Մի ամերիկեան ֆիլմ կայ «Մեղքերի քաղաք», որտեղ ասւում է․ «Մարդկանց իշխանութիւն է տալիս սուտը, եւ որքան աւելի շատ է սուտը, այնքան աւելի մեծ իշխանութիւն ես ունենում։ Եթէ դու բոլորին ես ստիպում հաւատալ ստին, ապա դա իրօք իշխանութիւն է»։ Ստին չհաւատալով, զարմանում ես դիւրահաւատներին․ ինչ կարդում են՝ իսկոյն հաւատում են, իսկ այսօր ամենավտանգաւոր բանը դա սիրողականութիւնն է։
Ինչո՞ւ ենք անդունդի մէջ
Ամենաչսիրածս բանն է սիրողականութիւնը։ Տարիներ առաջ այդ պատճառով լքեցի երաժշտական թատրոնը։ Պատկերացրէք սիրողականութիւնը բժշկութեան մէջ․ այո՛, կեանքերի հետ է խաղում։ Սիրողականութիւնը արուեստի մէջ՝ հոգիներ է սպանում, բայց այդ հոգիները անտեղեակ են մնում։ Վերջապէս սիրողականութիւնը երկրի կառավարման մէջ․ արդէն երկիրն է կործանում։ Մեր հարեւան Թուրքիայում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում բազմաթիւ հիմնարկներ կան, ուղեղային կեդրոններ, որոնք զբաղւում են վերլուծութիւններով, մշակում պետական ռազմավարութիւն եւ այլն եւ այլ։ Եւ այդ երկրներում կայ պետական գաղափարախօսութիւն, որից իրաւունք չունի շեղուել ոչ մի օրուայ իշխանութիւն։ Իսկ մենք․․․անձ ենք ընտրում, ինչպէս հարս են ընտրում՝ հաւանում ես թէ չես հաւանում։ Եւ յետոյ այդ անձին սկսում ենք բոլոր մահացու մեղքերի մէջ մեղադրել։ Յիշենք, որ պետութիւնն եւ պետականութիւնը դա իշխանութիւնն ու կառավարութիւնը չեն։ Մինչեւ հիմա մեր պետութիւնն ու պետականութիւնը, այսօր արդէն եւ անկախութիւնը կապուած են եղել այն անձի կամայականութիւններից, ով նստել էր իշխանութեան ղեկին։ Նրանք, ովքեր բացատրում են երկրի անկումը դաշնակների կամ այլ ընդդիմադիրների առկայութեամբ, թող ի նկատի ունենան, որ ամէն ինչի համար պատասխանատու է գործող իշխանութիւնը։ Գործող, այլ ոչ թէ չգործող։
Համաձայն չեմ, որ ասում են «Մենք անդունդի եզրին ենք»։
Մենք լիարժէք անդունդի մէջ ենք։ Ուրիշ եզր չկայ։
Երգիծանկարիչների 2021-ի
Ապրիլ մէկեան ցուցահանդէսը
Ապրիլի 1-ին մի լուր էին տարածում, թէ Փաշինեանը հրաժարական է տալիս եւ չի մասնակցելու Յունիսի 20-ի ընտրութիւններին, «Իմ քայլին» յայտնել է, որ իր վրայ յոյս չդնեն։ Անշուշտ ապրիլ մէկեան կատակ էր, բայց որ ժողովուրդը հրաժարական է տուել, հումորի հետ արդէն ոչ մի աղերս չունի։ Ժողովուրդը խոր քունի մէջ է, եւ այդ է պատճառը, որ երգիծանկարիչների ապրիլմէկեան աւանդական ցուցահանդէսը անցաւ «Վեր կաց» («Wake up») խորագրի ներքոյ։ Մինչ այցելուները հիանում էին երգիծանկարներով, ժպտում, քմծիծաղում կամ լիաթոք ծիծաղում, նստարանին մի երիտասարդ էր պարկած՝ կատարելով քնած ունկնդրի դերը։ Յետոյ նա անկեղցածաւ․ «Ճիշդն ասած երբեք չեմ պատկերացրել, որ քնած կը մասնակցեմ ցուցահանդէսին ու աւելի շատ բան կ՚իմանամ կեանքից, որ մարդիկ ոտնաթաթերի վրայ կ՚անցնեն կողքովս, կը խօսեն շշուկով եւ իմ քնած ձեւանալը ժպիտ կ՚առաջացնի մարդկանց մօտ։ Պատերազմին մասնակցել եմ, խոնաւ խրամատներում քնել եմ, բայց սա ուրիշ էր.....շնորհակալութիւն պր. Թորոսեան, շատ կարծիքներ լսեցի, կարո՞ղ եմ հիմա ցուցահանդէսը նայել։ Յ.Գ. Եզակի դէպք էր, երբ յուզուեցի խօսքերից»։ Թորոսեան Սուքիասը երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահն է, որը հանդէս է գալիս Тото անուան ներքոյ։ Նրա գործերը քաղաքական ուղղուածութիւն ունեն, այսպիսով է նա արձագանգում իրադարձութիւններին, արթուն պահելով հանրութեանը։
Ցեղասպանութեան ո՞ր
փուլում ենք
1909թ. Ապրիլի 1-4 տեղի ունեցաւ Ադանայի կոտորածի առաջին փուլը։ 12-14-ին իրագործուեց Ատանայի հայերի կոտորածի երկրորդ փուլը։ Ատանայի կոտորած ասուածը վերբերում է Օսմանեան Թուրքիայի Ատանայի եւ Հալէպի վիլայեթների հայ բնակչութեան ջարդին։ Այդ ընթացքում ցեղասպանուեց 30,000 հայ։ Յետոյ կոտորածները աւելի սաստկացան եւ փուլերը աւելացան։ Այս վերջին արցախեան պատերազմը հայերի ցեղասպանութեան ո՞ր փուլն էր։ Ինչու՞ ենք ցեղասպանւում։ Որովհետեւ հակացեղասպանութեան գաղափարախօսութիւն չունենք։ Ծրագիր չունենք։ Աստծոյ վրայ ենք յոյսներս դրել։ Արտագաղթում ենք եւ տարւում ենք լաւ ապրելու մոլուցքով, չհասկանալով, որ լաւ ապրել կարելի է միայն այն դէպքում, երբ լաւ է քո ապրած երկրին՝ Մայր Հայաստանին։ Ներկայիս իշխանութիւնը պարտուողականութիւն է քարոզում, առաջարկում է «յաղթող կողմի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել» եւ հրաժարուել թշնամանքից։ Այսինքն մենք խաղաղութիւն եւ յարաբերութիւններ մուրանք որպէս պարտուող, իսկ նրանք հայ գերիներին պահեն, պահանջելով, որպէսզի մենք հրաժարուենք բանակ ունենալուց։ Այսօր իշխանութիւնը բանակն է կրճատում, աւելացնելով ոստիկանների թիւը, մենք արդէն հրապարակում բանակի երթ չենք տեսնում։ Բնակչութեան զգալի մասը կորցրել է զաւակներին, չհասկանալով, թէ ինչու՞ եւ հասկանալով, որ սա պատերազմ չէր, այլ մարդասպանութիւն։ Ոճրագործութիւն։ Իսկ այսօր Ատրպէյճանը այդ մարդասպանութեան արդիւնքների պուրակն է բացել Պաքւում, որը կարելի բնութագրել որպէս իր բարդոյթների թանգարան։ Բարդոյթն առաջացել է ատելութիւնից, իսկ ատելութիւնը՝ նախանձից։ Նախանձի պատճառն էլ այն է, որ իր հակառակորդը( ի դէպ մենք ասում ենք հակառակորդ, իսկ նրանք՝ թշնամի) աւելի տաղանդաւոր է, աւելի քաղաքակիրթ, նա երբեք չի մորթի մարդուն եւ չի ցուցադրի դա համացանցում, որպէսզի իր ցեղակիցները հիանան ալ կարմիր արիւնով, ինչպէս հիանում են ալ կարմիր մայրամուտով, եւ չի ստանայ այդ սպանութեան համար հերոսի կոչում։ Նախանձի պատճառներից մէկն էլ նահատակուած հայ երիտասարդների գեղեցկութիւնն էր․ զուր չէ, որ մենք նրանց ասում ենք լոյս տղաներ։ Նրանց մէջ կեանքի լոյսն էր ճառագում։ Արեւ կար նրանց աչքերում։ Արդեօք մոմէ՞ արձանների հեղինակ՝ քանդակագործ Ռաշիդ Մահարրամովը երբեւէ տեսել է հայ երիտասարդ զինուորին, որի գեղեցկութիւնը չի կարող մարդ արարածին անտարբեր թողնել, իսկ գուցէ տեսել է եւ հէնց այդ պատճառով է պատկերել նրանց տգեղ ու նուաստ, որովհետեւ այդ պուրակում, այդ պարտուած հայերի թանգարանում խրախուսում են երախաներին իբր սպանել, խեղդամահ անել հային։ Ահա տեսէ՛ք, թէ որքան գեղեցիկ է եղել այն սերունդը, որը զոհ գնաց այս ոճրագործ պատերազմում։