ նրան ոչ մի կերպ չկարողացան պոկել հօրից։ Եւ երբ անապատում գնդակահարեցին չուանով իրար կապած տղամարդկանց, վիրաւորուած Աբրահամը մնաց դիակների տակ։ Պատանուն փրկեց մի բարի արաբ՝ Քասըմ էլ Տոտին, որը տարաւ նրան Հոլ Խաթունիէ Բահրա՝ իր տուն եւ պահեց հարազատ հօր պէս։ Տղային կոչեցին Իբրահիմ էլ Քասըմ, սակայն արաբ հայրը երբեք չէր մոռանում նրա հայ լինելը եւ որոշեց ամուսնացնել հայ աղջկայ հետ, որպէսզի նա վերադառնայ իր ազգին։ Այսպէս գտան Մարիամին, նրան էլ պահեցին հարազատի պէս մինչեւ որ նա չափահաս դարձաւ։ Մի օր Աբրահամը առեւտրի համար գնում է Հասիկէ քաղաք։ Այստեղ լսում է հայերէն խօսակցութիւն։ Արաբական հագուստի մէջ թագնուած սիրտը սկսում է անսովոր բաբախել։ Երբ իմանում են, որ Աբրահամը հայ է, նրան առաջարկում են տեղափոխուել Հասիկէ-Գամիշլի ճանապարհին գտնուող հայկական երկու գիւղերից մէկը։ Լքուած գիւղերը Թել էլ Պրաքում տրամադրած էին Հալէպի հայկական ազգային խորհրդին, որը բնակեցրեց այս վայրը հայ գաղթականներով։ Հասիկէի Հայկական Բարեգործական Միութիւնը կազմակերպեց Աբրահամի տեղափոխումը իր նորաստեղծ հայ ընտանիքով Թել Էլ Պրաք, որտեղ նա ընտրուեց գիւղապետ։

Իմ հրաշալի զրուցակից Լուսինէ Թաշճեան (Գիւրջեան)-ը ծնուեց Սիրիայի Ջեզիրէ նահանգի Թել էլ Պրաք գիւղում։ «Թել» նշանակում էր սար, ինչպէս Երեւանի Կարմիր բլուրը, մենք այնտեղ խաղում էինք աւերակներում»։ Հայեցի դաստիարակութիւն ստացաւ։ Ունեւոր էին, քանզի ունեցուածքը աճում էր աշխատասիրութեան շնորհիւ։ Տանը խոհարար կար, դայեակ, ծառաներ, իսկ տնտեսութիւնը այնքան բարգաւաճ էր, որ աշխատողներ էին վարձում։ Տան ամենացանկալի հիւրը Ճտտօն էր, այսինքն Պապիկը, ինչպէս ասում էին Քասըմ էլ Տոտիին։

Հայրենադարձութիւն

1947-ին Աբրահամ Գիւրջեանը որոշում է հայրենադարձուել Սովետական Հայաստան։ 6 զաւակ ունէին Աբրահամն ու Մարիամը։ Սովետական կեանքին ներսից ծանօթ մէկն ասաց Աբրահամին, որ առնուազն 10 տարուայ սննդի պաշար պէտք է ունենալ՝ Հայաստանում գոյութիւնը պաշտպանելու համար։ Համայնավարութիւն կառուցող երկրում սիրիահայերը հասկացան, որ հենց Սիրիայում էին համայնավար սկզբունքներով ապրում. հողը հաւասար բաշխուած էր Թել էլ Պրաքում, աշխատի եւ ապրի, միայն վաճառել իրաւունք չունէիր։ Հայաստանում 200 սիրիահայ ընտանիքներ ցրեցին տարբեր մարզերում։ Գիւրջեաններին բնակեցրին Դիլիջանի Շամախեան գիւղում։ 3 անգամ Աբրահամը այցելեց երկրի ղեկավար Գրիգոր Յարութիւնեանին՝ սիրիահայերին միասին տեղաւորելու հարցով։ Մի օր էլ դեղատուն մտաւ եւ խնդրեց անգլիական աղ։ Նրան պատասխանեցին, որ արտասահմանից եկածները շատ են վարժուած արտասահմանեան դեղերին եւ դրա փոխարէն ինչ-որ դեղահատ տուեցին, առաջարկելով հենց տեղում ընդունել դեղը։ 47 տարեկան էր։ Եղեռնից մազապուրծ եղած, որբացած, արաբի կողմից փրկուած եւ հայկական ընտանիքով Հայաստան ներգաղթած այս հրաշալի հայը այդ դեղահատից մահանում է աղիքների ոլորում ախտորոշմամբ…

Շարունակելի

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ