ԲԱԽՏԻԱՐ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
Հեթանոսական շրջանի հայ թատրոնի մասին մեզ հասած ամենահաւաստի տուեալները վերաբերում են մեր թուարկութիւնից առաջ առաջին դարին։ Հայ եւ յոյն պատմիչների տուեալներով հայոց Տիգրան Երկրորդ թագաւորն այնքան էր շէնացրել ու զարգացրել Հայաստանը եւ մասնաւորապէս, իր հիմնադրած Տիգրանակերտ մայրաքաղաքը Տիգրիսի վերին ակունքներին մօտ, որ արժանացել էր Տիգրան Մեծ տիտղոսի եւ պատմութեան մէջ մնացել է նաեւ Տիգրան Մեծ անունով։ Քառասուն տարի հմտութեամբ վարելով հայոց թագաւորութիւնը, նա երկրի քաղաքական ու ռազմական ապահովութեան ու ամրապնդման հետ ուժեղ զարկ է տուել նաեւ արհեստաւորների եւ արուեստաւորների զարգացմանը՝ այդ նպատակի կենսագործման համար հազարաւոր մասնագէտներ բերելով Մերձաւոր Արեւելքի ու յունա-հռոմէական երկիրներից։
Տիգրան Մեծի նախաձեռնութիւններից մէկն էլ թատերական շէնքի կառուցումն է Տիգրանակերտում, որտեղ ներկայացումներ տալու մասին մեր պատմիչները, դժբախտաբար, լռում են, իսկ յոյն պատմիչները յայտնում, որ 69 թուականին Լուկուլլոս զօրավարը մտնելով Տիգրանակերտ, իր յաղթանակը նշել է թատրոնում։ Պատմութեան թէկուզ այսպիսի յիշատակութիւնը վկայում է, որ թատերական արուեստն այնքան զարգացած ու տարածուած է եղել Տիգրան Մեծի ժամանակի Հայաստանում, որ անհրաժեշտութիւն է զգացուել թատերական յատուկ շէնք կառուցել եւ այդտեղ անցկացնել տօնախմբութիւնները։
Որ, իսկապէս, թատերական շէնքի կառուցումը օրինաչափ երեւոյթ էեղել մեր թուականութիւնից առաջ առաջին դարում եւ ապացոյց ծառայել զարգացած թատերական արուեստի առկայութեանը, հաստատում է մի այլ տուեալ։ Խօսքը վերաբերում է Տիգրան Մեծի որդի Արտաւազդ Երկրորդ թագաւորի թատրոնին։ Արտաւազդն իր հերթին, իր աթոռանիստ մայրաքաղաք Արտաշատում կառուցել է Թատրոն, որտեղ պարբերաբար ներկայացումներ են տուել յոյն դերասանները՝ յունարէն, իբրեւ արքունիքում ընդունուած գրաւոր գործածական լեզու։ Չմոռանանք, հայերէն գրերը ստեղծուել են դրանից չորս ու կէս դար յետոյ՝ 5-րդ դարի սկզբին։
Թէեւ Մովսէս Խորենացին իր «Հայոց Պատմութեան» մէջ այնքան էլ գրականօրէն չի ներկայացնում Արտաւազդ Երկրորդին, գրեթէ մեղադրելով նրան կերուխումի նուիրուած, որովայնի ծառայ ու ստրուկ լինելու մէջ՝ առանց արժանի որեւէ քաջութիւն եւ արիութիւն ցոյց տալու, բայց հօր մահից յետոյ, հռոմէական եւ պարթեւական պետութիւնների յարձակումներից քսան տարի երկրի կառավարումն ու մշակութային վերելքի ապահովումն, այնուամենայնիւ, խօսում է յօգուտ Արտաւազդի։ Իսկ եթէ Արտաւազդը Կլոպատրայի խորամանկ հրաւէրով չգնար Եգիպտոս եւ չգլխատուէր դաւադիր Անտոնիոսի կողմից 31 թուականին, շատ հնարաւոր է, որ այսօր աւելի խօսուն արժանիքներ մնացած լինէին նրա անուան հետ կապուած։
Բայց դառնանք Արտաւազդ Երկրորդ թատրոնին, քանի որ նրա անուան հետ է կապուած հայ թատրոնի պատմութեան կարեւորագոյն օղակներից մէկը։ Ըստ մեր թուականութեան առաջին դարի յոյն պատմիչ Պլուտարքոսի վկայութեան, որ նա տալիս է յոյն-հռոմէական զօրավարների համեմատական կենսագրութեան պատմութեան մէջ, Հռոմէական զօրաւոր Մարկոս Կրասոսի նուիրած գլխում յայտնում է, որ հայոց Արտաւազդ թագաւորին ինքն էլ է դրամատուրգ եղել, գրել է ողբերգութիւններ, ճառեր, պատմութիւն, որոնք հասել են մինչեւ իր օրերը՝ առաջին դար։
Արտաւազդը ստացել է յունական կրթութիւն եւ բնականաբար, ազդուել յոյն դրամատուրգների ստեղծագործութիւններից։ Որպէս թատերասէր անձնաւորութիւն, նա իր պալատում համախմբուել է յոյն դերասանների եւ պարբերաբար ներկայացումներ տուել։ Յոյն դրամատուրգների գործերի հետ, շատ հնարաւոր է, որ բեմադրուած լինեն նաեւ Արտաւազդի ողբերգութիւնները։
Կրասոսին նուիրած գլխում Պլուտարքոսը միաժամանակ պատմում է, որ երբ հռոմեացի զօրավարը արշաւել է Պարսկաստանի վրայ, Միջագետքում, Խառանի դաշտում ուժեղ դիմադրութեան է հանդիպել թշնամու կողմից։ Հէնց այդտեղ էլ գլխատուել է փառաբանուած զօրավար Մարկոս Կրասոսը եւ պարտութեան մատնուել նրա բանակը։ Իսկ պարսից Որոդէս թագաւորը դիւանագիտական յարաբերութիւնների մէջ մտնելով հայոց Արտաւազդ թագաւորի հետ, որպէսզի վերջինիս օգնութեանը չդիմի Կրասոսը, քաղաքական նկատառումներով եկել է Հայաստան, Արտաշատ։
Երկու երկիրների ռազմական ու անտեսական դաշինքն ամրապնդելու նպատակով Որոդէսի որդի Բակուրին ամուսնացրել են Արտաւազդի քրոջ հետ։ Հարսանեկան խնջոյքից յետոյ, երկու պետութիւնների թագաւորների եւ պալատականների ու հիւրերի համար դերասանական խումբը ներկայացրել է յոյն դրամատուրգ Էվրիպիդէսի «Բաքոսուհիներ» ողբերգութիւնը։ Ներկայացման այն պահին, երբ դերասան Յազոն Տրալլացին երգելիս է եղել ողբերգութեան գործող անձերից մէկի՝ Սգավէի արկածների գործողութեան համապատասխան հատուածները՝ ներս է մտել պարսից զօրավար Սուրէնի սուրհանդակ Սիլլակեսը եւ խորը գլուխ տալով բազմութիւնը, մէջ տեղ է ձգել Կրասոսի կտրուած գլուխը՝ ի նշան պարթեւների յաղթութեան։ Տիրել է ընդհանուր ցնծութիւն։ Հնարամիտ դերասան Յազոնը տեղնուտեղը զօրավարներից մէկին տալով Պենթեւսի դիմակը, վերցրել է Կարսոսի եւ նուագակցութեան տակ երգել հետեւեալ տաղը.
«Մենք լեռներից բերում ենք տուն
Եղջիւրներն այն եղջերուի,
Որ սպաննուել հէնց նոր, հիմա,
Մեր յաջողակ որսի պահին»։
Յազոնին տրւում են նուէրներ թատերական տեսարանն աւարտւում է։
Այս տեսարանի նկարագրութեամբ Պլուտարքոսը մեզ տալիս է հաւաստի տուեալներ այն մասին, որ դեռեւս մեր թուականութիւնից առաջ, առաջին դարում, իսկ աւելի ճիշդը՝ 53 թուականին, հայոց Արտաւազդ Երկրորդ թագաւորը դրամատուրգ լինելուց բացի, ունեցել է պալատական թատրոն, որտեղ յոյն դերասանների ուժերով կազմակերպուել է ներկայացումներ։ Թէեւ Արտաշատի հնագիտական պեղումները դեռեւս շօշափելի նիւթ չեն տուել թատերական արուեստի զարգացման աստիճանի մասին, բայց վերոյիշեալ պատմագրական տուեալները համոզում եւ հիմք են տալիս խօսելու թատերական արուեստը որպէս մասսայական բնոյթ կրող արուեստներից մէկի մասին պատմական Հայաստանում։
Բայց, եթէ արքունական թատրոնն ունեցել է իրեն յատուկ շէնքը, որտեղ ներկայացումներ են տրուել պալատական հանդիսատեսների համար, ապա ժողովուրդն էլ քնած չի եղել։ Նա էլ ունեցել է իր բացօթեայ թատերական շէնքերն ու թատրոնները, իրենց հայազգի դերասաններով։